ՆԱԽԱՐԱՐԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դյուրագրգիռ է անգամ սեփական թիմակիցների քննադատության նկատմամբ: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ որոշ ժամանակ առաջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հրավիրված քննարկման ժամանակ, տիկին նախարարն իրեն ուղղված բոլոր հարցադրումների համար փորձել է արդարացումներ գտնել: Մեր զրուցակիցը նշեց, որ Ավանեսյանն արել է բան, որ տպավորություն ստեղծի, թե ինքն իր կաշվից դուրս է գալիս, անում հնարավորն ու անհնարը, բայց, դե, միայն իրենով ոչինչ չի փոխվի: «Քպ-ականների մեծ մասը կարծում է, որ եթե սեփական գերատեսչությունը նորմալ չի աշխատում, նախարարության վարչություններն ու գերատեսչությունները մեկը մյուսից անտեղյակ են, իրար չեն փոխլրացնում, ապա այդտեղ ոչ ոք մեղավոր չէ,- փոխանցեց «Ժողովուրդ» օրաթերթի իշխանամերձ աղբյուրը՝ շարունակելով։- Ի՞նչ է նշանակում Առողջապահության նախարարության այն հայտարարությունը, թե կորոնավիրուսի տարածման տեմպերը հուշում են, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Դա ոչ այլ ինչ է, քան խոստովանություն, որ վերահսկող մարմնի՝ նախարարության՝ գործառույթները թերի կատարելու հետեւանքով իրավիճակը կարող է անվերահսկելի դառնալ»: Վերոնշյալ հանդիպման ժամանակ է  Փաշինյանը հայտարարել, որ որեւէ դեպքում ընդհանուր «լոքդաուն»-ի չի գնալու երկիրը: Հասկացրել է՝ դրա համար կան կոնկրետ պատասխանատուներ, որոնց թերի աշխատանքի հետեւանքով է, որ այսօր նման պատկեր ունենք:

Եւ այս պատկերին զուգահեռ Անահիտ Ավանեսյանն իր՝ մարզային գործուղումներն ուղղաթիռով՝ Սանավիացիայով է իրականացրել:

Համեմատության համար նշենք, որ Ղազախստանի առողջապահության նախարարը ընդամենը ամիսներ առաջ պաշտոնանկ է արվել Սանավիացիայի օդանավից օգտվելու համար եւ այժմ մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Նույն սցենարը Հայաստանի պարագայում իհարկե չի գործի, քանզի իշխանությունը կադրային լուրջ խնդիր ունի: Կամ էլ Ավանեսյանը կարող է ազատվել պաշտոնից, սպասել, ու որոշ ժամանակ անց գործող իշխանությունը նրան նորից նույն պաշտոնին կնշանակի՝ ճիշտեւճիշտ նույն սցենարով, ինչպես եղավ ՀՀ Զու ԳՇ նախկին ու ներկա պետ Արտակ Դավթյանի պարագայում: Նա, հիշեցնենք, «ժանտախտի օրերին» որդուն հարսանիք անելով, օրենք էր խախտել ու այդ հիմքով ազատվել պաշտոնից, բայց պատերազմից անմիջապես հետո հետողորմյա անելով՝ ԳՇ պետի աթոռը Նիկոլ Փաշինյանը նորից Դավթյանին էր «նվիրել»:

 

 

 

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դիմում է ներկայացրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար, սակայն պատասխանը դեռ չկա. 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց նախարարը: Նկատենք՝ նախկինում, երբ կառավարության անդամները դառնում էին կուսակցականներ, այսինքն՝ անդամակցում էին Հանրապետական կուսակցությանը, դա քննադատվում էր նախկին ընդդիմության, այսինքն՝ ներկայիս իշխանությունների կողմից: Նկատենք՝ Հանրապետական կուսակցությանը համատարած անդամակցումներ սկսվեցին Կարեն Կարապետյանի՝ վարչապետ դառնալուց հետո: Այդ ժամանակ իրար հետեւից ՀՀԿ-ին անդամակցելու դիմումներ ներկայացրեցին տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Ընդ որում, հեղափոխությունից հետո նույն մարդիկ դիմում ներկայացրեցին եւ արդեն հեռացան կուսակցությունից:  Նկատենք՝ հեղափոխությունից հետո էլ արդեն ՔՊ-ին անդամակցելու համատարած դիմումներ եղան, որոնց մեջ եւս կարող են լինելու հատուկ պաշտոնի համար անդամակցածներ:

 

 

 

2021 թվականի հուլիսին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պարզել էր, որ 2016-2018թթ. դատական դեպարտամենտի ղեկավարի հրամաններով 9 աշխատակիցներ իբրեւ թե գործուղվել են ՀՀ տարբեր մարզեր: Գործուղման ծախսերի հատուցման համար ներկայացնելով տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրված գիշերակացը հավաստող փաստաթղթեր՝ նրանք ստացել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 41.934.000 ՀՀ դրամ գումար: Պարզվել է նաեւ, որ մի շարք դեպքերում համապատասխան աշխատակիցները գործուղման օրերի ժամանակահատվածում գտնվել են աշխատանքի վայրում, ինչպես նաեւ հյուրանոցային ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար ներկայացրել են այնպիսի տնտեսվարողների կողմից տրամադրված փաստաթղթեր, որոնք, ըստ ՊԵԿ տվյալների, չեն մատուցել համապատասխան ծառայություններ: Արդյունքում Քննչական կոմիտեում փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ:  «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ այս քրեական գործը փակվելու է, քանի որ Դատական դեպարտամենտի պաշտոնատար անձինք ՊՎԾ-ի, ինչպես նաեւ իրավապահների հետ «գործարքի են գնացել», թե իրենք հետ կտան թալանածը,  իրենց չպատժեն, ու, ըստ էության, համաձայնությունը բոլոր կողմերի մեջ կա, ու քրեական գործը կկարճվի:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2021 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 1 տրիլիոն 137.3 մլրդ դրամ: Այն  կազմում է 2021թ. ինն ամիսների նախապես հաստատված ցուցանիշի 109. 9 %-ը։  Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս ցուցանիշը 2019թ. ցուցանիշին գերազանցում է 5.4 %-ով կամ 58.2 մլրդ դրամով եւ 2018 թ. ցուցանիշին գերազանցում է 28.1 %-ով կամ 249.6 մլրդ դրամով: Հավելենք, որ այս ընթացքում խորհրդարանում արդեն իսկ ընթանում են 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Սպասվում է, որ 2022 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն ավելի արագ կաճեն, քան ծախսերը: Արդյունքում կկրճատվի դեֆիցիտը: Բյուջեի ծախսերի ամենախոշոր ուղղություն է ընտրված սոցիալական ոլորտը: Պլանավորված է ավելացնել նաեւ կապիտալ ծախսերը այն դեպքում, երբ ինչպես այս տարի, այնպես էլ վերջին երեք տարվա ընթացքում Կառավարությունը թերանում է կապիտալ ծախսերում՝ տուգանելով տնտեսությունը: 2022 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 946 մլրդ  դրամ, ծախսերը՝ 2 տրլն 188 մլրդ դրամ, եւ, հետեւաբար, դեֆիցիտն էլ՝ 242 մլրդ դրամ, որը հիմնականում կֆինանսավորվի ներքին աղբյուրներից՝ պետական արժեթղթերի տեղաբաշխումից գոյացող մուտքերից: Այսպես է կանխատեսել կառավարությունը 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքը:

 




Լրահոս