Ալեն Սիմոնյանն ու Ջոն Գալագերը անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը, սահմանային իրավիճակի սրմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերին․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ ԱԺ նախագահն ընդգծել է Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը: Նա շեշտել է Ազգային ժողովի դերը կառուցողական քաղաքական երկխոսության զարգացման գործում:

ԱԺ նախագահը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության մասնակցությունը եւ ֆինանսական աջակցությունը 2019թ.-ից իրագործվող ՀՀ Ազգային ժողովին օժանդակության «Ժամանակակից խորհրդարան` ժամանակակից Հայաստանի համար» ծրագրին: Այն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում նաեւ աշխատակազմի փորձագիտական, վերլուծական կարողությունների զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը հավաստիացրել է, որ անկախ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու հանգամանքից` շարունակվելու է CEPA-ով նախանշված ոլորտներում համագործակցությունը Հայաստանի հետ` որպես ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրած եւ վավերացրած պետություն: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը վերաբերող հարցերի:

Այս համատեքստում խոսելով վերջին օրերին սահմանային իրավիճակի սրացումից` երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու համապարփակ կարգավորման կարեւորությունը: Կողմերը քննարկել են նաեւ հայ-բրիտանական միջպետական համագործակցության զարգացման եւ ընդլայնման գործում օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների ակտիվացման հեռանկարները:




Լրահոս