Պարեկային ծառայության Երևանի գնդի աշխատակիցները շարունակում են շուրջօրյա ծառայությունը մայրաքաղաքում. հիմնական նպատակներն են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումն ու հասարակական կարգի պահպանությունը։
Հանրությանը պարբերաբար տեղեկացվում է վարորդների կողմից թույլ տրված իրավախախտումների վերաբերյալ վիճակագրություն։ Բայց երթևեկության մասնակիցներ են ոչ միայն վարորդները, այլև հետիոտները։ Երթևեկության ընթացքում հետիոտները նույնպես պետք է պահպանեն կանոնները։ Փողոցը պետք է անցնել հետիոտնային անցումներով, գետնանցումներով ու վերգետնյա անցումներով։ Այս ուղղությամբ նույնպես պարեկներն իրականացնում են համապատասխան ծառայություն։ Փողոցը չթույլատրված վայրով անցնողները զգուշացվում են, որոշ դեպքերում՝ տուգանվում։
Միայն մեկ ամսում, հոկտեմբերի 13-ից նոյեմբերի 12-ը, Երևանում կազմվել է հետիոտնի կողմից երթևեկելի մասերի հատման կանոնների խախտման 315 արձանագրություն։
Երթևեկության հարգելի՛ մասնակիցներ՝ վարորդներ, ուղևորներ ու հետիոտներ, ձեր իսկ անվտանգությունից ելնելով՝ պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։ Ոստիկանությունը հետևողական է։