Արցախյան պատերազմի անմահ հերոսներից է լեյտենանտ Գարեգին Սարգսյանը, որը, իր կոչմանը եւ զինվորական համազգեստին հավատարիմ մնալով, մինչեւ վերջ պայքարել է հայրենիքի համար: Գարեգինը պատերազմի բոթը լսելուն պես, թեկուզեւ լինելով արձակուրդում, առանց մեկ վայրկյան վարանելու, մեկնել է առաջնագիծ, քանի որ գիտակցում էր, որ իր տեղն իր զինվորների կողքին է:
4 տեղից վիրավոր լինելով` շարունակել է կռվել, չի համաձայնել հոսպիտալացվել, քանի որ ընկերները վտանգի մեջ էին, 18 տարեկան զինվորներն իր կարիքն ունեին:
Գարեգինը զոհվել է նոյեմբերի 1-ին թուրքական Բայրաքթարի հարվածից մտերիմ ընկերոջը գրկած վիճակում:
ArmLur.am-ի հետ զրույցում մերօրյա հերոսի հերոսական կերպարի մասին պատմել է նրա մայրը՝ տիկին Ալլան:
«Գարեգինս ծնվել է 1996թ., սովորել է Արմավիր մարզի «Տիգրան Մեծ» ռազմաուսումնական վարաժարանում: Ավարտելուց հետո ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի ռազմական ակադեմիա, մասնագիտացել է որպես հրետանային ռադիոլոկացիոն զենքերի ինժեներ: 2018 թվականին՝ ավարտելուն պես, վերադարձել է հայրենիք եւ աշխատանքի է անցել Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղում՝ որպես դասակի հրամանատար, եւ եղել է ռադիոլոկացիոն զենքերի պետ: Պատերազմը երբ սկսվեց, տանն էր, արձակուրդում էր. երբ իմացավ, նույն պահին իրերը հավաքեց եւ ասաց՝ ես պետք է գնամ: Խնդրեցի ասացի՝ Գա՛ր ջան, մի՛ գնա, խնդրում եմ, փոքր տղաս էլ այդ ժամանակ Հադութում էր ծառայում: Ասաց՝ մա՛մ, ո՞նց կարող եմ չգնալ, ախպերս, զինվորներս մենակ են: Ամուսինս մեքենայով մինչեւ Դրմբո տարել էր, այդտեղից էլ թույլ չէին տվել առաջանալ»,- պատմում է մայրը:
Ամուսինս մինչ այսօր զարմանում է, թե ինչպես Գարեգինի ամենամտերիմ ընկերը՝ Սամվելը, անտառների միջով մեքենայով եկել է նրա հետեւից եւ հասնել առաջնագիծ. «Հայրն ասում է՝ խնդրեցի, ասացի՝ Գար ջա՛ն, մի՛ գնա, վտանգավոր է, բալե՛ս, ասում է՝ շրջվեց, ասաց՝ պա՛պ, բա ամոթ չի՞, դու հանգի՛ստ եղիր, ես ապահով եմ: Գարս շատ խելացի էր, դեռ փոքրուց տարբերվում էր իր լրջությամբ, իր մտածելակերպով: Շատ լավ էր տիրապետում իր մասնագիտությանը, հատուկ հմտություններ ուներ: Միշտ զանգահարում էր, հարցնում էր, թե ինչպես ենք, իսկ երբ մենք էին հարցում, թե՝ դուք ո՞նց եք, միշտ ասում էր՝ լավ ենք, մա՛մ ջան, փառք Աստծո»:
Գարեգինն իր դասակի հետ շատ ուժեղ եւ կատաղի մարտեր է մղել թշնամու հետ: Շուրջ 33 օր ու գիշեր կռվել է: Հազարավոր վիրավորների կյանք է փրկել եւ դուրս հանել թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներից:
Նոյեմբերի 1-ին թշնամու Բարյաքթարը մահացու խոցել էր երկու հերոս ընկերներին՝ միմյանց գրկած վիճակում: Միասին կռվեցին եւ միասին էլ անմահացան «վանաձորցի արծիվը» եւ «ջավախքցի արծիվը»:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հոկտեմբերի 30-ից Երեւանում՝ Հովհաննես Թումանյանի թանգարանի դահլիճում, բացվել է «Հայկական ասեղնագործությունը երեկ, այսօր, վաղը…» խորագիրը կրող բացառիկ ցուցահանդեսը, որում ներկայացված են հայ ասեղնագործության 17-20-րդ դարերի նմուշներ: Դրանք տեղեկություն են տալիս հայկական լեռնաշխարհի տարբեր վայրերում ասեղնագործության զարգացման եւ փուլերի մասին: Ցուցահանդեսը, լինելով բացառիկ, իրեն է ձգում շատերին: Արվեստի այս ժանրի սիրահարների թվում քիչ չեն նաեւ դպրոցականները, ուսանողները: Անկյունում Թումանյանի կնոջ՝ Օլգայի դիմանկարն է, որը 1969 թ. նկարել է Սալբի Մավյանը:
Թումանյանական սեղանին Օլգայի ձեռքի աշխատանքներն են՝ փոքր չափերով ասեղնագործություններ, եւ լամպը, որի լույսով է աշխատել: Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի ուղեկցությամբ ծանոթացա ցուցանմուշներին, դրանց պատմությանը: Ա. Եղիազարյանը տեղեկացրեց, որ ամենահին ցուցանմուշը ստեղծվել է 17-րդ դարում Արցախում, հավանաբար՝ Ասկերանի տարածքում:
«Շողշողուն խաչ» խաչկարը Շուշիի գորգերի թանգարանի ցուցանմուշներից է եւ հիացնում է իր տեսքով, գույների խաղով: «Կենաց ծառ» հարթակարը նույնպես Արցախից է՝ Շուշիի գորգերի թանգարանի հավաքածուից: Ստեղծվել է 19-րդ դարում Թաղավարդ գյուղում: Հետաքրքիր նմուշ է «Հազարան բլբուլ» ստեղծագործությունը, որը հեղինակը նվիրել է Հովհաննես Թումանյանի թանգարանին՝ ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 100-ամյակի առիթով: Ա. Եղիազարյանը տեղեկացրեց, որ հեղինակը՝ Սերիկ Դավթյանը, մտերիմ է եղել Հովհ. Թումանյանի հետ եւ այս գործը ձեռնարկել է դեռեւս բանաստեղծի կենդանության օրոք: Ստեղծագործության տակ մակագրված է. «Իմ մեծ բարեկամ Հ. Թումանյանի 100-ամյակին»:
Ներկայացված են նաեւ ժամանակակից 9 ստեղծագործողների աշխատանքներ՝ սրբիչներ, բարձերի երեսներ, թաշկինակներ եւ այլն: Հալեպից Մարալ Շեոհմելյանը ներկայացրել է մոր՝ Լուսինե Մխչյանի «Տուտկապ-բոխչա» վերադիր ասեղնագործությունը: Հրազդան Թոքմաջյանի հավաքածուից ներկայացված է 6 աշխատանք՝ մահճակալի ծածկոց, փոքր չափերով ներքնակի երես եւ այլն: Նարեկ-Վան Աշուղաթոյանի հավաքածուից ցուցադրված են հիմնականում 19-րդ դարի 10 աշխատանք՝ ծիսական գոտի, սրբիչ, ծածկոց եւ այլն:
Ցուցահանդեսը կազմակերպվել է «Զարդ» մշակութային-հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:
ԴՐՎԱՏԱՆՔՈՎ Է ԽՈՍԵԼ
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դրվատանքով է խոսել «Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ Թիմերը կհանդիպեն Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում։ «Դեռ չեմ դիտել «Ատալանտա»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը, բայց մտադիր եմ ուսումնասիրել եւ վերլուծել եւ հասկանալ մրցակցի ուժեղ եւ թույլ կողմերը։ Նրանց կազմում է լավագույն խաղացողներից մեկը պատմության մեջ։ Ռոնալդուն գոլ խփող մեքենա է։ Հիմա ամենակարեւորը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջիկա դիմակայությունն է»,- ասել է Գվարդիոլան: «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 6-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 16։30-ին։
ՇՈԿ
Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը հերթական անգամ շոկի է ենթարկել հանրությանը։ Նա իր հուշագրություններում պատմել է, որ մի օր մտածել է հոր սպանության մասին։ Գրքի մեջբերումները հրապարակել է «People» ամսագիրը։ «Երբ ես ինը տարեկան էի, տեսա, թե ինչպես հայրս այնքան ուժեղ հարվածեց մորս գլխին, որ նա ընկավ։ Հետո նրա թքի մեջ արյուն էր նկատվում»,- ընտանեկան բռնության մասին պատմել է դերասանը։ Սմիթն ընդգծել է, որ այդ դեպքի պատճառով ինքը ցանկացել է վրեժ լուծել հորից։ Դերասանը նշել է, որ մանկական տրավման կարող էր ազդել դերասան դառնալու իր ցանկության վրա։ Սմիթը կասկածներ է հայտնել, որ արժանի է ճանաչման, քանի որ «չի կարողացել դիմակայել հորն ու վախկոտ է եղել»։ Դերասանի ծնողները բաժանվել են, երբ վերջինս դեռահաս է եղել, իսկ ամուսնալուծությունը ձեւակերպել են 2000թ.-ին։ Ավելի ուշ Սմիթ ավագը հիվանդացել է քաղցկեղով, եւ որդին հոգ է տարել նրա մասին։ Սակայն արտիստը խոստովանել է, որ մանկական տրավմայից զայրույթը կրկին զգացնել էր տալիս։
ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Դորտմունդի «Բորուսիայի» եւ Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդի հայրը պատմել է որդու առողջական վիճակի մասին։ «Հաշվի առնելով ապաքինման եւ վերականգնման հանգամանքները՝ Էրլինգի մոտ ամեն ինչ այդքան էլ վատ չէ, բայց նա դեռ տեւական ժամանակ բաց կթողնի։ Հրաշալի կլիներ, եթե մինչեւ դեկտեմբերի 25-ը նա կարողանար մի քանի հանդիպման մասնակցել, բայց քիչ հավանական է այս տարի»,- Ալֆ-Ինգե Հոլանդի խոսքը մեջբերում է Goal.com-ը։ 21-ամյա ֆուտբոլիստը ազդրի վնասվածք է ստացել։ Գերմանական թիմի գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն հույս ուներ, որ հարձակման առաջատարը ընդհանուր խումբ կվերադառնա նոյեմբերին, սակայն վնասվածքն ավելի բարդ է եղել։ Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «Բորուսիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, խփել 13 գոլ։