ԴԱՆԱԿՈՎ ՄՏԵԼ Է ԴԵՂԱՏՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս կոմիտեն հայտնեց, որ Արմավիրում կինը դեղատներ է թալանել: Վերջինդ դանակով մտել էր դեղատուն ու կոնկրետ գումար պահանջել: Հայտնի էր, որ նա Մայիսյան գյուղի բնակիչ էր՝ 36 տարեկան: Մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել, թե ով է նա, ու ինչն է դրդել նրան գնալ այդ քայլին: Վերջինս Գայանե Ափրիկյանն է, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մեկ միասնական դիտավորությամբ, ավազակային հարձակման եղանակով զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2021թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում եւ 18:30-ի սահմաններում, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ հարձակում է գործել Արմավիր քաղաքի Շահումյան 31 եւ 27/4 հասցեներում գործող, «Ալֆա Ֆարմ» ՓԲ ընեկությանը պատկանող դեղատներ եւ հափշտակել է զգալի չափերի` 218.000 ՀՀ դրամ գումար: Այսպես, Գայանե Սուրիկի Ափրիկյանը, համագյուղացի Օֆելյա Հարությունի Մանուկյանից 2020թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին գնելով կենցաղային իրեր տարաժամկետ վճարելու պայմանով եւ արդյունքում վերջինիս պարտք մնալով 200.000 ՀՀ դրամ գումար, 2021թ. հոկտեմբեր ամսվա սկզբներին վերջինիս վճարել է 60.000 ՀՀ դրամ, իսկ մնացած 140.000 ՀՀ դրամ գումարը վճարելու նպատակով 2021թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00֊ի սահմաններում, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, այն է՝ խոհանոցային դանակով, մուտք է գործել Արմավիր քաղաքի Շահումյան 31 հասցեում գործող, «Ալֆա Ֆարմ» ՓԲ ընկերությանը պատկանող դեղատուն, որտեղ դանակի ցուցադրմամբ, դեղատան աշխատակցուհի Աշխեն Արմենի Գեւորգյանի կյանքի եւ առողջության համար իրական սպառնալիք ստեղծելով, պահանջել եւ ստացել է դրամարկղում այդ պահին առկա, զգալի չափերի՝ 159.000 ՀՀ դրամ թղթադրամները եւ դիմել է փախուստի, սակայն թղթադրամները չհաշվելով եւ մտածելով, որ հափշտակված գումարը բավարար չէ պարտքը մարելու համար՝ Շահումյան փողոցով շարժվել է դեպի նույն փողոցի 27/4 հասցեում գործող, «Ալֆա Ֆարմ» ՓԲ ընեկությանը պատկանող դեղատուն եւ իր մոտ պահվող, որպես զենք օգտագործվող նույն խոհանոցային դանակով, այն ցուցադրելով եւ ուղղելով դեղատան աշխատակցուհի Մարինե Աշոտի Գրիգորյանի որովայնի շրջանին, վերջինիս կյանքի եւ առողջության համար իրական սպառնալիք ստեղծելով, պահանջել է դեղատան դրամարկղում առկա այդ պահին եղած ամբողջ գումարը, այնուհետեւ ստանալով բացասական պատասխան՝ շարունակել է սպառնալից գործողությունները, եւ անձամբ բացելով դրամարկղը՝ այնտեղից հափշտակել է զգալի չափերի՝ 59.000 ՀՀ դրամ թղթադրամները եւ դիմել է փախուստի: Նույն օրը՝ երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում, Օֆելյա Մանուկյանին է վերադարձրել վերջինիս պարտք եղած գումարից 90.000 ՀՀ դրամը: Գայանե Սուրիկի Ափրիկյանը կատարել է հանցավոր արարք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հրդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Ի դեպ, քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործը մտել է դատարան:

Ք. Մ.

 

 




Լրահոս