Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես ասվում է, որ այլեւս խոսք չի կարող գնալ քրեական գործի քննության օբյեկտիվության մասին եւ որ քննության կարեւորագույն նպատակն է Դավիթ Տոնոյանին մինչդատական վարույթի ողջ ընթացքում պահել կալանքի տակ:
Ստորեւ ներկայացված է հայտարարությունն ամբողջությամբ.
«Դավիթ Տոնոյանի եւ նրա պաշտպանների կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները՝ կապված փորձաքննության հետ, առանց բավարար եւ մասնագիտական հիմնավորման մերժվում են:
Դ.Տոնոյանի փաստաբանական խումբը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել էր մի քանի միջնորդություն, այդ թվում՝
1. թույլատրել ներկա գտնվելու նշանակված դատատեխնիկական փորձաքննությանը եւ տալ բացատրություններ, որի իրավունքը սահմանված է քրեական դատավարության օրենսգրքով,
2. նշանակված դատատեխնիկական փորձաքննությանը նոր հարցեր առաջադրելու վերաբերյալ,
3. Փորձագետին բացարկ հայտնելու վերաբերյալ:
Նշված բոլոր միջնորդությունները վարույթն իրականացնող մարմնի կողմից մերժվել են:
Ընդ որում՝ միջնորդությամբ մեր կողմից ներկայացված հարցերը առավել կարեւոր են սույն քրեական գործի օբյեկտիվության ապահովման եւ հրթիռների պիտանելիության պարզման տեսանկյունից, քան այն հարցերը, որոնք ներկայումս առաջադրված են փորձագետին: Փորձագետին քննիչը առաջադրել է հարցեր, որոնց պատասխաններն ինքը վաղուց ունի, իսկ պաշտպանության կողմի կարեւորագույն եւ օբյեկտիվ քննություն ապահովող հարցերն առանց հիմնավորման մերժվել են:
Բացի այդ, ինչպես արդեն հայտնել ենք, գործի համար կարեւոր նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակված համալիր փորձաքննությունը քննիչի կողմից անկատար է թողնվել, իսկ անձանց մեղադրանքներ են առաջադրվել ոլորտային գիտելիքների պակասի վրա հիմնված պատկերացումների եւ ենթադրությունների հիման վրա:
Ինչպես 19.10.2021 թվականին տարածած մեր հայտարարությամբ նշել էինք, Դ.Տոնոյանը պահանջելու է իրեն մասնակից դարձնել ՀՀ զինված ուժերի համար մատակարարված զենք-զինամթերքի որակական հատկանիշների բուն փորձաքննության կատարմանը։ Մինչդեռ առանց պատշաճ հիմնավորման մերժելով այդ մասին արված միջնորդությունը՝ նախաքննական մարմինը գտել է, որ ներկա գտնվելով փորձաքննությանը՝ Դ.Տոնոյանը կխոչընդոտի փորձագետի աշխատանքին: Ընդ որում, փորձաքննությանը պաշտպանների մասնակցության հարցին առհասարակ անդրադարձ չի էլ եղել:
Բացի այդ, ի սկզբանե նախաքննական մարմինը, նշանակելով համապատասխան փորձաքննությունը, նշել էր, որ միայն փորձաքննությամբ կարող է որոշվել հրթիռների որակը եւ պիտանելիությունը, սակայն դրանից հետո առանց պատճառաբանության անկատար է թողել փորձաքննության կատարումը, նշանակել մեկ այլ՝ դատատեխնիկական փորձաքննություն:
Այս փաստերը՝ նշանակված փորձաքննությունն անկատար թողնելը, նշանակված փորձաքննությանը ներկա գտնվելու եւ բացատրություններ տալու իրավունքից զրկելը, փորձաքննության կատարումը ոչ օբյեկտիվ անձի հանձնարարելը եւ փորձաքննությանը կարեւորագույն հարցեր չառաջադրելը պաշտպանության կողմին հիմք են տալիս պնդելու, որ այլեւս խոսք չի կարող գնալ սույն քրեական գործի քննության օբյեկտիվության մասին, ավելին, քննության կարեւորագույն նպատակն է Դ.Տոնոյանին, ինչպես նաեւ գործով որպես մեղադրյալ ներգրավված մյուս անձանց մինչդատական վարույթի ողջ ընթացքում պահել կալանքի տակ:
Ավելացնենք նաեւ, որ քննիչի կողմից նշանակված փորձաքննությունն անկատար թողնելը, ինչպես նաեւ մեր կողմից ներկայացված միջնորդությունները մերժելու մասին որոշումները արդեն իսկ բողոքարկվել են ՀՀ գլխավոր դատախազին, եւ ակնկալում ենք, որ վերջինիս կողմից օբյեկտիվություն դրսեւորելու դեպքում բողոքները պետք է բավարարվեն»: