ՊԱՏՎԱՍՏՎԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ ԳԱՂՏՆԻ Է ՊԱՀՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ զինված ուժերի զինծառայողների պատվաստումային գործընթացն ընթանում է՝ ՀՀ առողջապահության եւ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արձակած հրամանների, հրահանգների եւ մեթոդական ուղեցույցների պահանջների համաձայն: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են Պաշտպանության նախարարությունից՝ մեր այն հարցին ի պատասխան, թե վերջին շրջանում զինվորականների շրջանում ինչ քանակի պատվաստումներ են իրականացվել:

Նախարարությունը, սակայն, չի հստակեցրել, թե ժամկետային, պայմանագրային ու սպայական անձնակազմի զինծառայողների քանի տոկոսն է պատվաստվել, այսինքն՝ զերծ է մնացել թվեր տրամադրելուց ու հրապարակելուց: «Ներկա պահին կորոնավիրուսային հիվանդության տարածման եւ կանխարգելման նպատակով մեծ թվով զինծառայողներ պատվաստվել են (հստակ թիվը չի նշվում՝ հաշվի առնելով տեղեկատվության գաղտնիությունը)»,- ասված է ՊՆ պաշտոնական գրության մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկություններով՝ հատկապես հոկտեմբեր ամսվա երկրորդ կեսին՝ Առողջապահության նախարարության հորդոր-հրահանգից հետո, պաշտպանական գերատեսչությունը հանձն է առել մեծ զինվորականների շրջանում մեծ թվով պատավաստումներ իրականացնել՝ պատվաստումային պատկերը որոշակիորեն փոխելու համար: Այլ կերպ ասած՝ որպեսզի պատվաստման թվերը խայտառակ ցածր չլինեն, պետական գերատեսչությունները լծվել են դա պարտադրանքի լեզվով տարածելու պետծառայողների, այդ թվում՝ զինվորականների վրա:

 

«Մենք աջակցում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու գաղափարին։ Իհարկե, մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը այս ծրագրերը գործնական հարթության վերածելու համար»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ այն համապատասխանում է բոլորի շահերին։ Նկատենք՝ այս գաղափարին առայժմ դեմ է արտահայտվում միայն Վրաստանը, սակայն Մոսկվան ու Անկարան վստահ են, որ Թբիլիսին ի վերջո կհամաձայնի դրան։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին եւս մեկ անգամ հստակ ներկայացրեց Վրաստանի դիրքորոշումը. «Վրաստանը ուներ քաղաքական կամք աշխատելու Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ անկախ Ռուսաստանից, սակայն Վրաստանում դեմ են այդ ձեւաչափին, եւ կարծում եմ` տարածաշրջանային ձեւաչափը՝ 3+3 տեսքը, երբեք չի կայանա»:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել։ Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ իրավապահ մարմինների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ իշխանությունների ներկայացուցիչները բարեխոսում են, որ Ստեփան Գալստյանի խափանման միջոցը փոխվի, քանի որ նա քավության նոխազ է իրականում։ Այսինքն՝ ամեն ինչ արվում է, որ Զինված ուժերի շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանին ազատ արձակեն, սակայն այդ բարեխոսումները դեռեւս արդյունք չեն տվել, եւ Ստեփան Գալստյանը շարունակում է մնալ կալանքի տակ։ Մեկ այլ հետաքրքիր հանգամանք եւս. ԱԱԾ-ն տարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տան զենքերը, որոնք նա նվիրատվություն էր ստացել։ Երկար ժամանակ է, ինչ նրան զենքերը չեն վերադարձնում: Ավելին՝ «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ ԱԱԾ-ն դրանք փորձաքննության է տվել։

 

 

Սկսնակ ֆերմերները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում. անասնակերը ոչ միայն թանկացել է, այլեւ չկա: Այս ոլորտում ամիսներ առաջ արձանագրված դեֆիցիտի եւ գնաճի խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում, թեեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Ժողովուրդ»  օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ կառավարությունը մտադիր է էժան գնով համակցված կերեր տրամադրել ֆերմերներին: Ինչպես տեսնում եք, Էկոնոմիկայի նախարարությունից դեռ ձայն-ծպտուն չկա, այնինչ ֆերմերները լուրջ խնդիրների առաջ են կանգնել անգամ անասնակերի ներկրման հարցում. նրանց մի մասը փորձել է Վրաստանից անանսակեր՝ խոտ ներկրել, սակայն պարզվել է, որ մեկ հակ խոտ բերելու համար գանձվելու է 900 դրամ, այս պատճառով չեղարկվել է այդ գործընթացը: Մեր հանրապետությունում այս պահին դժվար է խոտ գտնել. եթե կա, ապա այն արժե մինչեւ 2000 դրամ: Մասնագետներն ասում են, որ այն ձմռան ամիսներին է՛լ ավելի է թանկանալու: Բացի այս, կոմբիկորմի գինն է նաեւ բարձրացել, իսկ ճագարի կերի 25 կիլոգրամանոց պարկը 5500 դրամից դարձել է 5700 դրամ: Անասնակերի թանկացման այս ֆոնին շուտով կլսենք նաեւ մսամթերքի գնի բարձրացման մասին: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց, թե երբ կարող են ֆերմերները կառավարությունից էժան գնով համակցված կեր ձեռք բերել: Մեր հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց. «Շրջանառության մեջ ենք դրել, հուսով եմ՝ մինչեւ ամսվա վերջ գործիքը պատրաստ կլինի»:

 

 

 




Լրահոս