Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գիտակցությունը կորցնելուց հետո տեղափոխվել է բանտային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, լրագրողներին հայտնել է նրա փաստաբաններից Նիկա Գվարամիան, գրում է sputnik-georgia.ru-ն։
Սաակաշվիլիի առողջական վիճակը փաստաբանների ներկայությամբ կտրուկ վատացել է. Ինչպես ավելի վաղ հայտնել էր փաստաբան Բեկ Բասիլան, հանդիպումից հետո, երբ նախկին նախագահը դուրս էր գալիս սենյակից, նա սայթաքել է և ընկել։ Դրանից հետո քրեակատարողական ծառայության աշխատակիցները պատգարակով տեղափոխել են նրան։
Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար:
Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են: