«ՄԵՂԱԴՐՅԱԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶԲԱՂԵՑՆԵԼ ՊԱՇՏՈՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՍՈւ-30-ները, որ հետագայում պարզվեց՝ առանց հրթիռների են, ձեռք են բերվել բանակի ցանկությամբ»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ իր պաշտոնավարումից ի վեր բանակն ինչ ցանկացել է, իրենք ձեռք են բերել: Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից Սոֆյա Հովսեփյանը տարակուսանքով է վերաբերվում Փաշինյանի հայտարարությանը՝ վկայակոչելով հանգամանքին, որ բանակի համար անհրաժեշտ առաջին անհրաժեշտության իրերն անգամ առ այսօր անհատներն են գնում: «Տպավորություն է,- ասում է Հովսեփյանը,- որ Փաշինյանին զեկուցում են, թե բանակին միայն ելակ է պետք: Բայց մեզ ոչ թե կուշտ փորով զոհվող, այլ կուշտ եւ մարտունակ զինվորներ են պետք»:

 

-Որպես պատերազմից ու բանակից առավել տեղյակ անձնավորություն՝ ինչպե՞ս եք մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե բանակը ինչ ուզել, տվել է: Ամենօրյա ռեժիմով գոնե Դուք կապ եք հաստատում սահմանների հետ, մտահոգվում եք սահմանների ամրաշինարարական աշխատանքների մասին: Հիմա, փաստորեն, ի՞նչ է ստացվում. բանակը չէ՞ր ուզել ոչինչ Փաշինյանից, որ սահմանի ամրաշինարարական աշխատանքներն այդ վիճակում էին, թե՞ նա այդպես է պատկերացնում այդ ամենը:

-Այստեղ կա երկու կարծիք, կամ այն, որ նա առհասարակ տեղյակ չէ բանակից ու բանակի կարիքներից, եւ միայն այն մամաների կոչերին է հետեւել, որ մամաներն ուզում են լավ սնունդ, ինքը դա ապահովել է, մամաներն ուզում են՝ ներքնաշորեր չուղարկեն, ինքը հագուստի որոշակի բաղադրիչներն է ուղարկել եւ այդքանով սահմանափակվել է՝ չխորանալով, թե բանակում ինչ կարիքներ իրապես կան: Արդեն Գլխավոր շտաբը՝ հանձին Արտակ Դավթյանի, որը մեկ տարուց ավել է՝ եղել է Գլխավոր շտաբի պետ, ըստ իր ներկայացնելու, այնպես ներկայացրեց, որ նա է մեղավորը, բանակի Գլխավոր շտաբն ինչ ուզել է, ես այդ եմ տվել բայց այստեղ կա մեկ մեղավոր. եթե ուզել են եւ տվել են, ապա համար մեկ մեղավորն է Արտակ Դավթյանը: Նա շատ երկար ժամանակ զբաղեցրել է այդ պաշտոնը եւ բավականին երկար նորից շարունակում է զբաղեցնել այդ պաշտոնը: Եթե օդում մեղադրանք է կամ պաշտպանվածություն է, պետք է հասկանալ մի կարեւոր բան, որ այդ մեղադրյալը դեռ շարունակում է զբաղեցնել այդ պաշտոնը: Եթե այդ մեղադրանքը նրա համար էր, որ Օնիկ Գասպարյանին ուղղվեր, ապա աբսուրդ է: Ինչո՞ւ. որովհետեւ Օնիկ Գասպարյանը Գլխավոր շտաբի պետ է նշանակվել 2020թ. հունիս ամսին, որից անմիջապես հետո տեղի են ունեցել տավուշյան դեպքերը: Ըստ իմ ունեցած հարցման արդյունքների՝ այդ ժամանակ կարիքների գնահատումը ներկայացված է եղել ֆինանսավորման համար կառավարություն, որտեղ հենց Ֆինանսների նախարարությունից հրաժարվել են բավարարել ֆինանսական աջակցությունը բանակին, որովհետեւ գտել են այդ պահին ոչ նպատահարմար ծախսեր: Այստեղ երբ մեղադրանք է հնչեցվում, պետք է հասկանալ, որ մեղադրյալը մեկ անձ է, ում ինքը հովանավորում է:

-Այս պահի դրությամբ ինչի՞ կարիք ունի բանակը, եւ պատկերացնո՞ւմ է արդյոք իշխող թիմը, թե այդ կարիքների մեջ ի՞նչ է մտնում: Պատկերացնո՞ւմ է, որ դրա մեջ մտնում են վրանները, որոնց մեջ քնում են տղաները, սահմանների ամրաշինարարական աշխատանքները, սնունդը, լապտերները եւ տարատեսակ այլ մանրուքներ, որոնք մինչ այս պահը ուղարկում են արտասահմանից:

