Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանն այս գիշեր մաքսակետեր կտեղադրի։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։ Հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի, այսինքն՝ ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր։ Մենք այդ աշխատանքները արդեն նախապես սկսել ենք»,–ասաց Գրիգորյանը։
Խոսելով այլընտրանքային ճանապարհի մասին՝ ասաց, որ Կապան-Տաթև ճանապարհը նույնպես պատրաստ է, և լիովին անվտանգ՝ հավելելով, որ այն պատրասրտ է ինչպես ապրանք տեղափոխելու, այնպես էլ այլ բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։