ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ ցանկանում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում եւ ընդլայնել զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում նրա շահառուների շրջանակը:
Ինչպես հայտնի է, այժմ այդ դեպքում շահառու են հանդիսանում՝
1) ամուսինը.
2) զավակը (զավակները).
3) ծնողը (ծնողները).
4) հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչեւ 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը եւ եղբայրը, ինչպես նաեւ զինծառայողի խնամքի տակ գտնված 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը եւ եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչեւ 18 տարին լրանալը: Ընդ որում, քույրը եւ եղբայրը համարվում են շահառու, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում:
Նույն Օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասն էլ սահմանում է, որ 3-րդ մասում նշված շահառուների բացակայության դեպքում շահառու է համարվում նաեւ այլ անձը, եթե դատական կարգով հաստատվել է, որ՝
1) հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ անձը եղել է զինծառայողի խնամքի տակ եւ ունեցել է հաշմանդամություն կամ աշխատանքային կենսաթոշակի իրավունք.
2) խնամել է զինծառայողին մինչեւ նրա 18 տարին լրանալը:
Պատգամավորի խոսքով, այս պահին առկա է իրավիճակ, երբ կա 16 դեպք, որտեղ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում նշված շահառուները բացակայում են, այդ պատճառով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխհատուցումը այդ զինծառայողների մասով չի կատարվում:
Օրենքի այս նախագծով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում նշված շահառուների բացակայության պարագայում շահառուներ կհամարվեն նաեւ զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի՝ եղբայրը, քույրը, պապը եւ տատը: Հավելենք, որ այս նախագիծը դեռ օրակարգում չընդգրկվածների թվում է:
Ն.Հ.