Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի (ԳԽ) անդամ՝ 2021-2025թթ․ժամանակահատվածի համար։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:
Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբին Գործադիր խորհրդի ընտրություններում հատկացված երեք թափուր տեղերի համար ներկայացված են եղել չորս երկրների՝ Հայաստանի, Լիտվայի, Ուկրաինայի և Ադրբեջանի, թեկնածությունները:
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանը, ստանալով առավելագույն 146 ձայն, առաջին տեղով ընտրվել է Գործադիր խորհրդի կազմում։
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ է ընտրվել առաջին անգամ` 1992թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ին իր անդամակցությունից ի վեր։ ԳԽ-ին իր անդամակցության շրջանակներում Հայաստանը ջանքեր է գործադրելու իր հանձնառություններն ու առաջնահերթություններն իրականացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի իրագործմանը, բոլորի համար որակյալ կրթության հասանելիության ապահովմանն ու մշակութային ժառանգության պաշտպանությանն ու պահպանմանը։