Աբովյան փողոցում մի խումբ ոստիկաններ ու հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներ են հավաքվել:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ բնակիչներից մեկը պարտքեր է ունեցել, աճուրդով բնակարանը վաճառվել է եւ հիմա նրան հարկադրաբար հանելու են բնակարանից:
Հարկադիր կատարման ծառայությունից ArmLur.am-ը փորձել է ճշտել, թե ինչ է կատարվել և ինչ աճուրդի մասին է խոսքը: Ի պատասխան մեզ փոխանցեցին.
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 3-ին տրվել է կատարողական թերթ, համաձայն որի՝ պետք է նշված հասցեի բնակարանը վաճառել հրապարակային սակարկությունների միջոցով՝ ստացված գումարը բաշխելով Կ․Վ․ Խաչատրյանի և Ռ․Վ․ Խաչատրյանի միջև՝ նրանց բաժիններին համաչափ։ Կատարողական թերթի հիման վրա նշված անշարժ գույքը իրացվել է հրապարակային սակարկություններով, և գույքի նոր սեփականատերը սահմանված ժամկետում դիմել է հարկադիր կատարողին՝ բնակարանից վտարելու պահանջով, ինչի հիման վրա էլ իրականացվում է վտարման կատարողական գործողությունը։ Անկախ փորձագետի կողմից տրված եզրակացության համաձայն՝ նշված հասցեի բնակարանի շուկայական արժեքը կազմել է 65․340․000 դրամ։ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է գնահատված լոտի գնի 75%-ի չափով, ըստ այդմ՝ հիշյալ բնակարանի աճուրդի մեկնարկային գինը կազմել է 49․005․000 ՀՀ դրամ։ Այն վաճառվել է 49․105․000 ՀՀ դրամով»։