ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Արդեն 2 տարի է, ինչ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցում (հատող Սունդուկյան փողոց) մեծ փոս է առաջացել: Մեքենաները չեն կարողանում անցնել, վախենում ենք, որ երեխաները կընկնեն այդ փոսի մեջ ու կվնասվեն:   Թաղամասի բնակիչներով բազմիցս դիմել ենք մարզպետարան, քաղաքապետարան, խնդրել, որ բարեկարգեն, բայց այդ կառույցները պատասխանել են, որ ջրագծերը փոխելու ժամանակ դա քանդել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, հենց նա էլ պիտի բարեկարգի: Պատասխաններում նշվել է, որ քաղաքապետարանը նույնիսկ դատի է տվել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին: Կխնդրեինք մի փոքր մանրամասնել, թե ինչ է արվում այս ուղղությամբ, եւ երբ պիտի վերանորոգվի: Ստեփանավան քաղաքի մի խումբ բնակիչներՊԱՏԱՍԽԱՆ. Նախ Չարենցի փողոցն ի սկզբանե միշտ էլ եղել է անմխիթար վիճակում: Բնակիչները գոմաղբ էին լցնում, որի արդյունքում խողովակները վնասվել էին, ասֆալտ էլ չկար, ու քայքայված վիճակ էր: Այդտեղ անձրեւաթափ սիստեմ էր` դրենաժային համակարգ, որը կա՛մ աշխատել է, կա՛մ էլ չի աշխատել: Երկու տարի առաջ ներդրումային ծրագրերով շինարարություն իրականացվեց, եւ այդ փողոցի ջրագիծը փոխվեց: Աշխատանքների ժամանակ դրենաժային անձրեւաթափ խողովակը վնասել են, որոշել են վերանորոգել: Բայց նշեմ, որ անձրեւաթափ խողովակների վերանորոգումը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հաշվեկշռում չէ, եւ մենք չենք սպասարկում: Որոշվել է, ճիշտն ասած, չգիտեմ` ում կողմից` քաղաքապետարանի, թե շինարարի, որ  վերանորոգվի ու չի վերանորոգվել, արդյունքում այդպես էլ մինչ օրս մնացել է: Անձրեւաթափերը համայնքային սեփականության հաշվեկշռում են եւ նրանց կողմից պիտի վերանորոգվեն: Համայնքն էլ իր պարտականություններն ունի, եւ այդ ժողովուրդն ապրում է համայնքում, եւ տվյալ  համայնքի ղեկավարը նաեւ այդ ժողովրդի առաջ է պատասխանատու: Մենք էլի պատրաստ ենք մեր տեխնիկայով, մեր աշխատանքով այդ փոսը վերականգնելու, ուղղակի նյութական արժեք, որն իմ հաշվեկշռում չէ, չեմ կարող կատարել, եւ նյութական արժեք ձեռք բերելու դեպքում ես պետք է հաշվապահական ձեւակերպում տամ: (շարունակությունը հաջորդ համարում)«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հյուսիսարեւմտյան տարածքային մասնաճյուղի ղեկավար Դավիթ Գրիգորյան «ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր պատասխան է` «Որոշվել է, ճիշտն ասած, չգիտեմ`  ում կողմից` քաղաքապետարանի, թե շինարարի, որ վերանորոգվի ու չի վերանորոգվել»: Նույնքան զավեշտալի է «Չարենցի փողոցն ի սկզբանե միշտ էլ եղել է անմխիթար վիճակում» ձեւակերպումը: Ուստիեւ սպասենք վաղը հրապարակվելիք պատասխանի շարունակությանը` պատկերացնելու համար, թե ինչ հեռանկար է սպասվում Ստեփանավան քաղաքի քարուքանդ փողոցներին:




Լրահոս