ArmLur.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել բլից-հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Նպատակը վերջիններիս նոր, ուշագրավ կողմերից բացահայտելն է, անկեղծ ու անմիջական կոնտակտ հաստատելը: Բոլորի կողմից ճանաչված դեմքերը կխոսեն իրենց ձեռքբերումների ու կորուստների մասին, կկիսվեն ինչպես մտահոգություններով, այնպես էլ երջանիկ լինելու առիթներով, կներկայացնեն հետաքրքիր մանրամասներ իրենց կյանքից: Այս անգամ մենք զրուցել ենք դերասանուհի, մոդել Ադրիանա Գալստյանի հետ:
-Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում հանրության շրջանում ճանաչվելուց հետո:
-Սկսեցի վայելել անծանոթ մարդկանց սերը, համակրանքը, հաճելի ուշադրությունը։ Ճանաչողությունը նպաստեց նաև աշխատանքային բնագավառում նորանոր հաջողություններ գրանցելու փաստին։ Գնալով ընդլայնվեց շրջապատի մարդկանց ՝ կոլեգաների, ընկերների թիվը։
-Կարիերայի հետ կապված Ձեր վախը:
-Երբևիցե չեմ ունեցել վախ կարիերայի հետ կապված։ Քանի շարունակվում է կյանքը, և ունես ամեն օր արթնանալու հնարավորությունը՝ ապրիր, ստեղծագործիր ու մի վախեցիր։
-Փողի հետ Ձեր հարաբերությունները:
-Բավականին խելամիտ։
-Վերաբերմունք, որ Ձեր հանդեպ չեք հանդուրժի:
-Ստի վրա սուտ կառուցելն ու կեղծավորությունը։
-Որտե՞ղ պետք է դրսեւորվի տղամարդու ուժը:
-Ընտանիքի ամրության մեջ։
-Կյանքը կարելի է ավարտված համարել, երբ…
-Երբ չկա հավատք ու հույս:
-Մի քանի բան, որոնց համար չեք «փոշմանի», որ կյանք եք եկել:
-Մանկությանս հրաշք տարիների համար։ Եվ հենց Ադրիանան լինելու համար։
-Սովորաբար ո՞ւմ հետ զրույցն է փարատում Ձեր հոգին, մխիթարում, բուժիչ հատկություն ունենում Ձեզ համար:
-Աստծո հետ։
–Ո՞րն է լավ ժամանակ անցկացնելու ամենաօպտիմալ տարբերակը Ձեզ համար:
-Բնությունը և էլի բնությունը…
-Ձեզ չեք ների, եթե…
-Ո՞վ եմ որ չներեմ ինձ, երբ Աստված ներում է։
-Ձեր օրը չեք պատկերացնում առանց…
-Մայրիկիս գրկելու:
-Ո՞վ կարող է դառնալ Ձեր ընկերը:
-Հոգատարը, հումորասերը, անկեղծը, հավատարիմը…
Զրուցեց Լիդա Եղիազարյանը