ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա փետրվարի 11-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն եւ կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը:

Ծրագրով առաջարկվել է գարնանացան ցորենի, գարնանացան գարու, վարսակի, հաճարի, լոբու, ոսպի, ոլոռի, սիսեռի, առվույտի եւ կորնգանի էլիտա եւ /կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Կառավարությունը սուբսիդավորել է սերմի գնի 50%-ը, իսկ սահմանամերձ շրջաններում՝ 70%-ը։ Արդյունքում տնտեսվարողներն ունեցել են ավելի ցածր գնով հավաստագրված սերմ ձեռք բերելու եւ ցանք կատարելու հնարավորություն։
Ծրագրից կարող էին օգտվել Հայաստանի բոլոր մարզերում 1.0-20?0 հա մակերեսով հացահատիկային եւ կերային մշակաբույսերի, ինչպես նաեւ 0.5-20.0 հա հատիկաընդեղենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները՝ պայմանով, որ նույն տնտեսավարողի կողմից մշակվող ցանքատարածությունների մակերեսների հանրագումարը չպետք է գերազանցի 20?0 հա-ը։ Ընդ որում, տնտեսվարողները սերմը կարող էին ձեռք բերել միայն այն մատակարարներից, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում։ Նախարարությանը դիմած 18 մատակարար կազմակերպությունների հետ, որոնք նախապես ներկայացրել են անհրաժեշտ փաստաթղթերը, մշակաբույսերի սորտերը եւ քանակները, կնքվել են սուբսիդավորման կամ փոխհատուցման պայմանագրեր։ Սերմերի վաճառքն իրականացվել է ընթացիկ տարվա մարտ-հունիս ամիսներին՝ շահառուի եւ մատակարարի միջեւ կնքված պայմանագրերով։ Հացահատիկային եւ կերային մշակաբույսերի դեպքում սերմերի ցանքն իրականացվել է մինչեւ հունիսի 1-ը, հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմերի ցանքը՝ մինչեւ հունիսի 10-ը։ Ծրագրից օգտվել է 3710 շահառու։ Ծրագիրն իրականացվել է Հայաստանի բոլոր մարզերում։ Ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում նախարարության կողմից տնտեսվարողներին տրամադրվել է մշակաբույսերի մշակության, ցանքաշրջանառության կիրառման եւ սերմերի ախտահանման վերաբերյալ անվճար խորհրդատվություն։ Պետության կողմից գումարները տրամադրվել են միայն վաճառված սերմերի դիմաց սուբսիդիա կամ փոխհատուցում ստանալու նպատակով մատակարարների եւ շահառուների կողմից նախարարություն ներկայացված դիմումների եւ կից փաստաթղթերի (սերմերի հավաստագրերի պատճեններ, ներմուծումը հավաստող փաստաթղթեր, տեղեկատվություն վաճառված սերմերի, ցանված մշակաբույսերի սորտերի սերմերի, քանակի վերաբերյալ եւ այլն) ուսումնասիրությունից հետո։ Ծրագրի շահառուներին վաճառվել է 1374.2 տոննա գարնանացան գարու սերմ, ցանք է իրականացվել շուրջ 7515 հա հողատարածքում, պետության կողմից սուբսիդավորման գումարը կազմել է 206.3 մլն ՀՀ դրամ; 514.3 տոննա կորնգանի սերմ, ցանք է իրականացվել շուրջ 5734 հեկտար հողատարածքում, պետության կողմից սուբսիդավորման գումարը կազմել է 190.3 մլն ՀՀ դրամ; 262.3 տոննա վարսակի սերմ, ցանք է իրականացվել շուրջ 1625 հա հողատարածքում, պետության կողմից սուբսիդավորման գումարը կազմել է 37.2 մլն ՀՀ դրամ; 130.1 տոննա գարնանացան ցորենի սերմ, ցանք է իրականացվել շուրջ 671 հա հողատարածքում, պետության կողմից սուբսիդավորման գումարը կազմել է 22.8 մլն ՀՀ դրամ; 70 տոննա ոլոռի սերմ, ցանք է իրականացվել շուրջ 165 հեկտար հողատարածքում, պետության կողմից սուբսիդավորման գումարը կազմել է 22.8 մլն ՀՀ դրամ; 2 տոննա առվույտի սերմ, ցանք է իրականացվել շուրջ 81 հա հողատարածքում, պետության կողմից սուբսիդավորման գումարը կազմել է 2.6 մլն ՀՀ դրամ; 0.14 տոննա սիսեռի սերմ, ցանք է իրականացվել 1 հա հողատարածքում, պետության կողմից սուբսիդավորման գումարը կազմել է 60000 ՀՀ դրամ; 1.5 տոննա ոսպի սերմ, ցանք է իրականացվել 10 հեկտար հողատարածքում, պետության կողմից սուբսիդավորման գումարը կազմել է 0.62 մլն ՀՀ դրամ:
Ն. Պ.

 

 

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՆ Է
«Կարծում եմ` այժմ Հայաստանում ներդրումներ կատարելու շատ հարմար պահ է». «Սիմբիոտիքս» ընկերության շուկաների դեպարտամենտի ղեկավար Վինսենտ Լեհներ: Վերջին մեկ տարում «Ամերիաբանկ»-ը եւ «Սիմբիոտիքս»-ը երկու ստորադաս վարկային պայմանագիր են կնքել, որոնց ներքո տրամադրվող ֆինանսական միջոցներն ուղղվելու են հայաստանյան ձեռնարկությունների, առաջին հերթին` փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցությանը: «Ամերիաբանկ»-ը հյուրընկալել էր «Սիմբիոտիքս» ընկերության շուկաների դեպարտամենտի ղեկավար Վինսենտ Լեհներին. «Կարծում եմ` այժմ Հայաստանում ներդրումներ կատարելու շատ հարմար պահ է. Հայաստանը շատ լավ հիմք է մեզ եւ մեր բիզնեսը զարգացնելու համար: Մենք ներդրումներ ենք կատարում՝ հանուն ապագայի. հանուն բանկի, երկրի, ինչպես նաեւ մեր ընկերության` «Սիմբիոտիքս»-ի ապագայի: «Ամերիա»-ն հիանալի գործընկեր է: Մեր համագործակցությունն իսկապես ապացուցում է, որ մենք նույն ուղղությամբ ենք շարժվում, նույն նպատակներն ենք հետապնդում, միասին կարող ենք հասնել ցանկալի արդյունքների եւ աջակցել ձեռնարկություններին»: Իմացե՛ք ավելին Հայաստանում «Ամերիաբանկ»-«Սիմբիոտիքս» ռազմավարական համագործակցության մասին:

 

 

2045 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում նոյեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 2045 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 312674 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2133721, վերջին մեկ օրում` 13184 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 31263 պացիենտ. մեկ օրում ավելացել է 712-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 273608 անձ, վերջին մեկ օրում՝ 1276 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 50 քաղաքացի, մահացածների թիվը 6491 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1312 է:

 

 

ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՆԵՐԿՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է
«Ռոսպոտրեբնադզոր»-ը դադարեցրել է կիտրոնի ներկրումը Թուրքիայից՝ դրանցում քլորպիրիֆոս թունաքիմիկատի թույլատրելի մակարդակի գերազանցման համար։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։ Նշվում է, որ բնակչության մոտ սննդային թունավորումներ թույլ չտալու նպատակով նոյեմբերի 3-ից դադարեցվում է կիտրոնի ներկրումը ՌԴ։ «Ռոսպոտրեբնադզոր»-ում ընդգծել են, որ իրավիճակը գտնվում է գերատեսչության խիստ վերահսկողության տակ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ից դադարեցվել էր նաեւ թուրքական մանդարինների ներկրումը։ Դրանցում նույնպես հայտնաբերվել էր թունաքիմիկատների՝ թույլատրելիից բարձր մակարդակ։

 

 

6Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում ավելի քան 3 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է ավելի քան 50 հազար մարդ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ նոր վարակների թիվը յոթ օրում աճել է 3 տոկոսով, իսկ մահերինը՝ 8 տոկոսով։ «Հոկտեմբերի 25-31 շաբաթվա ընթացքում աշխարհում նոր դեպքերի [վարակի] թիվը, նախորդ շաբաթվա համեմատ, ավելացել է 3 տոկոսով։ Գրանցվել է ընդհանուր ավելի քան 3 միլիոն դեպք»,- ասվում է ԱՀԿ համաճարակային տեղեկագրում։ Ընդգծվում է, որ շաբաթվա ընթացքում մահացությունների թիվն աճել է 8 տոկոսով՝ գերազանցելով 50 հազարը։

Նոր վարակների գրեթե 60 տոկոսը բաժին է ընկնում Եվրոպային։ Յոթ օրվա ընթացքում այնտեղ գրանցվել է հիվանդացության 6 տոկոս աճ, Ամերիկայի երկրներում՝ 3 տոկոսով, Արեւմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 2 տոկոսով։ Ընդ որում, դրա զգալի նվազում է գրանցվել Արեւելյան Միջերկրական ծովում (12 տոկոսով), Հարավարեւելյան Ասիայում (9 տոկոսով) եւ Աֆրիկայում (9 տոկոսով)։ Մահացության ամենամեծ աճը գրանցվել է Հարավարեւելյան Ասիայում (50 տոկոսով)։ Մահացությունների թիվը, նախորդ յոթ օրերի համեմատ, աճել է նաեւ Եվրոպայում (12 տոկոս) եւ Արեւմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (10 տոկոս), մինչդեռ մնացած շրջաններում մահացությունը նվազել է:
Տեղեկագրում բերված տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 25-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում աշխարհում գրանցվել է 3 021 634 վարակման եւ 50 477 մահվան դեպք։ Միացյալ Նահանգները հայտնել են շաբաթվա ընթացքում վարակվածների ամենամեծ թվի մասին (528.455): Դրանց հաջորդում են Մեծ Բրիտանիան (285.028), Ռուսաստանը (272.147), Թուրքիան (182.027) եւ Ուկրաինան (152.897): ԱՀԿ-ն նշում է, որ «դելտա» շտամը, որը շարունակում է գերակշռել, հայտնաբերվել է վերջին 60 օրվա ընթացքում կատարված անալիզների 99.5 տոկոսում։ Այն «շատ երկրներում գերազանցել է այլ տարբերակները, այդ թվում` նրանք, որոնք որպես մտահոգիչ տարբերակներ են ճանաչվել»: Վերջիններս ներառում են նաեւ «ալֆա», «բետա» եւ «գամմա» շտամները։
ԱՀԿ-ի տվյալներով` նոյեմբերի 2-ի դրությամբ համավարակի սկզբից աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 246.951.274 դեպք եւ 5.004.855 մահվան դեպք։ Վարակվածների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 347 703-ով, մահերինը՝ 5 981-ով։




Լրահոս