Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, ազատ է արձակվել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քննիչը դիմել է դատարան Պողոսյանի կալանքը երկարացնելու, սակայն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Կարեն Պողոսյանի պաշտպան Յուրա Ավայանը:
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 21-ին մարզպետի որդին ինքնակամ ներկայացել էր Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն, որից հետո Պողոսյանը կալանավորվել էր և տեղափոխվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Հիշեցնենք, որ Մարզպետի որդին դեռևս հուլիսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։
Հիշեցնենք՝ 2021 թվականի հուլիսի 13-ին Գորիս քաղաքում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել երկու անձ։ Տուժածներից մեկը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդին է, մյուսը՝ Հարություն Վարդանյանը՝ գործող մարզպետի որդու՝ Կարեն Պողոսյանի ընկերը։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավել Կարեն Պողոսյանին, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Քնար Մանուկյան