Պետական դավաճանության մասով հարուցված քրեական գործով նոր որոշում է կայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական դավաճանության գործով անցնող ամուսիններ Մայիս Սահակյանի ու Ստելլա Սարգսյանի գործով նիստերը այսուհետ կանցնեն դռնփակ: Այս մասին դատարանը որոշում է կայացրել, քանի որ վտանգ է տեսնում պետական գաղտնիքի հետ կապված:

Հիշեցնենք, որ Մայիս Սահակյանն, ըստ մեղադրանքի, կնոջ՝ Ստելլա Սարգսյանի օժանդակությամբ լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Ստելլա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնու՝ Մայիս Զավենի Սահակյանի կողմից լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելուն օժանդակելու դիտավորությամբ, տրամադրել է անհրաժեշտ միջոցներ, ինչպես նաև վերացրել է այդ կապակցությամբ առկա խոչընդոտները: Մայիս Սահակյանը կալանքի տակ է, կինը՝ ազատության մեջ։ Ըստ ԱԱԾ-ի հայտնած տվյալների՝ ամուսինները նախկինում գտնվել են Թուրքիայում, Մայիս Սահակյանը հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվել նշված կազմակերպության ներկայացուցչի կողմից: Այնուհետև, վերադառնալով մշտական բնակության վայր, Հայաստանի քաղաքացին Թուրքիայում բնակվող իր ծանոթի միջոցով, օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցին է փոխանցել իր բջջային հեռախոսահամարը:

Ըստ ԱԱԾ տվյալների՝ տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում ՀՀ քաղաքացին համաձայնել է ի վնաս Հայաստանի և Արցախի տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության տեղեկություններ տրամադրել թշնամական գործունեությամբ զբաղվող նշված կազմակերպության ներկայացուցչին։ Մասնավորապես, քաղաքացին զինված ուժերի, սպառազինությունների մասին պետական գաղտնիք կազմող տեղեկությունների դիմաց վարձատրվել է։

«ՀՀ քաղաքացին թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին օգնություն ցույց տալու կապակցությամբ ծավալած հանցավոր գործունեության ընթացքում հավաքել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տվյալներ, ինչպես նաև այլ բնույթի տեղեկություններ, որոնք ինչպես անձամբ, այնպես էլ կնոջ միջոցով օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցի հետ համացանցային կապի ընթացքում փոխանցել է վերջինիս և դրա դիմաց որպես վարձատրություն ստացել շուրջ 1 500 դոլար գումար»,- ասված է եղել գործի վերաբերյալ ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Ք.Մ




Լրահոս