-Բոլոր ժամանակներում բոլորը տեղյակ են եղել՝ ե՛ւ Պաշտպանության հանձնաժողովը, որին մշտապես տեղեկացվել է, երբեք չեմ հանրայնացրել, չեմ հրապարակել այս մասին, ե՛ւ Պաշտպանության նախարարությունն է տեղյակ եղել, թե ինչ գործեր ենք անում: Ամրաշինարարական աշխատանքներ չեն արվել եւ չեն արվում, չեն կարեւորվել եւ չեն կարեւորվում: Անգամ հասարակ անիվը, որը պետք է ընդամենը դրվի, զուտ ինչ-որ ձեւով պաշտպանիչ միջոց, որովհետեւ այլընտրանք չունեն, անիվի համար քաղաքացին է սեփական գրպանից վճարում՝ չհաշված ցեմենտը, ավազը, քարը եւ մնացածը: Այս ամբողջ ամրաշինարարական աշխատանքների համար քաղաքացիներն են վճարում կամ անհատներն են  կազմակերպում՝ դրամահավաքներ են անում եւ այլն: Վրանների համար բաց դրամահավաք ենք անում եւ վճարում ենք: Չկա մի պետական պաշտոնյա, որը տեղյակ չէ, որ մենք վրանների համար դրամահավաք կազմակերպեցինք:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ԵՐՐՈՐԴ «ԶՈՀԸ» ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ Է

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը մերժել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայցը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Սուսաննա Գասպարյանի, Անժելա Գասպարյանի, Անգելինա Գասպարյանի, Հեղուշ Բագրատի Գալստյանի, Վլադիմիր Գասպարյանի կողմից ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Տ. Դավթյանի՝ 06.09.2021 թվականի գրությունը (վարչական ակտը) անվավեր է ճանաչվել, եւ գույքերի ձեռքբերման պահի շուկայական արժեքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժվել է՝ պահանջը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:

Դատելով իրավիճակից՝ հաջորդ պաշտոնյան, որի մասով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դիմում կներկայացվի դատարան, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է լինելու:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Համաձայն վերջինիս՝ իրավասու մարմինը պահանջ է ներկայացրել դատարանին ԱԱԾ գնադապետ, «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Սերոբ Ռազմիկի Հարությունյանից եւ Անուշ Արարատի Անտոնյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

l Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը,

l Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղին,

l Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղիի 97.6 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 5.880.400 ՀՀ դրամ:

Սերոբ Հարությունյանից բռնագանձել՝

l Երեւան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից ստացված գումար՝ 8.000.000 ՀՀ դրամ, եւ այլ անշարժ գույքեր։

Հիշեցնենք, որ Սերոբ Հարությունյանը ԱԱԾ նախկին գնդապետ է, որը հայտնի դարձավ այն բանից հետո, որ ներկայիս փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր՝ դատվածություն ունենալու մասին տեղեկությունը։ Այս փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ, 2020 թվականի փետրվարի 28-ին էլ Սերոբ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման համար։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Հայաստանում թանկացել է ոչ միայն առաջին անհրաժեշտության սննդամթերքը, այլեւ ոչ պարենային ապրանքները: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ոչ պարենային ապրանքների շուկայում այս հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 0.6 տոկոս գնաճ: Ավելին, ոչ պարենային ապրանքները մեկ տարվա ընթացքում թանկացել են 9.7 տոկոսով: Մեկ ամսվա ընթացքում մեր հանրապետությունում կտրուկ բարձրացել են նաեւ հագուստի ու կոշիկի գները: Պաշտոնական տվյալներով՝ հագուստի գինը բարձրացել է 2.3 տոկոսով, իսկ կոշիկինը՝ 3.6 տոկոսով:  Փոխարենը ոսկերչական զարդերի գներն են նվազել 2.8 տոկոսով: Դեղագործական ապրանքները էժանացել են 0.2 տոկոսով: Մատուցված ծառայությունների սակագներն են մեկ տարվա ընթացքում բավականին աճել. ըստ Վիճակագրական կոմիտեի՝ գնաճը կազմել է 1.6 տոկոս:  Օրինակ՝ այս հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, բնակարանի նորոգման եւ սպասարկման ծառայությունների գներն աճել են 0.2 տոկոսով, իսկ, ահա, հանգստի կազմակերպման ծառայությունների սակագներն աճել են 2.9 տոկոսով: Նշենք, որ հյուրանոցային ծառայությունների գները 0.4 տոկոսով նվազել են, տրանսպորտային ծառայություններինը նվազել են 0.2 տոկոսով, ինչը պայմանավորված է օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների գների 2.8 տոկոս նվազումով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ բժշկական ծառայությունների սակագները հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, նվազել են 0.5 տոկոսով: Սա, ըստ ՎԿ-ի, պայմանավորված է COVID 19-ի թեստավորման գների 10.1 տոկոս նվազումով: Նշենք, որ որոշ բուժհաստատություններում ՊՇՌ թեստի գները 15 000 դրամից նվազել են՝ դառնալով 8000-10000 դրամ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հոկտեմբերին իրավաբանական ծառայությունների համար վճարներն ու վարսավիրանոցների եւ անձնական սպասարկման սրահների, հանգստի եւ մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների գների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ:

 

 

ՀԱՐՑՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթը հրապարակավ երկու կետով հարցում է ուղարկում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին.

  1. Արդյոք ՀՀ գլխավոր դատախազը դիմե՞լ է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու համար:
  2. Ի՞նչ պատասխան է ստացվել ՌԴ պետական կառույցներին դիմելուց հետո:

Այս հարցերի պատասխանը ստանալուց հետո հանդես կգանք հրապարակմամբ:




Լրահոս