Ադրբեջանի ԶՈՒ 6 զինծառայողներին ՀՀ ԶՈՒ-ի կողմից գերի վերցված լինելու և գաղտնի պայմաններում հետ հանձնելու վերաբերյալ հրապարակումները վերհանվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկումների շրջանակում:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Դրանք ուղարկվել են վարույթն իրականացնող համապատասխան մարմին՝ Ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից ՀՀ պետական սահմանը նոյեմբերի 14-ին ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ստուգելու, քննության առարկա դարձնելու համար»,- նշված է գրառման մեջ:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է մամուլում և սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները, թե նոյեմբերի 14-ին հայկական կողմը 6 ադրբեջանցի զինծառայող է գերեվարել, այնուհետև գաղտնի վերադարձրել նրանց: