«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական բարձրաստիճան շրջանակներին հարող մեր աղբյուրն ասաց, որ նոյեմբերի 9-ի հանդիպումից կամ տեսակոնֆերանսից Նիկոլ Փաշինյանի հրաժարվելն ադրբեջանական կողմին մղել է գնալ զինված ճանապարհով հարցի լուծման: Իսկ Փաշինյանը հրաժարվել է այդ հանդիպումից մի պարզ պատճառով` հայաստանյան հանրության մեծ ճնշման ներքո:
Նա, որպես կանոն, նահանջում է, երբ վտանգ է տեսնում, իսկ մեր հանրային շրջանակները` Ֆեյսբուք, լրատվամիջոցներ, ընդդիմություն, այնպիսի մեծ աղմուկ բարձրացրին, որ տպավորություն ստեղծվեց, թե ինչ-որ փաստաթղթի ստորագրումը կարող է իշխանափոխության պատճառ դառնալ: Եվ նա նախընտրեց հրաժարվել հանդիպումից ու թույլ տալ, որ Իլհամ Ալիեւը զինված ուժով լուծի հարցերը, որ իրեն հետո «չասեն դավաճան»:
Ամենաուշագրավն այն է, որ ռուսական տարբեր խողովակներով փորձում են համոզել ՀՀ ընդդիմությանը, հեղինակություն վայելող անձանց, որ` դադարեցրեք ճնշումները, եթե չեք ուզում առանց դեմարկացիայի, զինված ուժով եւ զոհերի գնով տարածքներ տաք:
Ռուսական էմիսարները, այդ թվում՝ Հայաստանում ՌԴ դեսպանը, հանդիպումներ են ունենում տարբեր շրջանակների հետ եւ հորդորում չխանգարել իրավական գործընթացներին, թույլ տալ, որ սահմանազատում իրականացվի փաստաթղթով, որ Ռուսաստանն էլ կարողանա ինչ-որ բանով աջակցել մեզ: Եվ ամենակարեւորը` պատերազմ, զոհեր եւ տարածքների անօրինական զավթում տեղի չունենա: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տալու զինված դիմադրություն ցուցաբերել` հենց դրա համար էլ Սուրեն Պապիկյանը նշանակվեց, իսկ թշնամին որտեղից կարողանա, ներխուժելու եւ տիրանալու է մեր հողին»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում