«Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-311-րդ հոդվածի 2-րդ մասի, 308-րդ հոդվածի 1-ին մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում իրականացված մի շարք անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, 2018թ․ ապրիլից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, գործընկերային հարաբերությունների մեջ գտնվելով նույն ընկերության պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատորի պաշտոնը զբաղեցնող աշխատակցի հետ, 2021թ․ սեպտեմբերին վերջինիս հանձնարարել է 6-7 անձի վերաբերյալ կազմել և տրամադրել «COVID-19» հիվանդության դեմ պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտեֆիկատներ։

Բուժքույրը, իր լիազորությունների շրջանակներում նշված անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելով, պաշտոնեական փաստաթղթերում մտցրել է իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տվյալներ ու տեղեկություններ և փաստաթղթերը դրել շրջանառության մեջ, ինչի արդյունքում փաստացի չպատվաստված քաղաքացիների տվյալները մուտքագրվել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ և նրանց անվամբ տրվել են բովանդակությամբ ակնհայտ կեղծ սերտեֆիկատներ:

Բացի այդ, բուժհիմնարկի տնօրենը, չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի շրջանառություն իրականացնելու, այն է` թմրամիջոց ձեռք բերելու և պահելու թույլտվություն, իր կողմից ղեկավարվող բժշկական կենտրոնում հաշվառված և նշված ընկերությունից հոգեմետ դեղորայքներ ստացող, դեռև 2019թ․ հոկտեմբերին մահացած հիվանդի կողմից չօգտագործված և նրա մահվանից հետո վերջինիս ազգականի կողմից վերադարձված դեղորայքից, առանց իրացնելու նպատակի, ապօրինի պահել է առանձնապես խոշոր չափերով 30 սրվակ հոգեմետ նյութ, որը հայտնաբերվել և վերցվել է վերջինիս աշխատասենյակում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ։

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ հիշյալ բուժհաստատության տնօրենը ձերբակալվել է, և քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, կեղծ սերտեֆիկատներ ստացած անձանց ինքնությունը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:




Լրահոս