«Հայաստան» դաշինքի նոյեմբերի 8-ին հրավիրած հանրահավաքից հասարակությունն առավելապաշտական ակնկալիքներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը: Նա այն համոզմանն է, որ այդ հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը փողոցային նոր պայքարի մասին ազդարարեց:
-Ընդդիմադիրների հանրահավաքն ի՞նչ էր, արդյոք հերթական ցուցադրո՞ւմն էր, որ իրենք գոյություն ունեն, թե՞ քաղաքական տարրեր կային: Որպես քաղաքագետ՝ Դուք ի՞նչ նկատեցիք:
-Ցույցը հրապարակային քաղաքական մասնակցության վարքի դրսեւորում է, եւ դա ակնհայտ էր այն իմաստով, որ հնչեցվել էին թեզեր, մոտեցումներ, այդ թվում նաեւ՝ փողոցային պայքարի փուլի անցումի հետ, եւ դա այդ պայքարի առաջին հանգրվանն է: Փողոցային պայքարը միայն միտինգով կամ ցույցով, ենթադրում եմ, որ չի սահմանափակվի: Մյուս կողմից՝ բավական ժամանակ է անցել, հետընտրական իրականությունում ենք, եւ պետք է հասկանալ, թե այդքան ընդդիմությանը աջակից հարյուր հազարավոր մարդկանց տրամադրվածությունը ինչպիսին է: Այսինքն՝ յուրահատուկ քաղաքական ռեսուրսի իվենտալիզացիա էր, որովհետեւ ակնհայտ է, որ ընդդիմությունը միայն Ազգային Ժողովում դրսեւորած վարքով չի կարող սահմանափակվել: Օբյեկտիվորեն նոր հանգրվանների պետք է հասնի, եւ դրանցից մեկը նաեւ հրապարակային պայքարն էր, այդ թվում նաեւ՝ միտինգի միջոցով: Միտինգում հնչեցված թեզերը, իհարկե, քաղաքական կոչեր էին, քաղաքական մեղադրանքներ էին, գնահատականներ էին, որոնք միտինգային քաղաքական ժանրին լիովին եւ ամբողջությամբ համապատասխանում էին, սակայն այստեղ մի այլ հարց կա. արդյոք այդ թեզերը լիովին արտացոլո՞ւմ են այն ակնկալիքները, որոնցով ընդդիմադիրները հայտնվել են Ազգային Ժողովում: Եթե խնդրին իրական գնահատակամ տանք, ապա նախ պետք է հասկանանք, թե ընդդիմությունն ինչ ներուժ ունի ինչպես ԱԺ-ում, ապա նաեւ ԱԺ-ից դուրս: Աժ-ում ունեն քաղաքական փոքրամասնության խմբակցություն. մեծ հաշվով ես իրենց կոչում եմ «քաղաքական կամիկաձեներ», փորձում են քաղաքական օրակարգ ստեղծել, երբեմն ստացվում է, երբեմն՝ ոչ: Ազգային Ժողովից դուրս ունեն իրավիճակ, երբ իրենց աջակիցներին գործող իշխանությունները ամենատարբեր մակարդակներով ճնշումների են ենթարկում, հոգեբանականից մինչեւ պաշտոնազրկումներ, կեղծ շինծու դատական պրոցեսներ եւ այլն: Այսինքն՝ ընդդիմություն կոչվածը մի քանի ֆրոնտով է փորձում պայքարել եղած ռեսուրսի շրջանակներում: Հենց այդ դիրքերից է պետք գնահատել իրենց արյունավետության գործակիցը:
-Քաղաքացիներն ասում են, որ մեկ տարի շարունակ ընդդիմությունը կրկնում է, որ իշխանությունները պետք է հեռանան, դավաճան են, հողատու են, եւ այլ տարբեր բնորոշումներ են տալիս, բայց տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նորից վերընտրվում է, եւ, փաստորեն, ընդդիմադիրների մի քանի ամսվա պայքարը զրոյանում է: Ո՞րն է այն խայծը, որ ընդդիմադիրներին նորից է հանել, եւ քաղաքացիները պետք է հետեւեն նրանց՝ հավատալով, որ այս անգամ կարող են հաջողել:
-Նախ ես մի տարվա պայքարը տարբեր փուլերի կտարանջատեի, որովհետեւ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո սկսած պրոցեսները եւ հետագայում դրանց քաղաքականացումը՝ 17+ ֆորմատով, այլ տրամաբանություն ունեին: Բայց խնդիրն այն էր, որ այն ժամանակ ընդդիմությունն ուներ շատ ավելի իրատեսական հնարավորություն իշխանությունը վերցնելու հենց փողոցի միջոցով, քան այսօր: Հետագայում գործող իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, հրաժարական տվեց, որպեսզի քաղաքական ճգնաժամին որոշակի լուծում տա: Հունիս 20-ի ընտրություններն արդեն շահեկան էին իշխանության համար: Նրանք վերադարձան «նախկինններ եւ ներկաներ» թեզերով, դա համեմեցին էմոցիոնալ, ագրեսիայի, ատելության քարոզի էլեմենտներով, կենցաղայնացրին դիսկուրսը, եւ արդյունքում ունեցանք այն, ինչ ունեցանք: Ես չեմ խոսում ընդդիմադիր ճամբարում ներքին սուր մրցակցության մասին, որը նաեւ խանգարեց, որպեսզի ընդդիմությունը շատ ավելի լայն ներգրավվածություն ունենա:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ ԱԱԾ ՆԿՈՒՂՈՒՄ
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի պաշտպանների՝ վերաքննիչ բողոքը՝ վերջինիս խափանման միջոց կալանավորումը փոխելու մասով: Ասել է թե՝ Ստեփան Գալստյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
Ավելին, 2 ամիս անց Ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաեւ Հատուկ քննչական ծառայության կողմից կալանավորված բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները ցուցմունք չեն տալիս, նրանք օգտվում են իրենց իրավունքից եւ կարող են ցուցմունք տալ կամ չտալ. վերջիններս նախընտրել են առայժմ ցուցմունք չտալ: Ինչպես հայտնի է, 2021 թվականի սեպտեմբերի 8-ին կալանավորվեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ըստ իրավապահների` Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք:
Աղվան Հովսեփյանը մինչ օրս ցուցմունք չի տալիս:
Նույն ամսվա մեջ՝ սեպտեմբերի 30-ին, դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը, եւ երկու ամսով կալանավորվեցին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ ՊՆ-ին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն: Դավիթ Տոնոյանը եւ Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն եւս ցուցմունք չեն տալիս: Տոնոյանն ու Պատրոն Դավոն անցնում են ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով:
Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ նա, ինչպես նաեւ ռազմամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ձերբակալվել են եւ այդ քրեական գործով մեղադրյալ ներգրավվել: Խոսքը շուրջ 4.7 միլիոն դոլարի չարաշահման մասին է: Նախաքննական մարմնի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ քրեական գործի մանրամասները ներկայացված չեն, միայն նշվում է, որ քրեական հետապնդում է հարուցել ԶՈւ նախկին եւ ներկա այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, առանց անունների: Ավելի ուշ կալանավորվեց ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, որը եւս ցուցմունք չի տալիս: Ստացվում է՝ 2 ամսվա մեջ կալանավորվում են 4 հայտնի նախկին պաշտոնյաներ, որոնց իրավապահները պահում են մեկ տանիքի տակ՝ «ԿԳԲ-ի պադվալ»-ում, եւ վերջիններս այս պահին որոշել են լռել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԲԱՎԱՐԱՐ ՉԷ
«Առաջնահերթ Հայաստանը պետք է դատապարտի Ադրբեջանի ցանկացած գործողություն, որովհետեւ եթե Հայաստանը չի իրականացնում իր ագրեսիվ քարոզչական քաղաքականությունը, աշխարհը նույնպես անտարբեր է լինում»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ «Մենք ինչքան խոսում ենք խաղաղությունից, այնքան ստանում ենք պատասխան ագրեսիա։ Այս ֆոնին մարդասիրական արժեքներից խոսող քաղաքակիրթ մարդկությունը լուռ նայում է, թե ինչպես է Ադրբեջանը նշում մարդասպանության իր տոնը։ Աշխարհը, իրոք, մեզ մենակ է թողել մեր բոլոր ցավերի մեջ։ Մեզ համար շատ կարեւոր պետք է լինի մարդու կյանքը։ Ադրբեջանական ագրեսիան այսօրինակ գործողություններով փորձում է «մատաղ անել» հայերին իրենց հաղթանակին, ինչը պետք է աշխարհը դատապարտի»,- նշել է նա։ Թ. Թովմասյանի խոսքով՝ իշխանությունը միայն «դատապարտում եմ» արտահայտությամբ չպետք է սահմանափակվի։ Բառը միայն բավարար չէ։ «Դատապարտման տեքստերը պետք է ուղարկվեն աշխարհի բոլոր կառույցներին, պետք է աշխարհից պահանջենք դատապարտել նման երեւույթները, որովհետեւ աշխարհն աչքերը փակում է, ասում է՝ ռուս խաղաղապահները ձեզ մոտ են, մենք այլեւս ոչինչ չունենք անելու, բայց արդեն երկրորդ դեպքն է՝ ռուս խաղաղապահի ներկայությամբ կրակ է արձակվում։ Ես հուսով եմ, որ ռուսական կողմն աչքի կընկնի օպերատիվությամբ եւ վերաբերմունք կարտահայտի, որովհետեւ սա ապտակ է նաեւ ռուսական կողմին։ Սա շատ վատ նախադեպ կարող է դառնալ, եթե թողնենք անհետեւանք»,- ասել նա: Ըստ Թագուհի Թովմասյանի՝ հնարավոր չէ պատկերացնել արցախցու, որը կցանկանա ապրել Արդբեջանի կազմում:
ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Ապամոնտաժել ու հափշտակել են Երեւանի աղբամանների թվով 9 անիվները: Արտակ Աղանիկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2021թ. հունիս ամսին՝ գործով չպարզված օրը եւ ժամին՝ Երեւան քաղաքի Բուռնազյան փողոցով քայլելու ընթացքում, տեսել է նույն փողոցի 37 հասցեում տեղակայված, Երեւան համայնքին պատկանող թվով 3 աղբամաններ, որից հետո ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակներով ապամոնտաժել եւ հափշտակել է նշված աղբամանների թվով 9 անիվները՝ Երեւան համայնքին պատճառելով զգալի չափերով՝ ընդհանուր 54.000 ՀՀ դրամի գույքային վնաս: