2019-ի ընթացքում, երբ արդեն իշխանության էր ընդդիմադիր ժամանակ երդվյալ արեւմտամետի դիրքերից հանդես եկող, ռուսաստանամերժ Նիկոլ Փաշինյանը, Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի (ՍԵՊԱ) ճանապարհային քարտեզով նախատեսված 9 միջոցառումներից իրականացվել են ընդամենը 3-ը: «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեղեկություն հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի առաջին տեղակալ, Նիդեռլանդներում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը: «Եթե փոխնախարար եղած ժամանակ ես որեւէ ծրագրով 20-30 տոկոսով թերանայի, ապա մեծ աղմուկ կբարձրանար դրանից, բայց ԵՄ-ի միջոցառումների դեպքով, փաստորեն, նույնսիկ 70 տոկոս թերակատարում ունենք, ու դա հալած յուղի տեղ անցնում է: Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում այս մասին. ինքս էլ կցանկանայի ստանալ այդ հարցի պատասխանը»,- ասաց Մելքոնյանը՝ արձանագրելով՝ ԵՄ-ի հետ կապված ծրագրերն ու միջոցառումները Փաշինյանի իշխանության ժամանակ ոչ թե նկատելիորեն, այլ շեշտակի ու էականորեն են նվազել, հայտնվել 2-3-րդ պլանում: «ՍԵՊԱ»-ի ճանապարհային քարտեզով 2020 թվականի ընթացքում նախատեսված է եղել 35 միջոցառում իրականացնել, բայց նախկին դեսպանը վստահ չէ, թե դրանք կամ թեկուզ դրանց քիչ տոկոսը կարող է կյանքի կոչված լինել: Մելքոնյանը նաեւ համեմատություն է անցկացնում. «2016-2018 թթ. կհիշե՞ք որեւէ շաբաթ կամ առնվազն տասը օր, որ Եվրամիության դեսպանը չհայտնվեր մամուլում։ Հիմա կարո՞ղ եք հիշել, թե Եվրամիության դեսպանը վերջին անգամ լրատվամիջոցների հետ երբ է շփվել»։ Փաստորեն, երբեմնի թունդ արեւմտամետ Նիկոլ Փաշինյանը, որ ԵԱՏՄ կազմից դուրս գալու հարցով խորհրդարանում լսումներ էր կազմակերպում ու մշտապես «ռուսի լծից ազատվելու» մասին խոսում, իր պաշտոնավարման ժամանակ Արեւմուտքին ավելի պակաս ուշադրություն է դարձնում, անտեսում նրանց հետ շփումներն ու նախանշած միջոցառումները, քան իր իսկ բնորոշմամբ «ռուսահպատակ» նախկինները:
Կառավարությունը մի կողմից արգելում է շահումով խաղերի, խաղատների եւ բուքմեյքերական ընկերությունների գովազդը զանգվածային լրատվական միջոցներում՝ այդկերպ վնասելով նաեւ լրատվամիջոցներին, մյուս կողմից՝ հենց օրենքի նախագծով նոր խաղատներ ստեղծելու հնարավորություն է ամրագրում: Մասնավորապես, երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ, որով ցանկանում է փոփոխություն կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում: Ինչպես հայտնի է, Ծաղկաձոր, Ջերմուկ, Սեւան քաղաքներում թույլատրվում է խաղատների գործունեությունը: Եվ, ահա, նախարարությունը ցանկանում է օրենսդրությամբ ամրագրել, որ խաղատներ կարող են լինել նաեւ այն քաղաքներում, որոնք համարվում են զբոսաշրջային կենտրոններ: Այսինքն՝ ստացվում է՝ կառավարությունը ցանկանում է արգելել մամուլով բուքմեյքերական գովազդը, որպեսզի նպաստի խաղամոլների թվի նվազմանը, իսկ մյուս կողմից՝ հնարավորություն է ստեղծում նոր խաղատների ստեղծման, այն էլ՝ նույնատիպ պայմաններով: Սա նշանակում է, որ կառավարությունն ազնիվ չէ իր հայտարարություններում եւ իրականում Նիկոլ Փաշինյանին քննադատող մամուլին ֆինանսապես խեղճացնելու խնդիր է իր առջեւ դրել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորների շրջանում ներքին քննարկումների ժամանակ հարց է բարձրացվել ապօրինի գույքի բռնագանձման մասին, եւ մտահոգություն հնչել: Դատավորները, մասնավորապես, մտահոգություն են հայտնել եւ ասել, թե իրենք չեն պատրաստվում որեւէ մեկի գույքը որպես ապօրինի գույք բռնագանձել, եւ իրենց պատճառաբանությունն են ներկայացրել: Դատավորները կարծում են, որ օրենքը շատ անգրագետ ձեւակերպումներ ունի: Թե ինչով կավարտվեն ներքին քննարկումները, դեռ հայտնի չէ: Սա այն դեպքում, որ դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը. խոսքը «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Սերոբ Հարությունյանի մասին է:
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճում է, իսկ գյուղատնտեսությունը` անկում ապրում: Մեր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 9 ամիսների արդյունքներով, նվազել է 1.5 տոկոսով` կազմելով 619 մլրդ 373.2 մլն դրամ, ընդ որում՝ հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության եւ անասնաբուծության ոլորտում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր երկրում այս տարվա 9 ամիսներին գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 647 մլրդ 394 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` նվազել է 1.3 տոկոսով: Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 358 մլրդ 528.7 մլն դրամ. այն անցած տարվա ցուցանիշից պակաս է 2.4 տոկոսով: Մասնագետները տեւական ժամանակ բարձրաձայնում են` այս տարին բարենպաստ չէ գյուղատնտեսության համար, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ո՛չ խորհրդատվությամբ է գյուղացուն օգնում, ո՛չ դիզվառելիքով եւ ո՛չ էլ սերմացուով: Ջուր չլինելու, դաշտերը չորանալու մասին ուղղակի չենք կարող մոռանալ: Այսօր բազմաթիվ են այն գյուղացիական տնտեսությունները, որոնք չեն կարողանում իրենց բոստանները անհրաժեշտ ծավալով ոռոգել, եւ զարմանալի չէ, որ բոստանային կուլտուրաների բերքի ծավալները սովորականից պակաս են ստացվել: Սա է նաեւ պատճառը, որ այսօր կարտոֆիլը, գազարը, կաղամբը թանկ են վաճառվում: