Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով: Նշված քրգործը հարուցվել է Տավուշի մարզի բնակիչ, 57-ամյա Ն.Ռ.-ի մահվան փաստով: Նոյեմբերի 4-ին Տավուշի մարզի բժշկական կենտրոններից մեկից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային տրամվա եւ կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ն.Ռ.-ն: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վահան Ազատյանը, ինչպես նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Խաչատրյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը հիվանդանոց տեղափոխվածին իր տանը՝ անկողնում, անգիտակից վիճակում հայտնաբերել է նրա ազգականը: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին եւ քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում եւ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Նոյեմբերի 5-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որ Ն.Ռ.-ն, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախուզության եւ համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, այնուհետեւ Տավուշի մարզում հայտնաբերել են այդ կասկածյալին, որը բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին: Փաստերի ճնշման տակ նա խոստովանել է, որ ինքն է հարվածներ հասցրել եւ մարմնական վնասվածքներ պատճառել մահացածին: 39-ամյա կասկածյալ Գ.Խ.-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից ներկայացրել են Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է: Նրա մոտ հայտնաբերվել է մահացածի տանից գողացված բջջային հեռախոսն ու լիցքավորիչը, իսկ վերնաշապիկի վրա առկա են եղել արնանման հետքեր, եւ ըստ կասկածների, հնարավոր է՝ դա լինի Ն.Ռ.-ի արյունը: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Նոյեմբերյան քաղաքի 57-ամյա բնակչուհու մահվան հանգամանքները: ՔԿ-ից հայտնել են՝ քննությամբ պարզվել է, որ 2021թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 07:00-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի 57-ամյա բնակչուհու տանը վիճաբանություն ու քաշքշուկ է առաջացել վերջինիս եւ նույն քաղաքի 39-ամյա բնակչի միջեւ, որի ընթացքում նշված տղամարդը դիտավորությամբ հարվածներ է հասցրել 57-ամյա կնոջ դեմքի եւ գլխի շրջանում, որի հետեւանքով նա մի քանի անգամ ընկել է հատակին: 57-ամյա կնոջը պատճառվել են կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ: 2021թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ վերջինս մահացել է: Հիշյալ 39-ամյա տղամարդու մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն. վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, եւ տվել է խոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է:
Ն. Պ.
ԹԻՎԸ ՉԳԻՏԵՆ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել 2020թ. աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմում Տավուշի մարզից զոհերի, գերիների եւ անհետ կորածների թվի մասին։ Մարզպետարանից ստացված գրավոր պատասխանում նշված է, որ 2020թ. աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմի զոհերի, գերիների եւ անհետ կորածների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն Տավուշի մարզպետարանում առկա չէ։ Ինչպե՞ս է Տավուշի մարզպետարանը համակարգում պատերազմում զոհվածների, գերիների, անհետ կորածների ընտանիքներին սոցիալական օգնությունների տրամադրման գործը, եթե պատերազմից մեկ տարի անց չգիտի այդ ընտանիքների թիվը։ Տավուշի մարզպետարանից տեղեկացանք նաեւ, որ մարզպետարանի աշխատակիցները 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ստացել են 68 միլիոն 24 հազար 800 դրամ պարգեւավճար։ Մարզպետարանի աշխատակիցները Արցախում պատերազմի զոհերի, գերիների, անհետ կորածների թվի վերաբերյալ անհրաժեշտ, կարեւոր տեղեկատվության չեն տիրապետում, այսինքն՝ լավ չեն աշխատում, սակայն համեմատաբար բարձր աշխատավարձից զատ, ճոխ պարգեւատրվում են պետական բյուջեից։
ՁԱԽՈՂՎԱԾ
Տավուշի մարզպետարանը հայտնում է, որ նոյեմբերի 2-ի դրությամբ մարզում կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստում են ստացել 18625, երկրորդ պատվաստում՝ 8451 անձ: Տավուշի մարզպետին գրավոր հարցում ուղարկելով՝ տեղեկացա, որ մարզի առողջապահության ոլորտի աշխատակիցների 86 տոկոսը, մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների աշխատողների 65 տոկոսն է պատվաստվել Covid-19-ի դեմ: 121 հազար 500 բնակիչ ունեցող Տավուշի մարզում պատվաստման շատ ցածր ցուցանիշ կա։ Տավուշի մարզպետը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանն է, որն այդ պաշտոնին նշանակվել է Նիկոլ Փաշինյանի՝ 2021թ. ապրիլի 8-ի որոշմամբ։
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՀԱԿԱՍՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻՆ
Պաշտոնական Երեւանը հերքում, Մոսկվան հաստատում է՝ առաջիկայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջեւ հանդիպում նախատեսվում է: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր. «Այո, իսկապես, նման հանդիպում նախապատրաստվում է եւ նախապատրաստվում է տեսակոնֆերանսի ձեւաչափով»։ Ռուսական պետական «ԼվՑպՐՒՈՍր» գործակալության փոխանցմամբ՝ հանդիպումը նախատեսված է կազմակերպել այս շաբաթվա սկզբին: Թե կոնկրետ որ օրը, այդ մասին ո՛չ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը, ոչ էլ «ԼվՑպՐՒՈՍր»Ս-ը չեն հայտնել։ Նշենք, որ Պեսկովի հայտարարությունից ընդամենը ժամեր անց հետեւեց վարչապետ Փաշինյանի՝ հանդիպումը հերքող հայտարարությունը:
ԴԵՌ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԽՆԴԻՐԸ
2010թ. կատարվել է համայնքների վարչական սահմանների ճշգրտում, Նոյեմբերյանի տարածաշրջանի անասնապահների կողմից ավանդաբար օգտագործվող հողատարածքները՝ արոտավայրեր, նաեւ խոտհարքներ, տրվել են Իջեւանի եւ Դիլիջանի տարածաշրջանների համայնքներին, մասնավորապես՝ Ներքին Ծաղկավան եւ Հաղարծին համայնքներին։
Այդ համայնքներն էլ պետական սեփականություն հանդիսացող հողերը վարձակալությամբ տվել են «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամին։ Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարները նախկինում բարձրացրել են այդ խնդիրը, Նոյեմբերյանի համայնքապետարանն այդ առթիվ դիմել է այն ժամանակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին գրավոր հարցրել եմ, թե ինչ լուծում գտավ այդ խնդիրը։ Մարզպետարանից պատասխանել են. «2010 թվականին ընդունվեց ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, համաձայն որի՝ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերն ընդգրկվեցին համայնքների վարչական սահմաններում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 27.10.2005 թվականի N 1873-Ն որոշմամբ հաստատված հայեցակարգով, ըստ որի՝ նշված հողատարածքները բաշխվել են միայն սահմանակից համայնքների միջեւ: Արդյունքում դժգոհություններ առաջացան ինչպես այդ հողատարածքներից մշտապես օգտվող եւ ոչ սահմանակից գյուղական համայնքներում, այնպես էլ 2-րդ եւ ավելի հատվածները այլ համայնքների վարչական տարածքներում ընդգրկելու հարցում։ Նշված խնդիրը խոշորացման արդյունքում իր լուծումը ստացավ Բերդ եւ Դիլիջան համայնքներում, բացառությամբ Հաղարծին բնակավայրի վարչական տարածքում ընդգրկված հողատարածքների մի հատվածի, որը մշտապես տնօրինվել եւ օգտագործվել է Իջեւանի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների կողմից եւ արտահայտված է եղել նախկին Իջեւանի շրջանի քարտեզներում: Հարկ է նշել, որ գործընթացի իրականացման ընթացքում նախկին Հաղարծին համայնքի ղեկավարը բազմիցս իր դժգոհությունն է հայտնել եւ պատրաստակամ է եղել տվյալ հատվածը համայնքի վարչական սահմաններից հանելուն, քանի որ իրենց կողմից այդ տարածքները երբեւէ չեն տիրապետվել, եւ այժմ էլ այն տիրապետելը գրեթե անհնար է՝ ռելիեֆից ելնելով, ճանապարհների բացակայության պատճառով: Հաշվի առնելով վերը շարադրվածը, ինչպես նաեւ համայնքների կողմից ներկայացված դժգոհությունները՝ կազմվել եւ սահմանված կարգով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին է ներկայացվել ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: Նշված օրենքի նախագիծը ներկայումս գտնվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 07.02.2005թ. N67-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի քննարկման փուլում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