«ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գերազանցել է իր լիազորությունները»,- հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններին. վերջինս  ասել էր՝ ՄԻՊ-ի հայտարարությունները քաղաքական բնույթի են, մի քանի ամիս անց առաջադրելու են ՄԻՊ-ի իրենց թեկնածուին:

 

«Ընդհանրապես իրեն ո՞վ է իրավունք տվել Մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել. դա բացահայտ ոտնձգություն է Մարդու իրավունքների պաշտպանի անկախ հաստատության նկատմամբ, այն էլ՝ գործադիր իշխանության համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից։ Ես պաշտոնապես դիմել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ապահովվի Հայաստանի ՄԻՊ-ի անխափան, անկաշկանդ աշխատանքը նաեւ հետագայում»,- ասել է Թաթոյանը:Նրա խոսքով՝ այդ մարդու արարքներն ընդհանրապես անվտանգության հետ կապ չունեն. «Այդ պաշտոնատար անձն այն անձը չէ, որ ժամանակ հատկացնեի, մանրամասն անդրադառնայի իր հայտարարությանը, բայց քանի որ համակարգային խնդիր կա, հետեւողական աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով՝ վարկաբեկելու Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը, ուզում եմ անդրադառնալ մի քանի հարցի»,- ասել է նա։

Արման Թաթոյանի ներկայացմամբ՝ ԱԽ քարտուղարի հայտարարություններում երկու հիմնական թեզ կա՝ կասկածի տակ է դնում ՄԻՊ-ի անաչառությունը եւ քաղաքական հայտարարություններ է անում։ «Ընդհանրապես ծիծաղելի է, որովհետեւ դրանից 1-2 օր առաջ Վենետիկի հանձնաժողովը երբեւէ ամենաուժեղ զեկույցն է ընդունում ՀՀ ՄԻՊ-ի վերաբերյալ, ասում է՝ ՀՀ ՄԻՊ-ն առանցքային դերակատար է երկրում՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացման համար»,- նշել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը։ Ա. Թաթոյանը նաեւ հիշեցրել է, որ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին իր աշխատակազմի  հետ այցեր էր իրականացնում, անձամբ  կապի մեր էր այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր այդ ժամանակ շարժմանն էին մասնակցում, նրանք ՄԻՊ-ին անձամբ, նամակագությամբ ուղարկում էին բերման ենթարկվածերի անուն-ազգանուները, որպեսզի արագ այցելեին. «Այդ ժամանակ անաչառ էի հա՞, հիմա արդեն դադարե՞լ եմ անաչառ լինել»: Վերջինիս խոսքով՝ 2018թ., երբ Արմեն Գրիգորյանին ձերբալակել էին, այցելել էր նրան, նամակ էր գրել Գլխավոր դատախազություն, պահանջել իրավունքների խախտումների ուղղությամբ քննություն իրականացել։ «Ամենամեծ հանրահավաքների ժամանակ ՄԻՊ-ին եւ աշխատակազմին անաչառ աշխատանքի համար շնորհակալություն էին հայտնում առաջնորդները, ինչի համար իրենց շնորհակալ եմ եւ հպարտ եմ այդ մեր աշխատանքի համար։ Այդ ժամանակ, քանի որ իր իրավունքների համար էի աշխատում, ես շատ անաչառ էի, իսկ հիմա, երբ պաշտոնյա են դարձել, փոխվել է ամեն ինչ, դադարեցի՞ լինել անաչառ»,-ասել է  նա:

«Սահմանային հարցերը մարդու իարվունքներից կտրված  չի կարելի դիտարկել: Պետք չէ տանել ռազմաքաղաքական տանիքի տակ  մտցնել: Այդպես մենք մեր երկիրը դարձնում ենք աշխարհաքաղաքական խաղերի զոհը: Պարզ չէ՞, որ Ադրբեջանի համար  սա ամենագերձեռնտու մոտեցումն է՝ Մարդու իրավունքներից կտրել  ու տանել ամեն ինչ ռազմաքաղաքականի դաշտ»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ մարդիկ միլիոնների վարկեր են վերցրել, անասուն են առել, հիմա ադրբեջանցիները գողանում են, ապա հարցադրում արեց՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը գնացել, տեսել է արդյոք մարդկանց վիճակը: «Ադքան զեկույցներ եմ ներկայացրել, հատուկ շեշտել՝ ադրբեջանցիներն են եկել, մտել, կողքից հերքումներ են անում, առանձին քաղաքական հանձնարարական տալիս տեղական ինքնակառավարման  մարմններին, որ ասեն՝ չի եղել նման բան: Դա մեզ պետք է, որ հատուցումներ ապահովենք, միաջզգային կառույցներում մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանենք, չէ՞: Ահազանգ ունենք. մարդն ասում է՝  Տեղ համայնքում 6  միլիոնից  ավելի վնաս է կրել, վարկային կազմակերպությունը շարունակ պահանջում է  վարկերը վճարել, չի կարողանում վարկերը  վճարել, վարկային կազմակերպությունը դատի է տվել: Բա դա Անվտանգության խորհրդի քարտուղարին հուզող հարց չէ՞, մարդու իրավունքների պաշտպանության խնդիր այստեղ չկա՞: Հեշտ է ամեն ինչն ասել՝ քաղաքական, քաղաքական, ու բոլոր հարցերը մոռանալ»,- ասել է Արման Թաթոյանը: Նա ընդգծել է, որ որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ շարունակելու  է իր բացառիկ իրավապաշտպան աշխատանքը:

Ն. Պ.

