Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության բաժնի մասնագետները հոկտեմբերի 7-ին ստուգումներ են իրականացրել Երևանի Բաղրամյան պողոտա 30, Լեռ Կամսար փողոց 30/4 և 30/6 հասցեներում՝ բազմաբնակարան բնակելի համալիրի՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։
Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, մանրամասնելով, որ ստուգման արդյունքում հայտնաբերել են, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են հաստատված նախագծի շեղումներով, շինարարության ընդունման նորմերի, արտադրության և ստանդարտների խախտումներով։
Նշվում է, որ կառույցի կոշտության դիաֆրագմաներում և երկաթբետոնե պատերում տեղադրված են նախկինում օգտագործված պողպատյա ամրաններ, երկաթբետոնե տարրերի ելուստների քայլը չի համապատասխանում նախագծին, բետոնի տոփանումն (հարթեցում) իրականացվել է թերի, բետոնի պաշտպանիչ շերտը տեղ-տեղ բացակայել է, կրող տարրերի զուգավորման հանգույցներում անուրները (хамут) չեն համապատասխանել գործող նորմերին և նախագծին։
Արդյունքում, նշված խախտումները կարող են ազդել շենքի ամրության, կայունության վրա, ինչպես նաև վտանգավոր են մարդկանց համար և չեն կարող վերացվել` առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները։
Շինարարական աշխատանքների ընթացքում խախտվել է նաև տեխնիկական հսկողության իրականացման կարգը։
Ելնելով վերոգրյալ հանգամանքներից և ղեկավարվելով «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի և 121-րդ հոդվածի հատկանիշներով՝ Տեսչական մարմնի կողմից կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ վերջիններիս նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր։
Կապալառու և տեխնիկական հսկող իրականացնող կազմակերպությունների գործունեության լիցենզիաների կասեցման հարցով Տեսչական մարմինը դիմել է նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտե։
Նշված հասցեներում շինարարության կասեցումից և ընկերություններին վարչական պատասխանատվության ենթարկելուց բացի, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի անմիջական վերահսկողությամբ ապամոնտաժվել են բազմաբնակարան բնակելի համալիրի՝ խախտումներով կառուցված հատվածները։