Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի և հայ ակադեմիկոսների:
Ակադեմիկոս Սերգեևն իր երախտագիտությունը հայտնել է Ամենայն Հայոց կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մեծ պատիվ է առաջին անգամ Հայաստան այցելության շրջանակներում լինել հայ ժողովրդի հոգևոր կենտրոնում։ Հանդիպմանն Ալեքսանդր Սերգեևը խոսել է ՀՀ ԳԱԱ-ի և ՌԳԱ-ի միջև առկա համագործակցային մթնոլորտի և ապագա հեռանկարների մասին:
Այնուհետև Ամենայն Հայոց կաթողիկոսը, ողջունելով հյուրերին, իր ուրախությունը հայտնել է, որ խորհրդային տարիներից առկա փոխգործակցության ոգին նոր շունչ և թափ է ստանում՝ նպաստելով ժամանակակից մարտահրավերների դիմագրավմանը:
Անդրադառնալով գիտության զարգացման հրամայականին՝ Նորին Սրբությունը կարևոր նկատել է երիտասարդ գիտնականների քաջալերումը գիտության ոլորտում նորանոր ձեռքբերումներ արձանագրելու համար:
Անդրադարձ կատարելով Հայ եկեղեցու և ՀՀ ԳԱԱ-ի գործակցությանը՝ Վեհափառ Հայրապետը փաստել է, որ գիտության զարգացումը մշտապես եղել է եկեղեցու ուշադրության և հովանավորության ներքո։