Խաղաղության դարաշրջա՞ն, թե՞ պետականության կորուստ. հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

Մինչ իշխանական լծակներին տիրապետող քաղաքական ուժը տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան բացելուց է խոսում` թշնամին շարունակում է հավատարիմ մնալ հայասպանի իր կերպարին (նոյեմբերի 8-ին անզեն մարդկանց սպանությունը` վառ օրինակ): Փաստորեն ժողովրդին մոլորեցնելով, թմբիրի մեջ պահելով` երկիրը հատված առ հատված նվիրաբերվում է թշնամուն, ապօրինի զիջումների արդյունքում շրջափակման մեջ են հայտնվում ամբողջ բնակավայրեր: Հակառակ իշխանությունների կողմից թշնամու նկատմամբ բարի կամքի դրսևորմանը, օրավուր ուժեղանում է Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիվ պահվածքն ու հռետորաբանությունը, որն առավել քան վառ երևաց նոյեմբերի 11-ին Ստամբուլում կազմակերպված թուրքական ութ պետությունների խորհրդաժողովում:

Այս անվերջ զիջումների հաշվին մենք շատ արագ կհասնենք նրան, որ վերջնականապես կկորցնենք հայրենիքը` վերածվելով ազգային արժանապատվություն չունեցող, պետականությունը կորցրած հանրույթի, Ստամբուլի կամ Բաքվի` հայերով բնակեցված թաղամասի:

Ոչ պակաս ցավալի է, որ աճուրդի հանվող երկրի օրվա խնդիրների, ապագայի մասին լռություն են պահպանում հայաստանյան ու արտասահմանյան գրանցման այն մտավորականները, հանրային դեմքերը (Արսինե Խանջյան, Ատոմ Էգոյան, Սերժ Թանկյան, Արթուր Մեսչյան…), ովքեր 2018-ին աջակցում էին, փողոցներ փակում` ամեն ինչ անելով այդ նույն փողոցին իշխանության բերելու համար:

Խիստ մտահոգիչ է նաև Պաշտպանության նախարարության, ոստիկանության, ԱԱԾ-ի, պահեստազորի առանձին գեներալների և բարձրաստիճան սպաների, այդ թվում` Դավիթ Տոնոյանի, Օնիկ Գասպարյանի, Վաղարշակ Հարությունյանի, Ջալալ Հարությունյանի անտարբեր պահվածքը, լռություն պահպանելը:

Ի վնաս Հայաստանի Հանրապետության ծավալվող շղթայական այս գործողություններն իրենց մեջ առերևույթ կարող են պարունակել պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներ:

Այսպիսով ստեղծված իրավիճակում ընդդիմությունը պարտավոր է նախաձեռնել իրական դիմադրություն` ընդհուպ վայր դնելով պատգամավորական մանդատները, հանրապետության նախագահը պարտավոր է ձեռնամուխ լինել համազգային խնդիրների լուծմանը, պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, դատախազության ղեկավար կազմը, դատավորները պարտավոր են դադարել վարչախմբի կամակատարը լինելուց և իրենց իրավասությունների շրջանակում գործել ի նպաստ հայրենիքի:




Լրահոս