ՄԱՀՃԱԿԱԼԱՅԻՆ ՖՈՆԴՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առաջիկա շաբաթվա ընթացքում, ամփոփելով այս ընթացքում իրականացված պատվաստումները եւ մահերի համադրություն իրականացնելով, կհրապարակենք, որ ունեցել ենք դեպքեր, որ պատվաստված լինելու պարագայում էլ, ցավոք սրտի, քովիդից մահացել են»,- հայտարարել է ՀՀ առողջապահության  նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ այդ տեղեկատվությունն առաջիկայում կհրապարակվի։ Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարությունը ռեստրոսպեկտիվ միջոցներ չունի՝ պարզելու համար, թե կովիդից մահացածը պատվաստման սերտիֆիկատը ձեռք է բերել առանց պատվաստվելու, թե իրոք պատվաստված է եղել, եւ այդ անկարողությունը հարցեր կառաջացնի պատվաստման արդյունավետության վստահության վրա:

 

«Իրավապահները պետք է շարունակեն կանխարգելիչ միջոցներ իրականացնել եւ խստորեն արձագանքել՝ նման դեպքերը բացահայտելով։ Վատ եմ ինձ զգում ասելու, բայց նաեւ խստորեն արձագանքելով, որովհետեւ նման արարքը վտանգում է տվյալ անձի կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ հանրային առողջությունը»,-հայտարարել է նախարարը:

«Պատվաստումն արդյունավետ միջոց է, բայց մենք չենք կարող բացառել թե՛ վարակելիությունը, թե՛ հիվանդացության ծանր ընթացքը եւ թե՛ մահացությունը»,- ասել է նա: Ավանեսյանի խոսքով՝ այլ երկրներում էլ պատվաստված անձինք 98-99 տոկոսով հիվանդությունն անցնում են թեթեւ, միջին ծանրությամբ, եթե վարակվում են: «Շատ-շատերը չեն էլ զգում, որ վարակվել են, սիմպտոմներ չեն ունենում, որովհետեւ պատվաստված են: Բայց, իհարկե, լինում են նաեւ մահացության դեպքեր»,-ասել է նա՝ ընդգծելով, որ դա որեւէ ձեւով չպետք է ստվերի պատվաստման արդյունավետությունը։

«Այո, պատվաստումներն էլ, ինչպես ցանկացած դեղամիջոց, բժշկական միջամտություն, ունեն արդյունավետության աստիճան, եւ որեւէ բան հարյուր տոկոսով երաշխիք չի կարող տալ»,-հավելել է նա: Ա. Ավանեսայնի խոսքով՝ այն դպրոցները, որտեղ դասարանի 10 տոկոսի չափով կորոնավիրուսի դեպքեր կլինեն, կամ ուսուցչական կազմում կլինեն դեպքեր, այդ դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման ռեժիմին։ «Ցավոք սրտի, համավարակը մտավ մեր կյանք, ու մենք որեւէ ժամանակագրական պատկերացում չունենք՝ այն կավարտվի երկու ամսից, վեց ամսից, մեկ տարուց, երկու տարուց։ Եթե նախորդ տարի կտրուկ «լոքդաուն»-ները արդարացված էին ու թույլ տվեցին մեզ առողջապահական համակարգերը բերելու պատրաստվածության աստիճանի, դրանք անընդհատ պահպանելը երկարաժամկետ առումով բավական վնասակար հետեւանքներ է ունենում»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը իր ուղեցույցների մեջ նշել է, որ դպրոցների փակումը կամ կիսատ ռեժիմով վարումը պետք է հնարավորինս կարճ ընթացքներով իրականացնել, որովհետեւ կան երեխաների թե՛ հոգեկան առողջության, թե՛ զարգացման, թե՛ թերսնուցման ու մի շարք այլ խնդիրներ, որոնց վրա չի կարելի աչք փակել։ «Ես՝ որպես առողջապահության նախարար, հակված եմ, որ տոտալ «լոքդաուն»-ները շատ էֆեկտիվ կարճաժամկետ արդյունք են ցույց տալիս, բայց մենք չունենք այդ ժամանակը։ Մեկ շաբաթ արձակուրդը եւս մեկ շաբաթով երկարաձգելը մեզ մի պահ հնարավորություն է տալիս մեղմելու իրավիճակը։ Այն դպրոցները, որտեղ կլինեն տեղական բռնկումներ, կգնան հեռավար ուսուցման կարգի, թիրախային մոտեցում կկիրառենք»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ այս տարի ունենք սուր շնչառական հիվանդությունների բավական մեծ աճ. եթե անցյալ տարի քովիդն ու դրա հետ կապված սահմանափակող միջոցառումները բերել էին շարժերի կտրուկ նվազման, ինչն իր հերթին հանգեցրել էր այլ մանկական վարակների շատ մեծ նվազման, այս տարի ունենք համակցված իրավիճակ՝ մի կողմից սուր շնչական վարկաներն են, մյուս կողմից՝ կորոնավիրուսը: «Առողջապահության համակարգի վրա ազդեցությունը սարսափելի է: Մեր ամբողջ հանրապետական մահճակալային ֆոնդն ամբողջությամբ օգտագործվում է այս պահին: Բացի երեխաներից, նաեւ երիտասարդների շրջանում ունենք հիվանդության ծանր ընթացքով դեպքեր եւ մահացության դեպքեր: Մենք ամիսը մեկ հրապարակում ենք կովիդով հիվանդացության եւ մահացության սեռատարիքային կազմը»:

Ն. Պ.

 

 




Լրահոս