Ամերիկացի սենատորները մի շարք փոփոխություններ են մտցրել, որոնք ուղղված են Ադրբեջանին եւ Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն, Twitter-ում հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Սենատոր Բոբ Մենենդեսը փոփոխություն է մտցրել, որով Պետքարտուղարությունից եւ Պաշտպանության նախարարությունից պահանջվում է զեկուցել Թուրքիայի կողմից անօդաչու թռչող սարքերի արտահանման մասին՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականին Արցախի դեմ «Bayraktar» անօդաչու թռչող սարքերի օգտագործմանն ի պատասխան:
Մենենդեսը նաեւ ուղղում է ներկայացրել, որը զրկում է ԱՄՆ նախագահին Ադրբեջանին օգնության տրամադրման՝ 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները ժամանակավորապես հետաձգելու իրավունքից։
Սենատոր Ալեքս Պադիլլան փոփոխություն է ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների՝ մասնավորապես Ադրբեջանի կողմից արգելված զինամթերքի, օտարերկրյա վարձկանների եւ թուրքական անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ, որոնք ունեն ամերիկյան բաղադրիչներ։