 

 

 

ԸՆԴԵՐՔԻ ԱՊՕՐԻՆԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների համակարգված օպերատիվ-հետախուզական աշխատանքի արդյունքներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը, խախտելով հողերի եւ ընդերքի օգտագործման, օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ մի շարք իրավական ակտերի պահանջները, 2021 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում Արմավիրի մարզի Արեւիկ համայնքի տարածքում, առանց ընդերքօգտագործման համապատասխան լիցենզիայի եւ այլ փաստաթղթերի, իրականացրել է ընդերքի ապօրինի արդյունահանում, ինչի արդյունքում ապօրինի արդյունահանվել է շուրջ 100.000մ3 ավազակոպճային խառնուրդ: Իրականացված ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում պետությանը չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 152.560.000 ՀՀ դրամի տարբեր հարկեր եւ այլ պարտադիր վճարներ: Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՃ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը նշել է, որ 2022-ին կոմիտեի համար նախատեսվել է 8մլրդ 340մլն դրամ: Կիրականացվի մեկ ծրագիր՝ 5 միջոցառում: Նշվել է, որ «Քննչական ծառայություններ» ծրագրի նպատակն է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կոմիտեի իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպումը, ՀՀ գլխավոր դատախազի կողմից քննչական այլ մարմինների վարույթից ՀՀ քննչական կոմիտեի վարույթ հանձնված քրեական գործերով նախաքննության իրականացումը, քննված քրեական գործերով հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների պարզումը եւ դրանք վերացնելուն ու կանխելուն ուղղված միջոցների ձեռնարկելու նպատակով համապատասխան մարմիններին միջնորդագրերի ներկայացնելը, հանցագործությունների քննության մեթոդիկայի ուսումնասիրությունն ու քննության դրական փորձի ներդրումը քննչական պրակտիկայում:

Արսեն Այվազյանը նաեւ տեղեկացրել է, որ վերջին տարիներին գրանցվել է քրեական գործերի աճ: 2021 թվականի ինն ամիսների տվյալներով՝ քրեական գործերի թիվը 32,808 է:

 

 

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ Է ՄԱՀԱՑԵԼ

Բոլոր քրեակատարողական հիմնարկներում COVID-19-ի հայտնաբերման համար նմուշառում է իրականացվել։ «Գորիս», «Արմավիր» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում պահվող դրական ախտորոշում ունեցող անձինք հսկողության համար տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոցի»` նախապես առանձնացված բաժանմունք։ Քրեակատարողական ծառայությունից հայտնել են, որ ներկայում ՔԿՀ-ներում պահվող, դրական ախտորոշում ունեցող 49 անձ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմարկում` բժիշկների հսկողության ներքո։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Սբ. Գր. Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում երեկ գրանցվել է «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ, 1980 թվականին ծնված Գ?Կ-ի կենսաբանական մահը։ Դատապարտյալի մոտ հոկտեմբերի 31-ին ախտորոշվել էր COVID-19, հաջորդ օրը՝ նոյեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, նույն օրը` ժամը 17։45-ին՝ «Սբ. Գր? Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոց։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 

 

ԱՎՏՈՎԹԱՐ

Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Խաչիկ Սարգսյանը իր վարած իԼխ մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի ավտոճաապարհի 20-րդ կմ հատվածում դեպի Գյումրի ընթանալիս ավտոմեքենայի անսարքության պատճառով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին եւ մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել: Վթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

 

 

ՆՈՐ ԴԱՏԱՐԱՆ

Բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտի ղեկավար Խաչիկ Ղազարյանի խոսքով՝ ԲԴԽ-ն եւ ՀՀ դատարաններն իրականացնում են «Դատական իշխանության գործունեության ապահովում եւ իրականացում» ծրագիրը: Գալիք տարվա համար կառույցին նախատեսված է հատկացնել 14 մլրդ 341մլն 250 հազ. դրամ, մինչդեռ ԲԴԽ-ն ներկայացրել է 14 մլրդ 237 մլն 497 հազ. դրամի հայտ: Զեկուցողի խոսքով՝ թվում է, թե հատկացվելիք գումարը մոտ 103 մլն դրամով ավելացել է, սակայն դա այդպես չէ, քանի որ այն նվազել է մոտ 628 մլն դրամով: Ավելացել են 2 միջոցառումներ, որոնց իրականացման համար անհրաժեշտ է մոտ 718 մլն դրամ: Այս գումարի հայտը ԲԴԽ-ն դեռեւս չի ներկայացրել: «Հավանաբար օրերս հայտը կներկայացնենք»,-նշել է Խաչիկ Ղազարյանը՝ հավելելով, որ դա կապված է օրենքի փոփոխությամբ նոր դատարանի ստեղծման հետ:

Դատական ոլորտի աշխատանքները ներկայացնելով՝ Խաչիկ Ղազարյանը հայտնել է, որ 2021-ին, համաձայն Դատական օրենսգրքի, 30-ով ավելացել է դատավորների թիվը, 2022-ին նրանց թիվը կավելանա եւս 29-ով:




Լրահոս