ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ ԵՎ ԴԵՄԱՐԿԱՑԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի տարելիցի առթիվ հաջորդ շաբաթ հանդես կգա լայն անդրադարձով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այժմ կարող եմ ասել, որ բոլոր ուղղություններով աշխատանքները շարունակվում են»,- նշել է Զախարովան:

 

Նա հիշեցրել է, որ օրերս ՌԴ արտգործնախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ: «Նախարարները համակարծիք են եղել այն հարցում, որ անցնող տարվա ընթացքում տարածաշրջանում իրադրությունը կայունացել է, հրադադարի պահպանման ռեժիմը ընդհանուր առմամբ պահպանվում է: Բաքուն եւ Երեւանը բարձր են գնահատում ռուս խաղաղապահների դերը: Առանձին միջադեպերը կարգավորվում են փոխգործակցության կապերի միջոցով: Ջանքեր են գործադրվում նաեւ տրանսպորտային կապերի ապաարգելափակման ուղղությամբ»,- նշել է Զախարովան՝ հիշեցնելով Մոսկվայում երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպումը:

ՌԴ Արտաքին գործերի ներկայացուցիչը հայտնել է, որ շարունակվում են շփումները Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության, սահմանապահ ծառայությունների մակարդակներով: «Մենք խնդրի համալիր լուծումը տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, ապա արդեն դեմարկացիայի գործընթացների սկսմամբ: Իհարկե, ակտիվ աշխատանք է տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից»,-նշել է Զախարովան:

Պատասխանելով  առաջիկայում հնարավոր նոր փաստաթղթերի ստորագրման, ինչպես նաեւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին հարցին՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է. «Ես դեռեւս նման տեղեկություն չունեմ: Եկեք թողնենք այդ հարցը ղեկավարներին եւ նրանց մամուլի ծառայություններին: Եթե իրենք նման տեղեկություն ունենան, մեզ հետ կկիսվեն դրանով»:

Անդրադառնալով տարածաշրջանում 3+3 ձեւաչափը գործի դնելու մասին հայտարարություններին ու դրա վերաբերյալ ՌԴ ԱԳՆ դիրքորոշմանն առնչվող հարցին՝ Զախարովան ասել է. «Մենք աջակցում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների կողմից առաջ քաշված գաղափարին՝ նման խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ: Այն անվանում են 3+3, խոսքը Հարավային Կովկասի երկրների ու նրանց հարեւանների մասին է՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա եւ Իրան: Իհարկե, մենք կարծում ենք՝ ժամանակն է այս պլանները գործնական հարթություն տեղափոխել: Բազմակողմ տարածաշրջանային համագործակցությունը բխում է այս ձեւաչափի բոլոր մասնակիցների շահերից: Մեր կարծիքով՝ դրա իրականացումը կմեծացնի վստահությունը միջպետական հարաբերություններում, հակասությունների կարգավորման գործում, կբացի տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային ներուժը: Ձեւաչափը կարող է եւ պետք է լուծումներ առաջարկի ինչպես հին խնդիրների, այնպես էլ նոր մարտահրավերների համար»:

Ն. Պ.

 

 

ՀԱՑԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է

Հացի գինը բարձրացել է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հացի գինը հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, բարձրացել է 1 տոկոսով: Այս տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, հացը թանկացել է 10.4 տոկոսով: Նույն ժամանակահատվածում թանկացել են նաեւ առաջին անհրաժեշտության մյուս սննդատեսակները: Կաթնամթերքի, պանրի ու ձվի շուկաներում Վիճակագրական կոմիտեն արձանագրել է 2.6 տոկոս գնաճ: Օրինակ՝ ձվի գինը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 4.8 տոկոսով, իսկ պանիրը թանկացել է 2.5 տոկոսով:

Ըստ պաշտոնական աղբյուրի՝ Հայաստանում սննդամթերքը մեկ տարվա ընթացքում թանկացել է 16 տոկոսով: Հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 1.4 տոկոս: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ այս թանկացմանը նպաստել է սուրճի, թեյի, կակաոյի, մրգի, կաթնամթերքի, պանրի, ձվի, ձկան եւ ծովամթերքի, բանջարեղենի՝ 1.5-5.2 գնաճը: Բանջարեղենի շուկայում այս տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, արձանագրվել է 69.3, իսկ այս սեպտեմբերի համեմատ՝ 5.2 տոկոս գնաճ: Փաստորեն, մեր հանրապետությունում մեկ ամսվա ընթացքում մրգի ու բանջարեղենի գներն աճել են 4 տոկոսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ձկան եւ ծովամթերքի շուկայում այս հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է 31.9 տոկոս գնաճ: Այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ հոկտեմբերին ձկնամթերքը 3.3 տոկոսով է թանկացել. միայն «Իշխան»  ձկնատեսակի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 36.5 տոկոսով, իսկ սեպտեմբերի համեմատ՝ այն թանկացել է 3.7 տոկոսով: Ձավարեղենի գինը մեկ ամսվա ընթացքում աճել է 1.2 տոկոսով, իսկ ալյուրինը՝ 1.5 տոկոսով:

Բարձրացել է նաեւ շաքարավազի գինը. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, այն թանկացել է 0.8 տոկոսով, իսկ մեկ տարվա ընթացքում՝ 20.3 տոկոսով:

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Տիգրան Գրիշայի Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի մայիսի 25-ին Երեւան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ ՈՍ անձնագրային եւ վիզաների վարչություն է ներկայացրել իրավունք վերապահող, կեղծ փաստաթուղթ հանդիսացող թիվ 009105 տեղեկանքն այն մասին, որ Տիգրան Գրիշայի Արզաքանցյանը Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի տեղեկատվատեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում ուսումնառել է 24.02.2018 թվականից մինչեւ 14.06.2019 թվականն ընկած ժամանակահատվածում:

 

 

ԿԱՅՈՒՆ ՉԵՆ

«Անցած տարվա դառը փորձը ցույց տվեց, որ մեր անվտանգության համակարգերն այդքան էլ կայուն չեն, քան կցանկանայինք, որ լինեին»,- ասել է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ դիմելով ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գեւորգյանին։ Պատգամավորը նշել է, որ խոսքը, մասնավորապես, հայկական բանակի մարտունակության մակարդակի, ինչպես նաեւ մշակութային ինքնաիրացման մասին է։ «Ես նաեւ խոսում եմ անվտանգության այն դիվանագիտական եւ արտաքին քաղաքականության համակարգի մասին, որը պետք է ապահովի Հայաստանի պաշտպանությունը ֆորս-մաժորային իրավիճակի ստեղծման դեպքում։ Մենք տեսանք՝ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ մեր դիվանագիտական գործընկերները ոչինչ չձեռնարկեցին՝ կանխելու այն, ինչ տեղի էր ունենում պատերազմի ժամանակ»,-ասել է պատգամավորը։ Արսենյանի կարծիքով՝ դա հայկական դիվանագիտության ֆիասկոն էր։ «Մենք չկարողացանք հասկանալ, որ դիվանագիտությունը այս կամ այն երկրում միայն հայկական համայնքի հետ աշխատանքը չէ»,-հավելել է պատգամավորը։

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՔՆՆԱՐԿԵԼ  

Բաքուն շարունակում է դիվանագիտական խողովակներով գործընկերների հետ քննարկել  «3+3» տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի ստեղծման հարցը անդրկովկասյան երեք հանրապետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի, ինչպես նաեւ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի մասնակցությամբ։ Այս մասին հաղորդել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը։ «Այդ ձեւաչափը կսահմանի տարածաշրջանում հետագա համագործակցության ուղղությունները։ Ներկա պահին այդ առիթով շփումներ են տեղի ունենում դիվանագիտական խողովակներով։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը սատարում է այս գործընթացին,- ասել է նա։ -Մենք պատրաստ ենք այդ ձեւաչափի հիման վրա շարունակել մեր բանավեճերը եւ ստեղծել նոր մեխանիզմ, տարածաշրջանային համագործակցության պլատֆորմ»։

 

 

«ՄԻՋԱՆՑՔ»-ԻՑ Է ԽՈՍԵԼ

«Զանգեզուրի միջանցք»-ն օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին: Այս մասին նախկին վարչապետ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախկին խոսնակ, պատգամավոր Բինալի Յըլդըրըմն ասել է «Աշխարհը՝ COVID-19-ից հետո» Բաքվի VIII գլոբալ ֆորումի շրջանակներում: Նրա խոսքով` «Զանգեզուրի միջանցքի» բացումը նպաստում է տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ կապերի ընդլայնմանը։ «Զանգեզուրի միջանցք» նշանակում է ճանապարհ Հայաստանի տարածքով։ Պաշտոնական Երեւանը հայտարարում է, որ պատրաստ է քննարկել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը, սակայն խոսքը «միջանցքների» մասին չէ։

 

 




Լրահոս