Նոյեմբերի 8-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Շուշի քաղաքի մերձակա խաչմերուկում ադրբեջանցի զինծառայողի կողմից կրակոցներ են արձակվել ջրատար խողովակների վերանորոգման աշխատանքներ իրականացնող՝ «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ աշխատակիցների վրա․ տեղեկացնում են ԱՀ դատախազությունից։ Կրակոցների հետևանքով մեկը տեղում մահացել է, իսկ երեք հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն: Վերջիններս վիրավորումը ստացել են կրծքավանդակի և պարանոցի հատվածում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի հանգամանքները պարզելու, իրական պատճառները բացահայտելու և իրավական գնահատական տալու համար ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբերի ու քննչական կոմիտեի քննիչների կողմից տեղում կատարվում են անհետաձգելի հետախուզական, քննչական ու դատավարական այլ գործողություններ:
Հաշվի առնելով, որ դեպքի վայրում կատարվում են քննչական գործողություններ, ուստի կարճ ժամանակով երթևեկությունն այդ հատվածում դադարեցվել է։