152 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արմավիրի մարզում ավազի արդյունահանմամբ զբաղվող ընկերության կողմից պետությանը չի վճարվել 152 մլն 560 հազար դրամի տարբեր հարկեր եւ այլ պարտադիր վճարներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը: 

 

Պարզվել է, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը այս տարվա հունիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի տարածքում իրականացրել է ընդերքի ապօրինի արդյունահանում, ինչի արդյունքում ապօրինի արդյունահանվել է շուրջ 100.000մ3 ավազակոպճային խառնուրդ: Հարուցվել է քրեական գործ: Սակայն ArmLur.am-ին Արեւիկի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը հայտնեց, որ իր ղեկավարած համայնքի վարչական տարածքում որեւէ ընկերություն ավազի արդյունահանմամբ չի զբաղվում, ապա խորհուրդ տվեց հետաքրքրվել Եղեգնուտի գյուղապետ Ռազմիկ Մարգարյանից՝ նշելով, որ այնտեղ գտնվում է ավազի արդյունահանմամբ զբաղվող երկու ընկերություն:  Խոսքը «Ավազ պլյուս» եւ «Արգավազշին» ընկերությունների մասին է:  Բայց միաժամանակ Արեւիկի գյուղապետը ArmLur.am-ի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ ավազ արդյունահանող ընկերությունների գործունեության հետեւանքով իրենց գյուղում գործող մասնավոր ձկնաբուծարան է տուժել: «Այդ մարդկանց ձկները սատկում են, միլիոնների հասնող վնաս են կրում, ամբողջ ջուրն օգտագործվել է, ձկներին ջուր չի մնացել: Խնդրել են, որ գան, ցեխը մաքրեն, գոնե մինչեւ գարուն ձկները մնան ջրի մեջ»,-պարզաբանեց Արեւիկի գյուղապետը:  Արեւիկի գյուղապետի հետ զրույցից հետո կապ հաստատեցինք նաեւ Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի հետ: Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ Եղեգնուտ համայնքն առաջին անգամ չէ, որ ավազի արդյունահանման հետ կապված հայտնվում է նման պատմության մեջ: Կհիշեք՝ թավշյա հեղափոխությունից հետո բացահայտվեց, որ Եղեգնուտում երկու ընկերություն՝ «Ավազ պլյուս»-ը եւ «Արգավազշին»-ը ավազի տեսակավորումներն ու կուտակումները կատարել էին իրենց տարածքների գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա, ինչը մարզպետարանի աշխատակիցները գնահատել էին որպես հողօգտագործման նպատակային նշանակության ապօրինի փոփոխություն: Դրանով խախտվել էր Հողային օրենսգրքի պահանջները: Ավելին՝ մարզպետարանի կողմից Եղեգնուտում իրականացվել էր իրավական եւ մասնագիտական հսկողություն, ուսումնասիրվել էին համայնքապետարանի 2015-2018թթ. իրավական ակտերը, եւ բացահայտվել էին մի շարք թերություններ: Պարզվել էր, որ գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի կողմից Հողային օրենսգրքով նախատեսված վերահսկողության դրույթները ոչ պատշաճ իրականացնելու արդյունքում «Ավազ պլյուս»-ի եւ «Արգավազշին» ընկերությունների՝ ավազի արտադրամասերի նպատակային նշանակությունը չփոխելու պատճառով համայնքային բյուջե չէր վճարվել մոտ 25 մլն դրամ: Եղեգնուտի գյուղապետ Ռազմիկ Մարգարյանին հիշեցրինք 2018 թվականին արված բացահայտումները, ինչին ի պատասխան՝ գյուղապետն ասաց. «Այդ բոլորն ուսումնասիրված է, պարզված է, որ նման բան գոյություն չունի: Իմ մոտից ավազ ոչ մեկ չի արդյունահանել: Նախ՝ ավազ չկա իմ մոտ, որ արդյունահանվի… Եկեք, ինքներդ համոզվեք, որ չկա: Կլյաուզա են, հերթական, շարունակական քրեական գործ էր հարուցվել, ուսումնասիրվել, գնացել հասել էր աշխարհից աշխարհ, փորձագետներով, դա իմ ասելով չէ: Երկու ընկերություններն աշխատում են, իրենց աշխատանքի տեղը կա, գոյություն ունի, իրենցից հետաքրքրվեք, իմ վարչական տարածքում չէ: Ես չեմ իմանում, թե ում տարածքում է: Եթե իմ տարածքում լինի, որեւիցե մի մեխանիզմ լինի ավազ արդյունահանող, ես գլխով պատասխան կտամ: Իմ մոտից արդեն 20 տարի ավազ չի արդյունահանվել: Արտադրությունը կազմակերպվում է արդյունաբերական տարածքի վրա, իսկ արդյունահանումը կատարվում է այլ բնակավայրերում, Եղեգնուտում չէ»:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել նաեւ նշված երկու ընկերությունների հետ, սակայն որեւէ հեռախոսահամար համացանցում առկա չէ: Ավելին, ուսումնասիրության ընթացքում պարզ դարձավ, որ «Արգավազշին»-ը սնանկ է ճանաչվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արտահերթ զեկույց է պատրաստել Ադրբեջանի հետ շփման բոլոր տարածքներում անվտանգության գոտու անհրաժեշտության վերաբերյալ։

«Այցեր է կատարվել Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային բնակավայրեր, մեկ տարի շարունակ անդադար մոնիթորինգ է իրականացվել Սյունիքում եւ Գեղարքունիքում։ Զեկույցում փաստերով ցույց են տրվել վտանգները, բերված են օբյեկտիվ ապացույցներ», – այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Զեկույցն ամբողջությամբ հիմնված է բաց աղբյուրների վրա, որեւէ կերպ զեկույցում չի ցուցադրվում Հայաստանում տեղակայումները, դիրքերը: Ավելին, այս զեկույցի աշխատանքները եւս մեկ անգամ հիմք տվեցին համոզվելու, որ Հայաստանի սահմանապահ զորքերի, ԶՈՒ ծառայողները իրականացնում են հերոսական ծառայություն՝ ունենալով բացառիկ առաքելություն՝ պաշտպանելու ՀՀ բնակիչների կյանքը, խաղաղ գոյակցության եւ մնացած բոլոր կենսական իրավունքները»,-ասել է  նա:

Թաթոյանն ասել է, թե փաստերով հիմնավորել են ադրբեջանական հանցավոր ահաբեկչական արարքները: «Ցույց ենք տվել կապը ադրբեջանական իշխանությունների քաղաքականության եւ շարունակվող խախտումների միջեւ։ Հիմնավորել ենք, որ անհրաժեշտ է անվտանգության գոտին։ Ադրբեջանական դրոշները, զինվորականները, տարբեր սարքավորումները, տեսախցիկները պետք է հեռացվեն մեր գյուղերի անմիջական հարեւանությունից եւ մեր համայնքներն իրար կապող ճանապարհներից։ Առանց դրա չի կարող լինել իրավունքների վերականգնում»,-հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ հավելելով, որ հայկական կողմը չպետք է հետ քաշվի, նրանք պետք է հեռանան, որովհետեւ զեկույցում ցույց է տրված, որ նրանց տեղակայումներն անօրինական են բոլորը, առանց բացառության:

Նա ընդգծել է, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի բացակայության պայմաններում հիմք չեն ընդունվել ոչ մի միջազգային չափանիշ. «Ես կցուցադրեմ, որ խորհրդային ժամանակներից մարդկանց պատկանող հողերի վրա այսօր ֆիզիկապես ներկա են Ադրբեջանի զինված ուժերը: Մենք հիմնավորել ենք, որ սահմանների դելիմիտացիան եւ դեմարկացիան չի կարող համարվել լեգիտիմ, եթե չի ապահովում մարդու իրավունքները, չի համապատասխանում ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության կանոներին եւ չի ապահովում մարդկանց բնականոն կյանքը»,- ասել է Թաթոյանը:

 

 

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ  ՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ

Ներկայումս ընթանում են Այրում խոշոր համայնքի Այրում քաղաքի Աբովյան փողոցի, Բագրատաշեն, Հաղթանակ, Պտղավան գյուղերի համայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները։ Այդ աշխատանքների համար ընդհանուր առմամբ նախատեսված է 95 միլիոն դրամ։ Հիմնանորոգման աշխատանքների կապալառուներն են  «Վեհ Իշխանասար»,  «Լեւոն Երկրորդ»  եւ «ՄՄԼ» ՍՊԸ-ները։ Աշխատանքները կատարվում են սուբվենցիոն ծրագրով՝ Այրում համայնքի բյուջեի եւ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ։

 

 

68 ՄԼՆ ԴՐԱՄ ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը, վարչապետ Ն. Փաշինյանի որոշմամբ, 2019թ. սեպտեմբերի 12-ին նշանակվել է Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 2021թ. ապրիլի 8-ին՝ Տավուշի մարզպետ։ «Ժողովուրդ» օրաթերթը մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում էր ուղարկել, թե 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսները ներառյալ պետական բյուջեից որքան պարգեւավճար են ստացել Տավուշի մարզպետարանի աշխատողները եւ ինքը՝ որպես մարզպետ։ Տավուշի մարզպետարանից ստացված գրավոր պատասխանում ասված  է. «ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակիցները 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ստացել են 68024.8 հազար դրամ պարգեւավճար։ Մարզպետները համարվում են եկամուտների հայտարարատու պաշտոնատար անձինք, որոնց վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը կարող եք ստանալ վերջիններիս կողմից ներկայացված հրապարակային հայտարարագրերում»:

 

 

9 ԱՄԻՍ ՆԻՍՏԵՐ ՉԵՆ ԿԱՅԱՑԵԼ

2021թ. հոկտեմբերի 17-ին կայացել են Դիլիջան խոշոր համայնքի ավագանու համամասնական կարգով ընտրություններ։ Այդ ընտրություններից գրեթե 20 օր է անցել, սակայն 2021թ. փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Դավիթ Սարգսյանը դեռեւս  ավագանու նիստ չի նշանակել: Հենց այդ նիստը պետք է ընտրի Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար։ Դիլիջան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը լրացել է 2021թ. փետրվարի 26-ին, այդ օրը կայացել է  Դիլիջան խոշոր համայնքի ավագանու վերջին նիստը։ ՏԻՄ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է ավագանու նիստի օրակարգի նախագիծը` նշելով նիստի անցկացման վայրը եւ ժամանակը, հրապարակումն իրականացվում է համայնքներում համայնքի ավագանու նստավայրում դրանք փակցնելու միջոցով, ինչպես նաեւ համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերում, 3000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքներում այդ տեղեկությունը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով կամ համացանցային ցանցի, այդ թվում` համայնքի պաշտոնական համացանցային կայքի միջոցով: Ներկայումս Դիլիջան համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստի մասին հայտարարություն չի արվել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս