ՔՊ-Ի ԹԵԿՆԱԾՈՒԻ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկարատեւ բանակցություններից հետո Մեղրիում Սամվել Բաբայանի «Ազատական» ու Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունները կոալիցիոն հուշագիր են ստորագրել եւ ՏԻՄ իշխանությունը բաժանել միմյանց միջեւ, 5 տարվա առաջին կեսը «Հանրապետություն» կուսակցությունն է պաշտոնավարելու, մյուս կեսը՝ «Ազատական» կուսակցությունը: Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամեն բան անում էր Մեղրիում իր թեկնածուին քաղաքապետ դարձնելու համար: Ըստ շրջանառվող լուրերի՝ ակտիվ դերակատարում ուներ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, բայց, փաստորեն, իշխող ՔՊ-ին Մեղրին իրենով անել չհաջողվեց: Թեմայի վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանի հետ:

 

-Մենք բանակցել ենք քաղաքական երեք ուժերի հետ: ՔՊ համայնքապետն ասաց, որ կային խնդիրներ հենց  «Ապրելու երկիր»-ի ներսում: Հետեւաբար, այդ բանակցությունն այդ ֆորմատում չստացվեց: «Քաղաքացիական պայմանագրի» հետ բանակցությունների ընթացքում նույնպես անհամաձայնություններ կային: «Ազատական»-ի հետ  գտանք համագործակցության հնարավոր ձեւաչափն, ու հուշագիրը կնքվեց:

-Եթե հնարավոր լիներ ՔՊ-ի հետ գալ ընդհանուր հայտարարի, կգնայի՞ք, թե՞ սկզբունքի հարց էր, որ իշխող կուսակցության հետ չեք կարող համաձայնության գնալ ու աշխատել:

-Մենք  միշտ ասել ենք, որ քաղաքական իշխող խմբակցության թիմի հետ չունենք խնդիրներ: Առաջինը հենց մեզ զանգել էր շնորհավորելու իշխող խմբակցության ներկայացուցիչը, եւ հենց այդ շրջանակում էլ բանակցություն է սկսվել, եւ այն առաջարկը, որը մեզ արվել է Քպ-ի կողմից: Այստեղ եղել է անձերի խնդիր, որը մենք մերժել ենք  եւ ընդհանուր եզրեր չենք գտել:

-Այսինքն՝ եթե այլ թեկնածու լիներ, գուցե գնայի՞ք  համագործակցության:

-Միգուցե, բայց Մեղրիի դեպքում Քաղաքացիական Պայմանագրի հետ հնարավորություններն այնքան էլ չէին երեւում, որովհետեւ իրենց քաղաքապետի թկենածուն թե՛ բարոյական, թե՛ թույլատրելի բոլոր սահմաններն անցել էր:

-Ի՞նչ իմաստով:

-Ինքը ֆեյսբուքյան տարբեր հարթակներում ու նմանատիպ այլ տեղերում վիրավորել էր մեր թեկնածուին, մեր թիմի հասցեին տարբեր վիրավորական խոսքեր էին հնչել:

-Շրջանառվում էր, որ Տիգրան Ավինյանն է ակտիվ դերակատարում փորձում ունենալ. զանգեր է կատարում, տարբեր բաներ է խոստանում, փորձում է ոչ միայն Մեղրիում, այլ, առհասարակ, ՏԻՄ-երում իրավիճակներ փոխել: Եղե՞լ են քննարկումներ նրա հետ:

-Իրավիճակ փոխելու հետ կապված չեմ կարող ասել, չգիտեմ, թե Տիգրան Ավինայնն ում է զանգում, համենայնդեպս, մենք անցած ընտրություններում միայն Մեղրիում ունեիքն բանակցության առիթ: Մեղրիի թեման շատ բաց ու հրապարակային է եղել: Մնացածի մասով դեռ չեմ կարող ասել, պարզ կլինի դեկտեմբերի 5-ին: 

-Մամուլը գրեց, որ Տիգրան Ավինյանի դիմաց իշխանությունը պայման է դրել, որ եթե կարողանա ՏԻՄ-երում իրավիճակ փոխել, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կառավարումը կանցնի իրեն: Որպես քաղաքական գործիչ՝ Ձեզ համար նման պայմաններում առաջնորդումն ընկալելի՞ է:

-Իհարկե ոչ: Շատ վատ է, որ այդպես է, որովհետեւ թափանցիկության եւ ճնշումներից զերծ մնալու համար պետք են սահմանները չանցնող ընտրություններ:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԿԱՄՐԱԳՐԵՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻՈՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Պատերազմի ավարտից հետո Հայաստանի իշխանությունները, ունենալով բոլոր հնարավորություններն ու գործիքակազմը, չեն իրականացրել ռազմավարական վերանայումներ: Այս մասին «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով ընթացող քննարկման ժամանակ հայտարարել է  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:

 

Նրա խոսքով՝ իշխանություններն անցած մեկ տարվա ընթացքում պետք է համապատասխան միջոցառումներ իրականացնեին ռազմավարական վերանայումների համար, դրա արդյունքում գնահատեին անվտանգային միջավայրը, ներքին ու արտաքին սպառնալիքները,  դրանցից ելնելով՝  աշխատանքեր իրականացնեին բոլոր ուղղություններով։ Օհանյանը նշեց, որ պետության անգործության պայմաններում այդ աշխատանքը ստիպված ստանձնել են  փորձագիտական խմբերը, հասարակական կազմակերպությունները, հանրությունը։

«Չնայած պետք է հակառակը լիներ։ Կառավարությունը իր բոլոր կառույցներով՝ ՊՆ, ԱԽ գրասենյակը, խորհրդարանը, ԱԱԾ-ն, պետք է այդ ամենը իրականացնեին ու մեզ ընդգրկեին։ Մենք հիմա ներքեւից ենք այդ ամենն իրականացնում։ Ցավոք, մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները չեն փորձում ընդգրկվել այդ գործընթացների մեջ»,-ասել է նա:

Ըստ Օհանյանի՝ բավականին բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծված տարածաշրջանում, Հայաստանում, Արցախում, Հարավային Կովկասում հայտնվել են որոշ դերակատարներ. «Ես նկատի ունեմ թուրք-ադրբեջանական տանդեմը, որը ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի նկատմամբ իրականացնում է իրենց ճնշումները՝ ՀՀ տարածքով միջանցք բացելու համար: Չնայած իրենք ասում են՝ ճանապարհների ապաշրջափակում, բայց մենք հասկանում ենք, որ առանց խաղաղության համար ո՛չ իրական, ո՛չ էլ իրավապայմանագրային հենք ունենալու, ապաշրջափակումը բերելու է Հայաստանի ու Արցախի խոր շրջափակման»,-ասել է նա։

Օհանյանի խոսքով՝ հիմա Հայաստանն ու Արցախը գտնվում են անկլավային ու տկար վիճակում, հետեւաբար դրանց ազդեցությունն էլ թուլացել է. «Այս իշխանությունների օրոք, որ երկիրը տարել են պարտության, պարտությունների շարանը շարունակվում է սահմաններում, շփման գծում։ Հիմա խոսվում է, որ նոյեմբերի 9-ին էլ երկու երկրների միջեւ ինչ-որ բան է ստորագրվելու։ 2021 թվականի այս իրականության մեջ կան խոսակցություններ փաստաթղթերի ստորագրման մասին, որոնք ամրագրելու են այն կապիտուլյացիոն իրավիճակը, որում հայտնվել են Հայաստանն ու Արցախը»,-ասել է նա։

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ «Հայաստան» դաշինքն ու համանուն խմբակցությունը տեսական, գործնական ու այլ քայլեր են ձեռնարկում ազգային դիմադրության մակարդակը բարձրացնելու համար՝ «Ոչ Հայաստանի թուրքացմանը, ոչ Արցախի հայաթափմանը» խորագրի ներքո։

«Այս իշխանությունները պետք է հեռանան, պարտության, կապիտուլյացիա բերած իշխանություններն անընդհատ գտնվում են պարտադրանքի ներքո եւ չեն կարող հետագա զարգացում բերել»,- ասել է նա։

Ն. Պ.

 

 

 

Ի՞ՆՉ ԾՐԱԳՐԵՐ ԿԼԻՆԵՆ

Ազգային ժողովում շարունակվում է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Այս անգամ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է Արտաքին գործերի նախարարության ֆինանսական հատկացումներին ու միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումներին վերաբերող հարցեր: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նիստի ժամանակ տեղեկացրեց, որ Արտաքին գործերի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 18մլրդ 653 մլն դրամ՝ 2021-ի հաստատված բյուջեի համեմատությամբ ավելի 412 մլն դրամով կամ 2.26 տոկոսով: Միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները կատարելու համար բյուջեի նախագծով կհատկացվի 2 մլրդ 295 մլն դրամ՝ 2021-ի պետբյուջեով հաստատված 2 մլրդ 197 մլն դրամի փոխարեն: Նախարարի խոսքով՝ աճը կազմել է 4.47 տոկոս:

Իր հերթին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գեւորգյանը նշել է, որ նախարարությունը 2022-ին կիրականացնի 5 ծրագիր՝ 8 միջոցառում: Վահե Գեւորգյանի հավաստմամբ՝ 2022-ին գերատեսչությունը շարունակելու է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, քանի որ Հայաստանը գործակցում է 106 միջազգային կազմակերպությունների հետ:

 

 

 

ՓԱՍՏԱԲԱՆՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ կառավարության 2019թ. որոշման հիման վրա՝ պաշտպանված բնակարաններ եւ փոքր տներ ձեռք բերելու նպատակով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է գումար, որպեսզի նախարարությունը հայտարարի մրցույթ, որի արդյունքում կոնկրետ ընկերություն հաղթել է մրցույթը: Եվ, ահա, այս ամենից հետո նախարարությունը պետք է տարեցներին պաշտպանված տներ ձեռք բերելու գործընթացը կազմակերպեր, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավելի ուշ իրավապահները բացահայտել են, որ նախարարության կողմից բնակարանները ձեռք են բերվել շուկայական արժեքից թանկ գնով: Արդյունքում գործով կալանավորվել են նախարարության աշխատակիցներ եւ այս օրերին էլ գտնվում են կալանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ այս քրեական գործով ուշագրավն այն է, որ իրավապահները կալանավորվածներին ներքին կարգով ասում են՝ ցուցմունք տվեք նախարարի, փոխնախարարի դեմ, եւ դրանից հետո նոր խափանման միջոցը կփոխվի: Հիշեցնենք, որ 2019 թվականին սոցապ նախարարը եղել է Զարուհի Բաթոյանը, որն այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր է: Այս  քրեական  գործից  մեզ  մանրամասներ  են  հայտնի դարձել, որ քրեական գործով մեղադրյալ է նախարարության աշխատակից էդուարդ  Ստեփանյանը, որի  պաշտպանն է Վահագն Քեշիշյանը: Վերջինս  մեզ  հետ զրույցում հայտնեց, որ  քրեական  գործով   մի  շարք  ապօրինություններ  են տեղի  ունենում, ինչի մասին  պետք է բարձրաձայնվի:

 




Լրահոս