Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Մեծ Բրիտանիայի դեսպան Յան Գոլարտին։ Արամ Ա-ն ողջունել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գծով առաջին քայլը։ Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։
«Լիբանանի մօտ Անգլիոյ դեսպան դոկտ. Իան Գոլարտ այցելեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ երկար հանդիպում մը ունեցաւ: Քննարկումի նիւթ դարձան ընդհանրապէս Միջին Արեւելքին ու մասնաւորաբար Լիբանանին առնչուած շարք մը հարցեր:
Նորին Սրբութիւնը եւ դեսպանը շեշտեցին Լիբանանի օժանդակութեան հրամայականը՝ քաղաքական, տնտեսական ու մարդասիրական բնագաւառներէն ներս: Անոնք նաեւ ընդգծեցին կառավարութեան կողմէ աշխատանքի վերսկզբման անհրաժեշտութիւնը, որպէսզի կարելի ըլլայ ժողովուրդի առօրեային առնչուած շարք մը հարցերուն լուծում տալ: Այս առիթով, Վեհափառ Հայրապետը ողջունելով վերջերս Անգլիոյ խորհրդարանին կողմէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գծով առնուած առաջին քայլը իր գնահատանքը յայտնեց Անգլիոյ՝ հայ ժողովուրդին դատին գծով ցուցաբերած զօրակցութեան համար»,- ասված է հաղորդագրության մեջ: