ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ՍՏՎԵՐԱՅԻՆ ԿԱԴՐԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը մի քանի ամիս է՝ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է: Տեղեկությունը Երեւանի քաղաքապետարանից էլ են հաստատում՝ նշելով, որ քաղաքապետ Հայկ Մարությանի՝ դեռեւս սեպտեմբեր ամսին տված հանձնարարականի հիման վրա՝ Վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացրել Գրիգորյանի ղեկավարած կառույցում: «Ուսումնասիրության նյութերը հոկտեմբեր ամսվա վերջին փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ բոլոր հանգամանքները պարզելու եւ համապատասխան ընթացք տալու համար»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ չմանրամասնելով, թե ուսումնասիրությունից հետո իրավապահներին մասնավորապես ինչ տեղեկություններ են փոխանցվել: Մեր ունեցած տեղեկություններով՝ Գրիգորյանը, որ, ըստ տարածված լուրերի, քաղաքապետի կնոջ ընկերուհու ամուսինն է, պատերազմի ժամանակ բանակի խնդրանքը չի կատարել: «Բանակի ներկայացուցիչները Գրիգորյանին խնդրել են իրենց փոխանցել աղբահանություն իրականացնող բեռնատարների անվադողերը՝ սահմանին ամրաշինական աշխատանքներ իրականացնելու համար: Հիմնարկի տնօրենը, սակայն, նախընտրել է այն մի քանի հազար դրամով վաճառքի հանել,- «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց ԱԱԾ-ին մոտ կանգնած աղբյուրը՝ հավելելով։- Այս պահին նույնպես իրավապահները հետաքրքրված են Գրիգորյանով: Չի բացառվում, որ նա առաջիկայում ձերբակալվի»: «Ժողովուրդ» օրաթերթը վերոնշյալ տեղեկությունները ճշտելու համար փորձեց պարզաբանում ստանալ հենց Արմեն Գրիգորյանից։ Նա, սակայն, հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ հորդորելով մամուլի քարտուղարին դիմել: Վերջինս տեղեկացրեց, որ անվադողերի հետ կապված պատմությունից անտեղյակ է: Կարապետյանը հերքեց նաեւ, որ Գրիգորյանի ու Մարությանի կանայք մտերիմ ընկերուհիներ են: Հայկ Մարությանին ենթակա աշխատակիցները, որ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո, իբրեւ թե, եկել էին վերջ դնելու կոռուպցիային, փաստորեն, ԱԱԾ ուշադրության կենտրոնում են հայտնվել: Դա վկայում է այն բանի մասին, որ Մարությանի հայտարարությունները, թե քաղաքապետարանում մութ գործարքներ չեն լինելու, ուղղակի հայտարարություններ են մնացել: Դրանք ոչ միայն լինում են, այլ արվում են բավականին հանդուգն եղանակով: Ի դեպ, այս հիմնարկը, որի տնօրենը կոռուպցիոն գործարքների կիզակետում է, ստեղծել է հենց Մարությանը իր հավատարիմներով: Նրանք դաշտից դուրս թողեցին «Սանիտեկ» ընկերությանը, ինչի առիթով դատարաններում դեռ քաղաքային իշխանությունը պետք է պատասխան տա:

 

 

Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանը նոյեմբերի 8-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին չի մասնակցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ հանգամանքը ընդդիմադիր խմբակցության ներսում բավականին բուռն կրքեր է հարուցել։ Պատգամավորները զարմացել, ապա նախատել են Գեւորգյանին, թե ինչպես է համարձակվել բացակայել մի հանրահավաքից, որին անձամբ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է մասնակցել: Մեր տեղեկություններով՝ հայաստանականները միմյանց միջեւ քչփչացել են, թե նրա՝ հանրահավաքին ներկա չլինելը նախեւառաջ վերաբերմունք է. ի՞նչ ավելի կարեւոր գործ կարող էր լինել, քան դեռ ամիսներ առաջ նախատեսված հանրահավաքը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց կապ հաստատել Արմեն Գեւորգյանի հետ ու լսել նաեւ նրա տեսակետը, սակայն մեր ոչ միայն զանգերը, այլ նաեւ օգնականի միջոցով ուղարկված հաղորդագրությունն անպատասխան մնացին:

 

 

Նախաքննական մարմիններում, մասնավորապես՝ ՀՔԾ-ում, Զինվորական քննչական վարչությունում մի շարք նախկին պաշտոնյաների վերաբերյալ հարուցված քրեական գործեր կան: Մասնավորապես, այնտեղ է քննվում ՀՀ զինված ուժերի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն երկար ժամանակ է, ինչ այդ գործով քննչական գործողություններ չեն կատարվում: Այսինքն՝ Մովսես Հակոբյանին կանչել են հարցաքննության, ու գործը դոփում է տեղում: Քննչական կոմիտեում է քննվում, օրինակ, Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթեցման մասով հարուցված քրեական գործը, որից մեկ տարի է անցել, եւ գործը մնում է տեղում: Այս գործով էլ միայն Ջալալ Հարությունյանին են հարցաքննել: Այս եւ մի շարք այլ գործերով մեկ տարի է անցել, սակայն որեւէ նորություն չեն կարողանում գտնել կամ ներկայացնել հանրությանը:

 

 

 

Հայաստանում սեղմված բնական գազի գինը, հնարավոր է, առաջիկայում բարձրանա: «Ժողովուրդ»  օրաթերթի հետ զրույցում այս մասին փոխանցեցին գազալցակայանների աշխատողները: Նրանց խոսքերով՝ առաջիկա ամիսներին սեղմված բնական գազի մեկ լիտրը, հնարավոր է, 20-30 դրամով թանկանա: Ի դեպ, որոշ գազալցակայաններում բնական սեղմված գազի մեկ լիտրը վաճառվում է 310, իսկ որոշներում՝ 320-330 դրամով: Մեզ հայտնի դարձավ, որ բենզինի գնի բարձրացումը գազալցակայանների ղեկավարներին ստիպել է մտածել գազի գինը բարձրացնելու մասին: Գազալցակայանների աշխատողների խոսքերով՝ բենզինի գինը 520 դրամի սահմաններում չի մնա, այն առաջիկայում է՛լ ավելի կբարձրանա եւ կհասնի 700 դրամի. «Եթե բենզինի գինը դառնա 700-800 դրամ, գազն էլ կթանկանա հաստատ»: Ի դեպ, տեղեկացնենք, որ հեղուկ գազի գինը եւս շարունակում է բարձր մնալ. մեկ լիտրը 260 դրամ է:

 




Լրահոս