Վիճակը շարունակում է լարված մնալ. Տեղի համայնքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտական գործողություններ դեռեւս չեն կատարվում, բայց վիճակը շարունակում է լարված մնալ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը:

«Այս պահին ավել բան չեմ կարող ասել»,-հավելեց նա:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից իրադրությունը Սյունիքի արևելյան սահմանին լարված է: Առավոտյան Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 11-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 14-ի դրությամբ իրադրությունը լարված էր մնում։

Արդեն Ժամը 14։30-ի դրությամբ  հաղորդվեց, որ ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ «Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից», – վստահեցնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հաղորդում է, թե ոչնչացվել են հայկական կողմի հակատանկային միջոցներ և նռնականետեր։ Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը ևս հայտնում է, որ իրավիճակը սահմանին լարված է մնում, մարտական գործողությունները շարունակվում են։

Լիդա Եղիազարյան




Լրահոս