Կորոնավիրուսի բռնկումից եւ արցախյան պատերազմից հետո հեռուստառադիոգովազդային շուկան գրեթե փլուզվեց, եւ եթե այստեղ բերվում են 2019-ի տվյալները՝ շահումով խաղերի գովազդի տեսակարար կշռի մասին, ապա, մեր վերլուծություններով, այն 7 տոկոսից աճել է 12-15 տոկոսի։ Այս մասին ԱԺ-ում մեդիաոլորտի ներկայացուցիչների հետ «Գովազդի մասին» օրենքի քննարկմանն ասել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
Նրա խոսքով՝ որոշ հեռուստառադիոընկերություններում գովազդային մուտքերի՝ շահումով խաղերից ստացվածները կազմում են մինչեւ 15 տոկոս։ «Այստեղ երկու հանգամանք կա. մենք խոսում ենք միայն հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստա եւ ռադիոընկերությունների մասին, որոնք 2020-ին ընդունված օրենքով կատարում են որոշ գործառույթներ, որոնք բարձրացնում են իրենց հաղորդումների պատրաստման ինքնարժեքը եւ հավելյալ ֆինանսական ծախսեր են պահանջում։ Երկրորդ՝ երբ անցած տարի մրցույթը կայացավ, այն բոլոր մասնակիցները, որոնք մասնակցում էին սլոթերի համար մրցույթին, տվել էին զարգացման 7 տարվա ծրագիր, եւ բնական է, որ իրենց բյուջեներում հաշվարկել են բոլոր այն եկամուտները, որոնք պետք է ստանան նաեւ շահումով խաղերի գովազդից»,- ասել է նա։ Ըստ ՀՌՀ նախագահի՝ օրենքի ընդունումից ընդամենը մեկ տարի հետո խաղի կանոններն այդպես կտրուկ փոխելը կազդի հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների գործունեության, եկամուտների վրա եւ բացասաբար կազդի բովանդակության որակի վրա։
Նրա խոսքով՝ հանրային մուլտիպլեքսում գործող բոլոր հեռուստաընկերությունները եւ հաճախություններ օգտագործող ռադիոընկերությունները բավական մեծ ծախսեր ունեն՝ համեմատած ինտերնետ հեռարձակողների կամ կայքերի հետ. ազդանշան տարածելու բավականին մեծ ծախսեր, հարկեր եւ այլն։ «Այդ պարագայում, երբ հանրային մուլտիպլեքսի էությունն այն է, որ նրանք կարողանան փող գեներացնել եւ պատրաստել հանրօգուտ հաղորդումներ, հիմա այդպիսի սահմանափակում մտցնելը, ես կարծում եմ, շատ չմտածված քայլ է»,-ասաց նա՝ նշելով նաեւ, թե «Գովազդի մասին» օրենքը արմատական փոփոխության կարիք ունի. այն հետ է ընկել այսօրվա տեխնիկական ամբողջ միջավայրից։ «Մեր առաջարկն է, որ հաշվի առնելով այս մի քանի հանգամանքն ու տասնյակ այլ գործոններ՝ հանրային մուլիտիպլեքսում գործող ընկերությունների համար այս օրենքի կիրառումը հետաձգել ինչ-որ ժամանակով՝ մեկ կամ երկու տարով, որ կարողանան պատրաստվել, հայթայթել եկամուտների նոր աղբյուրներ»,-հայտարարել է Տիգրան Հակոբյանը։
«Կարծում եմ, որ այս օրենքի ընդունումը կարող շատ վնասակար ազդեցություն ունենալ գոնե առաջիկա մի քանի տարիների ընթացքում»,- Ազգային ժողովում մեդիաոլորտի ներկայացուցիչների հետ «Գովազդի մասին» օրենքի քննարկման ժամանակ ասաց «Ա թիվի» հեռուստաընկերության տնօրեն Հրաչ Քեշիշյանը։ «Պետք է հասկանալ, թե ինչպես են գնալու մեր զարգացման պլանները, քանի որ կարծում եմ, որ բոլոր հռուստաընկերությունները լիցենզավորման պահին հաշվի են առել այն ռեսուրսները, որոնք կարող էին գալ հենց այս գովազդից»,-ասել է նա։ Ըստ Քեշիշյանի՝ թեեւ ինֆորմացիան կարող է ազդեցություն ունենալ, սակայն հեռուստատեսային գովազդն ունի հստակ կարգավորումներ։ «Հեռուստադիտողի տարիքը 40 պլյուս է, եւ ենթադրաբար այն մարդիկ, որոնք դիտում են հեռուստատեսություն, ավելի հասուն են եւ ունակ են ճիշտ որոշումներ ընդունելու»,-ասել է նա։
Ն. Պ.
ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԳԵՐԻՆԵՐԻՆ
Այս շաբաթ Միացյալ Նահանգների եւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է Հարավային Կովկասում հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ տեղի ունեցած 44-օրյա թեժ ռազմական գործողությունների ավարտը ազդարարած հրադադարի մասին հայտարարության ստորագրման մեկ տարին: Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի հռչակման մեկամյակի կապակցությամբ: «Մենք մեր զորակցությունն ենք հայտնում անցած տարվա ռազմական գործողությունների զոհերի ու վիրավորների ընտանիքներին։ Մենք կոչ ենք անում վերադարձնել բոլոր պահվող անձանց, լիարժեք հաշվետու լինել անհետ կորածների համար, ապահովել տեղահանվածների կամավոր վերադարձն իրենց տներ, իրականացնել ընդգրկուն հումանիտար ականազերծում հակամարտության ազդակիր տարածքներում եւ կարիքավորների հետ աշխատելու հասանելիություն ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների համար»,- նշված է հաղորդագրության մեջ։ Նաեւ ասվում է, որ այս շաբաթ Միացյալ Նահանգները եւ միջազգային հանրությունը ճանաչում են հրադադարի հռչակման մեկամյակը, որը վերջ դրեց Հարավային Կովկասում հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ 44-օրյա ինտենսիվ մարտերին: «Մենք նաեւ կոչ ենք անում հետաքննել մարդու իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի ենթադրյալ խախտումները: Մենք Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ այդ հակամարտությունից բխող դեռեւս չլուծված հարցերին համապարփակ լուծումներ գտնելու ուղղությամբ շարունակել ու առավել մեծացնել ջանքերի գործադրումը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- նշված է ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարության մեջ։
ՔՍԱՆ ՄԻԼԻՈՆ
Կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում կազմել է 249, միլիոն 866 հազար 872: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 46 միլիոն 487 հազար 791 COVID-19-ով վարակված, իսկ մահացածների թիվը հասել է 754 հազար 429-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 միլիոն 355 հազար 509-ի: Աշխարհում վարակվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 միլիոն 880 հազար 439 հիվանդության դեպք, մահացել է 609 հազար 447 մարդ:
ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
Սյունիքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 01։35-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, որը հայտնել է, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի գազալցակայանի մոտ ազգությամբ ռուս զինվորները զենքերով վիճաբանում են գազալցակայանի աշխատակիցների հետ։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01։30-ի սահմաններում, Կապան համայնքի Ճակատեն բնակավայրում շինարարություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ 41-ամյա Եվգենի Գալանովը, 41-ամյա Եվգենի Դյանովը եւ 50-ամյա Պյոտր Գորբուլյակը մտել են նշված թաղամասի 1/3 հասցեում գործող «Սմարթ» սուպերմակետ, վիճաբանել են սուպերմարկետի աշխատակից, Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ավանեսյանի հետ, վերջինիս քաշքշելով՝ հանել են դրամարկղի մոտից եւ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Պարզվել է նաեւ, որ միջադեպին ականատեսներ, Սյունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Ալեքսան Գրիգորյանը, 22-ամյա Մահան Մարտիրոսյանը եւ սուպերմարկետի հաճախորդ, Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արտաշես Մանուչարյանը փորձել են հանդարտեցնել միջադեպը, սակայն ՌԴ քաղաքացիները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել վերջիններիս հասցեին, որի հետեւանքով Ե. Գալանովը գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ։ Ե. Գալանովը, Ե. Դյանովը եւ Պ. Գորբուլյակը բերման են ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, իսկ Ա. Ավանեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։ ՌԴ քաղաքացիներից Ե. Գալանովը աշխատում է «Բաստիոն» ՍՊԸ-ում որպես պահեստապետ, Ե. Դյանովը աշխատում է «Բաստիոն» ՍՊԸ-ում որպես փոխտնօրեն, Պ. Գորբուլյակը աշխատում է «ՍՄՍ» գործարանի ներկայացուցիչ, հիվանդանոց տեղափոխված Ա. Ավանեսյանը աշխատում է «Սմարթ» ՍՊԸ-ում որպես գանձապահ, Ա. Գրիգորյանն ու Վ. Մարտիրոսյանն աշխատում են «Արքագազ» ՍՊԸ-ում որպես լիցքավորողներ։ Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
«ԼՈՌԻ»-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվին պատկանող կաթնամթերքի արտադրամասում: Առկա արտադրանքից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Լոռի» պանրի նմուշը ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանում ՀՀ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի, ինչպես նաեւ Մաքսային միության՝ «Կաթի եւ կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Արտադրամասի առանձին գործառույթը՝ «Լոռի» պանիր արտադրատեսակի արտադրական գործունեությունը, կասեցվել է, տրվել է ժամանակ խախտումները վերացնելու համար: