ՏԵՍԱԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ՇՈՒՇԻՈՒՄ ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Նոյեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարեւանությամբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետեւանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ 22-ամյա Ե. Մ-ն, մահացել է, երեքին (41-ամյա Ս. Ա. 31-ամյա Մ. Գ., 43-ամյա Դ. Գ.) ցուցաբերվում է բժշկական օգնություն։ Տուժածների վիճակը բժիշկների կողմից գնահատվում է միջին ծանրության։

 

Իրավապահ մարմինների կողմից այս պահին իրականացվում են համապատասխան աշխատանքներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ինչի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհահատվածի Շուշիի հատվածում երթեւեկությունը կարճ ժամանակով դադարեցված է։

Արձանագրված միջադեպը հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի հայատյաց, ցեղասպան ու ֆաշիստական վարքագծի հերթական ապացույցն է, որի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր բազմիցս հայտարարել ենք։ Ադրբեջանական կամայականություններին ու անպատժելիությանը պետք է վերջ դրվի, ինչը հնարավոր է Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի նման հանցավոր գործողությունների ուսումնասիրության եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար հստակ մեխանիզմների ներդրմամբ»։

Հիշեցնենք, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Ստեփանակերտի հիվանդանոց էր տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն: Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ե՛ւ Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության օպերատիվ խմբերի, ե՛ւ Քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարվում էին օպերատիվ-հետախուզական եւ քրեադատավարական միջոցառումներ: Հետո նոր հանգամանքներ պարզ դարձան: Մասնավորապես, Արցախի դատախազությունը հայտարարություն տարածեց, որում ասվում էր. «Նոյեմբերի 8-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, Շուշի քաղաքի մերձակա խաչմերուկում ադրբեջանցի զինծառայողի կողմից կրակոցներ են արձակվել ջրատար խողովակների վերանորոգման աշխատանքներ իրականացնող՝ «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ աշխատակիցների վրա: Կրակոցների հետեւանքով մեկը տեղում մահացել է, իսկ երեք հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն: Վերջիններս վիրավորումը ստացել են կրծքավանդակի եւ պարանոցի հատվածում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի հանգամանքները պարզելու, իրական պատճառները բացահայտելու եւ իրավական գնահատական տալու համար Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության օպերատիվ խմբերի ու Քննչական կոմիտեի քննիչների կողմից տեղում կատարվում են անհետաձգելի հետախուզական, քննչական ու դատավարական այլ գործողություններ: Հաշվի առնելով, որ դեպքի վայրում կատարվում են քննչական գործողություններ, ուստի կարճ ժամանակով երթեւեկությունն այդ հատվածում դադարեցվել է»:

Լարվածությունը կապվում է Փաշինյան-Պուտին-Ալիեւ հնարավոր հանդիպման հետ: Կրեմլը հայտարարում է, որ Պուտին – Փաշինյան – Ալիեւ եռակողմ հանդիպում պլանավորվում է, սակայն չկա ստույգ պայմանավորածություն, թե երբ պիտի տեղի կունենա երեք առաջնորդների տեսակոնֆերանսը։

«Իսկապես, մենք հաստատել ենք, որ աշխատանքներ են տարվում նման հանդիպման նախապատրաստման ուղղությամբ, սակայն այստեղ ուզում եմ նշել, որ մինչ այժմ ստույգ պայմանավորվածություններ եւ դրան վերաբերող փոխըմբռնում, թե երբ կարող է նման տեսակոնֆերանսը տեղի ունենալ, դեռ չկա», – երեկ լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Պեսկովը։

Ն.Հ.

 

 

ՄԻ ՆԱՄԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկում տեղի ունեցած սպանությունից, թե ինչու է աղջկա եղբայրը սպանել ապագա փեսային:

Այսպիսով, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերի լույս 8-ի գիշերը 36-ամյա Արսեն Սիմոնյանն իր նշանած աղջկա տանն է եղել, եւ ընտանիքի անդամներով զրուցել են տարբեր թեմաներից: Զրույցի ընթացքում փեսայի հեռախոսահամարին նամակ է եկել: Արսեն Սիմոնյանի ապագա հարսնացուն հետաքրքրվել է, թե ով այդ ժամին նամակ գրեց: Արսեն Սիմոնյանը հրաժարվել է ընկերուհուն տալ հեռախոսը եւ առհասարակ ցույց տալ, թե ով է իրեն նամակ գրել: Հեռախոսահամարին եկած նամակի շուրջ զույգերի մեջ սկսվում է տհաճ խոսակցություն, որի ժամանակ Արսեն Սիմոնյանը բռնում է իր հարսնացուի կոկորդը: Այս տեսարանը տեսնում են հարսնացուի ընտանիքի անդամները եւ խառնվում են նրանց վեճին, հնչում են հայհոյանքներ, որից հետո աղջկա եղբայրը դանակով հարվածում է ապագա փեսային՝ Արսեն Սիմոնյանին, ինչից էլ նա մահանում է: Ձերբակալվել են սպանվածի հարսնացուն, հարսնացուի մայրը եւ եղբայրը։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հայտնել էր, որ նոյեմբերի լույս 8-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը դանակով հարձակվել է Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկի վրա։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբն ու տարածքում գիշերային ծառայություն իրականացնող պարեկները մեկնեցին Հաղթանակ թաղամաս։ Ահազանգողի նշած փողոցի թիվ 20 տանը իրավապահները հայտնաբերեցին 36-ամյա Արսեն Սիմոնյանի դին։ Մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներ կային։ Տղամարդը Կոտայքի մարզի բնակիչ էր։ Մալաթիայի ոստիկանները տեղում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզեցին հետեւյալը. նախնական տվյալներով՝ տանը հացկերույթ էր եղել, որին մասնակցել էր նաեւ տան բնակիչներից 27-ամյա աղջկա ընկերը՝ Արսեն Սիմոնյանը։ Հացկերույթի ընթացքում վեճ էր սկսվել, որի ժամանակ աղջկա եղբայրը դանակով հարվածներ էր հասցրել ապագա փեսային: Ստացած վնասվածքների հետեւանքով տղամարդը մահացել էր։ Մալաթիայի ոստիկանները 22-ամյա երիտասարդին հայտնաբերել ու ներկայացրել են տարածքային քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Երիտասարդը ձերբակալվել է։ Հայտնաբերվել է նաեւ հանցագործության գործիք դանակը, որն առգրավվել է։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐ

Շարունակվում է Լոռու մարզի դատախազության եւ մյուս իրավապահ մարմինների մարզային կառույցների հետեւողական գործունեությունը ապօրինի անտառահատումների դեմ պայքարում, անտառպահպանության եւ անտառախախտումների արձանագրման համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական պարտականությունների չկատարման հետ կապված հանցավոր դրսեւորումներին իրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ոլորտում:

 

Շրջակա միջավայրի նախարարության տեղեկացմամբ՝ մասնավորապես Լոռու մարզի դատախազության դատախազների հսկողության ներքո քննվող քրեական գործերով կատարված նախաքննության ընթացքում, բավարար ապացույցների գնահատմամբ, 2021թ. հոկտեմբերի 25-ից 30-նն ընկած ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ Լոռու մարզի անտառտնտեսությունների մասնաճյուղերի տարբեր անտառպետություններ 3 անտառապետի եւ 3 անտառապահի վերաբերյալ 6 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով առաջադրված մեղադրանքներով, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու։

Նշված պաշտոնատար անձինք մեղադրվել են նրանում, որ ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ եւ հսկողություն ապօրինի անտառահատումների ու անտառային օրենսդրության այլ խախտումների նկատմամբ, անհրաժեշտության դեպքում կազմել խախտման արձանագրություններ, ստուգել բնափայտի մթերման, այլ տեսակի անտառօգտագործման իրավունք ընձեռող փաստաթղթերն ու հսկողություն սահմանել անտառօգտագործողների կողմից դրանց կատարման նկատմամբ, անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք են դրսեւորել իրենց ծառայության նկատմամբ, չեն կատարել իրենց վրա դրված պարտականությունները, իրենց վստահված պահաբաժիններում պարբերաբար շրջայցեր չեն իրականացրել, չեն կազմել շրջայցերի վերաբերյալ արձանագրություններ, չեն հայտնաբերել եւ չեն արձանագրել ապօրինի հատված ծառերը:

Արդյունքում հայտնաբերվել է նրանց հսկողության գոտիներում ապօրինի հատված 346 տարբեր տեսակի եւ տրամագծերով ծառ, որի հետեւանքով բնությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 37մլն ՀՀ դրամի չափով վնաս։ Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց պատկանող գույքերի վրա դրվել է կալանք։




Լրահոս