Ադրբեջանի հետ ուղիղ շփումների մասին հանրությունը տեղյակ է, մնացածը ուղերձների փոխանակման շփումներ են, որոնք տեղի են ունենում տարբեր խողովակներով։Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե Էրդողանը հայտարարել է, որ իր և Ալիևի միջև քննարկում է տեղի ունեցել։
«Ոչ, իհարկե, չի եղել, թերևս, ինչի մասին կարող է լինել խոսքը։ Այս ընթացքում, գիտեք, որ դիվանագիտական առաքելություններ ենք ընդունում, նաև տեղի են ունեցել հայտնի շփումներ Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների միջև, մասնավորապես, Նյու Յորքում ԱԳ նախարարները հանդիպեցին, եռակողմ աշխատանքային խումբ կա, որը պարբերաբար հանդիպումների մեջ է։ Դրանից բացի, դիվանագիտական օտարերկրյա առաքելություններ են ժամանում Երևան, Բաքու, ուղերձներ են բերում, ուղերձներ են տանում, և խոսակցություն, որպես այդպիսին, միջնորդավորված միշտ էլ տեղի է ունեցել, միշտ էլ տեղի է ունենում։ Այստեղ որևէ անակնկալներ չկան։ Ուղիղ շփումներ, որոնք տեղի են ունեցել, հանրությունը գիտի, մնացածը ուղերձների փոխանակման շփումներ են, որոնք տեղի են ունենում տարբեր խողողավկներով»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։