Երեկ մեծ էկրան բարձրացավ «Մեր բակը՝ 25 տարի անց» գեղարվեստական ֆիլմի 4-րդ մասը: Ֆիլմի հայտնի հերոսները՝ Լալան, Աշոտը եւ Հրանտը, վերադարձել են նոր պատմությամբ, նոր հումորային մոտեցումներով եւ խաղով:
«Ժողովուրդ» օրաթերթը սիրով իր ընթերցողներին ներկայացնում է «Մեր բակը՝ 25 տարի անց» ֆիլմի պրեմիերայի գլխավոր հյուրերին:
Ֆիլմի ռեժիսոր Արշալույս Հարությունյանի աչքերով հայտնի բակը նույնն է, հերոսները՝ եւս, բայց նրանց միացել են նոր դեմքեր՝ բակի երեխաները, որոնք մեծացել են, եւ չնայած ծավալվող բոլոր իրադարձություններին ու փոխված իրավիճակներին՝ գաղափարը նույնն է, եւ ֆիլմում չի փոխվել կարեւոր մի բան՝ երեւանյան շունչն ու կոլորիտը։
«Շատ ուրախ եմ, որ ես էլ դարձա «Մեր բակի» ընտանիքի անդամ: Սկզբում կարծում էի՝ ամենահուզիչ ու պատասխանատուն այն պահն էր, երբ ես առաջարկություն ստացա ֆիլմը նկարահանելու: Հետո ինձ թվաց, որ ամենահուզիչ ու պատասանատու պահն այն էր, երբ ես նկարահանումների մեջ էի, իսկ այժմ հասկանում եմ, որ ամենապատասխանատու պահը հիմա է, երբ հազարավոր մարդիկ բոլոր կինոթատրոններում այսօրվանից արդեն նայելու են մեր նոր աշխատանքը: Իսկապես շատ հուզված եմ»,-ասաց Արշալույս Հարությունյանը:
Ֆիլմի առանցքային կարեւոր կետերից է նաեւ այն, որ 25 տարի հետո դերասանները կարողանան կրկին նույն էմոցիաները եւ նոստալգիկ հույզերը պարգեւել այնպես, ինչպես եղել է 25 տարի առաջ:
Նշենք, որ «Մեր բակը՝ 25 տարի անց» ֆիլմի սցենարիստներն են Աշոտ Աբրահամյանը, Սարգիս Մնոյանը եւ Ռուբեն Ջաղինյանը: Դերերում հանդես են գալիս Հրանտ Թոխատյանը, Լալա Մնացականյանը, Աշոտ Ղազարյանը, Արուս Տիգրանյանը, Տարոն Իսպիրյանը, Ֆընգ Յանգմենգը, Արտաշես Ալեքսանյանը, Լիլի Մորտոն, Զիրոյանը, Հակոբ Փոքրավորյանը եւ այլք: Գլխավոր պրոդյուսերը Ռուբեն Ջաղինյանն է, պրոդյուսերներից են նաեւ Արման Միտոյանն ու Տիգրան Վիրաբյանը: Ֆիլմը ներկայացնում են «Առաջին ալիքն» ու «Շարմ» հոլդինգը:
Ի դեպ, հիշեցնենք, որ «Մեր բակը» նախագիծը միավորում է միանման գաղափարներով 3 ֆիլմ՝ երեւանյան բակի կյանքի մասին։ Առաջին ֆիլմի պրեմիերան կայացել է 1997 թվականին՝ Ամանորի գիշերը։ «Մեր բակը» երաժշտական կատակերգությունը պատմություն է երեւանյան մի տիպային բակի առօրյայից՝ իր ներքին մանր խարդավանքներով, փողոցային պարզաբանումներով, սիրային պատմություններով։ Կինոնկարի կերպարներից են շենքի լիազորը, որին բոլորն անհանգստացնում են իրենց անվերջ բողոքներով, ոչ մի լուր բաց չթողնող, բամբասկոտ հարեւանուհին, ընթերցասեր եւ մեծ գրողներից մեջբերումներ անող տաղտկալի ու տարօրինակ ամուրին, անհաջողակ նկարիչը, բարեհոգի պաշտոնյան եւ շատ ու շատ ուրիշներ։
«Մեր բակն» ունեցել է 3 մաս։ Առաջին «Մեր բակի» պրեմիերան կայացել է 1997թ.-ին, երկրորդը` 1998թ.-ին, երրորդը` 2006թ.-ին։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՓՈՐՁԻ ՊԱԿԱՍԸ ԽԱՆԳԱՐԵՑ
«Կարող էի ոսկե մեդալ նվաճել, բայց փորձի պակասն ինձ խանգարեց»,- ասել է բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը: Բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոնը բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի եւ Հայաստանի թիմի հետ Սերբիայից վերադարձավ հայրենիք: «Զվարթնոց» օդանավակայանում մեդալակիներին մեծ շուքով դիմավորել են բազմաթիվ երկրպագուներ, պաշտոնյաներ: «Շատ լավ ստացվեց աշխարհի առաջնությունն ինձ համար: Չէի սպասում, որ կկարողանամ եզրափակիչ դուրս գալ: Շատ բարդ մրցակցություն էր: Բոլոր մրցակիցներս ուժեղ էին: Ինձ համար բարդ ստացվեց եզրափակիչ մենամարտը: Այստեղ ինձ փորձի պակասը խանգարեց հաղթելու համար: Կարող էի նաեւ ոսկե մեդալ նվաճել, բայց փորձս քիչ էր: Շատ ուրախ եմ եւ զգացված, որ ժողովուրդը եկել է մեզ դիմավորելու, հաճելի է տեսնել, որ մեր հաղթանակները ուրախացնում են մեր ազգին: Նաեւ պարտավորեցնող է»,- ասել է 24-ամյա Դավիթ Չալոյանը, որն առաջին անգամ մասնակցեց մեծահասակների աշխարհի առաջնությանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 7-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը 12 տարի անց եզրափակիչի մասնակից ունեցավ: Կարեն Աղամալյանի գլխավորած թիմից արծաթե մեդալ նվաճեց Դավիթ Չալոյանը (+92 կգ), բրոնզե մեդալ՝ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ)։ Սա Հովհաննես Բաչկովի երրորդ բրոնզե մեդալն է աշխարհի առաջնություններում:
ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՄՈԴԵԼԻ ՀԵՏ
Ամերկացի ռեփեր Քանյե Ուեսթը՝ Քիմ Քարդաշյանի նախկին սիրելին, սկսել է հանդիպել 22-ամյա մոդել Վենետերիայի հետ. հայտնում է Page Six-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։ Ուեսթին եւ Վենետերիային միասին տեսել են ռեփերի՝ «Drink Champs»-ին տված հարցազրույցից առաջ, ապա կիրակնօրյա արարողության ընթացքում։ Վերջերս նրանք միասին ներկա են գտնվել Մինեապոլիսում «Donda Academy»-ի բասկետբոլային հանդիպմանը։ «Ինսայդեր»-ին մոտ կանգած աղբյուրը հաստատել է, որ հիփ-հոփ արտիստն ու 22-ամյա մոդելը սկսել են հանդիպել։ Ի դեպ, ռեփերի նախկին կինը՝ Քիմ Քարդաշյանը, սկսել է հանդիպել ամերիկացի դերասան Փիթ Դեւիդսոնի հետ։
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Սույնով տեղեկացնում ենք, որ «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության (ստորեւ՝ Բանկ)՝ քաղաք Երեւան, 0014, Հ?Ներսիսյան 1 հասցեում գործող «Զեյթուն» մասնաճյուղի գործունեությունը դադարեցվելու է 2021թ. Նոյեմբերի 29-ից՝ համաձայն Բանկի խորհրդի 23.09.2021թ. որոշման: Մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլատրվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ 29.10.2021թ. թիվ 1/566Ա որոշմամբ։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Բանկ +37460 655000 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի ինտերնետային կայք՝ www.hsbc.am: «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերություն:
ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄՈՒՄ Է 8-9%
2021 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մեծությունը հասել է 220 միլիարդ դրամի՝ միայն երրորդ եռամսյակի ընթացքում աճելով ավելի քան 7 միլիարդ դրամով: Ընկերության կողմից կառավարվող կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդերի միջին տարեկան եկամտաբեությունը տատանվել է 8%-9% միջակայքում՝ կախված ֆոնդի տեսակից։ Ընդ որում, 220 միլիարդ դրամի հիմնական մասը՝ շուրջ 69%-ը, ներդրված է Հայաստանի Հանրապետությունում, իսկ մնացած 31%-ը կազմում են արտասահմանյան ներդրումները, որից մոտ 20%-ը անուղղակիորեն ներդրված է բազմաթիվ ընկերությունների կողմից թողարկած բաժնետոմսերում, իսկ մնացյալ 10%-ը՝ միջազգային տարբեր կազմակերպությունների եւ պետությունների թողարկած պարտատոմսերում։
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության ֆոնդերի երկարաժամկետ եկամտաբերության բոլոր ցուցանիշները դրական են. ֆոնդերի ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերությունը կազմում է 8-9%: Պետք է նշեմ, որ ֆոնդերի եկամտաբերությունը անհրաժեշտ է դիտարկել երկարաժամկետ կտրվածքով, քանի որ դրանց կառավարման ռազմավարությունն ունի երկարաժամկետ բնույթ»,-նշում է ընկերության ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը։
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:
ՊԱՐՏԱՎՈՐ ՉԵՆ
Ֆրանսիական ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հայտարարել է, որ պարտավոր չեն բաց թողնել Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին եւ Լեանդրո Պարեդեսին ազգային թիմի նոյեմբերի ընտրական խաղերին։ Ֆուտբոլիստները վերականգնվում են վնասվածքներից հետո։ «Մենք համաձայն չենք, որ պարտավոր ենք բաց թողնել ֆուտբոլիստներին ազգային թիմեր, երբ նրանք վատ ֆիզիկական վիճակում են կամ վնասվածքներից հետո վերականգնման փուլում են։ Դա տրամաբանական չէ։ ՖԻՖԱ-ն պետք է կարգավորի այդ ընթացակարգը իրավական տեսանկյունից»,- Լեոնարդոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։ Մեսին դեռ բուժում է ծունկը, իսկ Պարեդեսը վերսկսել է մարզումները ազդրի վնասվածքից հետո։ Արգենտինայի հավաքականը հրավիրել է նրանց եւ հույս ունի խաղադաշտ դուրս բերել նոյեմբերի 17-ին խմբի առաջատար Բրազիլիայի դեմ խաղին։