Հայաստանի եւ Բաքվի արտգործնախարարները Փարիզում են՝ մասնակցելու «Խաղաղության ֆորումին»։ Հայտնի է դարձել նաեւ, որ նոյեմբերի 12-ին Փարիզում կկայանա Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հանդիպումը, որի շրջանակներում «քննարկումներ կանցկացվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ճգնաժամի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի շուրջ»։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Մինչ այդ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպշիկի գրասենյակը խոստովանել է, որ արդեն մեկ տարի է՝ չի կարողանում մշտադիտարկում իրականացնել հակամարտության գոտում։ «2020 թվականի ռազմական գործողություններից հետո որոշակի փոփոխություններ են եղել։ Օրինակ, ռազմական ոլորտում մոնիտորինգային աշխատանքները, որոնք վստահության ամրապնդման միջոցառումների մաս էին կազմում, դադարեցվել են։ Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության՝ մոտ 2000 ռուս զինվորականներ են տեղակայվել այդ տարածքում»,- ասվում է հայտարարությունում։
Ռուսական զորքերը, փաստորեն, թույլ չեն տալիս ԵԱՀԿ-ին մոնիտորինգ անցկացնել։ Դա պայմանավորված է նրանով, որ ԵԱՀԿ-ն պետք է դիտարկում անցկացնի ԵԱՀԿ փաստաթղթերում նշված, այսինքն՝ 1994 թվականի շփման գծում, իսկ ռուսական զորքերը թուրքերի հետ գործարքի արդյունքում ձեւավորված գծին են կանգնած։ Բացի այդ, ԵԱՀԿ մշտադիտարկումը կարող է արձանագրել նաեւ ահաբեկիչների առկայությունը, որոնք տարածաշրջան են բերվել Մոսկվայի եւ Անկարայի համաձայնությամբ։
Ֆրանսիայի Սենատը մեկ տարի առաջ բանաձեւ է ընդունել, որով պահանջում է վերադառնալ 1994թ. սահմաններին։ Եվ ցանկացած միջազգային կազմակերպություն, որը կքննարկի Արցախի հարցը, ուժի մեջ կպահի այդ պահանջը։
Շուշիի մոտ տեղի ունեցած սպանությունը հետհաշվարկի կետ է դարձել Ռուսաստանի եւ Թուրքիայի համար։ Նրանք չեն դատապարտել սպանությունը։ Իր հերթին, ԱՄՆ Պետդեպարտամենտը դատապարտել է բռնությունը, որը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղում հայ քաղաքացիական անձի մահվան։ «Մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին ակտիվացնել ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրներին լուծում տալու համար»,- նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի Բյուրոյի Twitter-ի էջում։
Ռուսաստանի «մենաշնորհի» հարցը, որը թուրքերին «բռնության իրավունքով» է օժտում՝ հայերին զրկելով «ինքնապաշտպանության իրավունքից», ավելի է սրվում։ Դա լուծելու համար Մոսկվան գնում է ամեն ինչի՝ ահաբեկում, սպանություններ, քաղաքական շանտաժ։ Մոսկվայի ցուցումով՝ Ստեփանակերտի վարչակազմը ցանկանում է դիմել ԵԱՀԿ-ին եւ ՄԱԿ-ին՝ ռուս խաղաղապահներին «հավերժ մանդատ» տալու համար, բայց դա չի օգնի: Այդ պատճառով Մոսկվան եւ Անկարան ձեռնամուխ են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի «փակման» վերջին փուլին, եւ դրանում էական դեր է խաղում Հայաստանը, որը հրապարակայնորեն չդիմեց ԵԱՀԿ-ին՝ Շուշիի մոտ քաղաքացիական անձի աղաղակող սպանության դեպքով։ Թուրքիան ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հայտարարությունները երկխոսության պատրաստակամության մասին։ «Մենք ողջունում ենք նաեւ ադրբեջանցի եւ հայ խորհրդարանականների միջեւ շփումների սկիզբը»,- ասել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Շենթոփը։ Ավելի վաղ Էրդողանը հանդիպել էր ԵԱՀԿ ԽՎ-ի հետ, որի հետ, ըստ ամենայնի, պայմանավորվել է «հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականների միջեւ շփումների շուրջ»։
Ն. Պ.
ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՐԵԼ
Նոյեմբերի 8-ին «Նորմեդ» ՍՊԸ լիազորված անձ Անահիտ Պետրոսյանը դիմել է իրավապահներին եւ հայտնել, որ «Նորմեդ» ՍՊԸ Բագրատաշեն սահմանային անցակետի մատենավարներ Ռաֆիկ Հակոբյանը եւ Էդգար Զուրաբյանը քաղաքացիների կողմից «COVID-19» ՊՇՌ թեստավորման համար վճարված գումարներից հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2021 թվականի մարտի 15-ից մինչեւ հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում դրամարկղային մեքենաների միջոցով, ընկերության հաշվեհամարին փոխանցելու փոխարեն, յուրացման եղանակով հափշտակել են իրենց օրինական տիրապետման ներքո գտնվող, առանձնապես խոշոր չափերով՝ 25.218.000 դրամ գումարները: Մեզ հայտնի դարձավ, որ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՈՒՂՂԱԹԻՌՈՎ «ՎՈՅԱԺՆԵՐԻ» ՄԱՍՈՎ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է մամուլի հրապարակումը՝ կապված առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարզային իր գործուղումներն իրականացնում է ուղղաթիռով՝ «Սանավիացիա»-ով, բնականաբար՝ պետբյուջեի հաշվին: Այս մասին նախարարը խոստովանել է լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկու մարզ՝ Սյունիք եւ Տավուշ նախարարի այցելությունները իրականացվել են «Սանավիացիա»-ի ուղղաթիռով, եւ այցելությունները մեր երկրի բյուջեի վրա արժեցել են տարբեր հաշվարկներով մոտ 2 մլն դրամ: Ի դեպ, օրերս Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հաստատել էր, որ նախարար Ավանեսյանը երկու անգամ օգտվել է «Սանավիացիա»-ի ծառայություններից եւ մեկնել է Տավուշի ու Սյունիքի մարզեր: Սակայն սա դեռ ամենը չէ. կան անհերքելի փաստեր, որ դատախազությունը պետք է ուշադրություն դարձնի այս հանգամանքների վրա եւ անհապաղ քրեական գործ հարուցի նախարարի գործողությունների մասով: ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը դեռես երկու տարի առաջ մանրամասն ներկայացրել էր, թե ինչ իրավիճակներում կարող են քաղաքացիներն օգտվել «Սանավիացիա»-ի ծառայություններից:
ԿՔՆՆԱՐԿԵՆ
Նոյեմբերի 12-ին Փարիզում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներն ու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ճգնաժամի կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում երկու համանախագահ երկրների աշխատանքի շրջանակում: Ինչպես հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը, տվյալ հարցը Լիբիայի խնդրին նվիրված միջազգային համաժողովի շրջանակում նախատեսված երկկողմ հանդիպմանը քննարկվելիք թեմաների շարքում է:
ԱՅԼ ԿԵՐՊ
Արցախում 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված եռակողմ համաձայնագրի երկու դրույթը վերջին ամիսներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փորձել են սահմանել այլ կերպ: Այս մասին նշել է վերլուծաբան Մայքլ Ռուբինը: Հոդվածում նախ անդրադարձ է կատարվում ճանապարհների ապաշրջափակման մասին դրույթին: Ըստ այդ կետի՝ տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային բոլոր կապերը պետք է ապաշրջափակվեն: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորելու է Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային կապերի անվտանգությունը: «Նախ նրանք դա մեկնաբանում են որպես իրենց միջանցքի տրամադրում, որը կհատի Հայաստանի ինքնիշխան տարածքը: Երկրորդ՝ նրանք անտեսում են տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու մասին կետը: Բայդենի վարչակազմը պետք է հստակ հասկացնի, որ նման վերաիմաստավորումն անհիմն է եւ անօրինական»,-ասված է հոդվածում։
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ»
ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հետաձգվեց կառավարության նախաձեռնած օրենքի նախագծի քննարկումը, որով նախատեսվում է սահմանափակել շահումով խաղերի ու բուքմեյքերական ընկերությունների գովազդը: Հանձնաժողովի նիստում հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը վերաբերում է շահումով խաղերի ու բուքմեյքերական ընկերությունների գովազդի սահմանափակմանը: Նախորդ օրը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ-ում քննարկում է անցկացվել, հրավիրել են թե՛ մեդիա ոլորտի, թե՛ գովազդային շուկայում գործող ընկերությունների ներկայացուցիչներին, լսել նրանց կարծիքները, նաեւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դիտողությունները: «Եվ գտնում ենք, որ կարելի է մինչեւ հանձնաժողովի նիստում եզրակացություն տալը որոշ բարելավումներ կատարել նախագծում»,-ասաց Թունյանը:
ՄԵՂՍԱԿԻՑՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ
«Մեղսակիցները չեն կարող քննել պատերազմում տեղի ունեցած հանցագործությունները»,- ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: «Երկրորդ՝ պարտության խոսնակ, հազար տեր փոխած, իր իսկ ասածները բազմիցս հերքած, սուտ տարածելու մեջ լավագույնը Արծրուն Հովհաննիսյանին այդ գործընթացին ներգրավելը ցինիզմի գագաթնակետն է: Ոնց որ Չիկատիլոյին ներգրավես կանանց նկատմամբ բռնությունները կանխարգելող հանձնաժողովի կազմում: Ամեն ինչ գնում է նրան, որ այդ հանձնաժողովի նպատակը լինելու է գտնել ու նշանակել մեղավորներ, ամենայն հավանականությամբ, բանակի շրջանում: Այստեղ տրամաբանությունը զրոյական է, որովհետեւ քննիչ հանձնաժողովն առաջին հերթին ընդդիմության գործիք է, քանի որ ընդդիմությունը չունի ուժայիններ, քննչական մարմիններ: Իշխանությունը դա ունի, եթե առկա են հազարից ավելի քրեական գործեր, ինչի՞ համար պետք է իշխանությունը եւս մեկ ինստիտուտ հիմնի: Դա ինձ համար անհասկանալի է: Սրանով իշխանությունը փորձելու է իր վրայից գցել մեղքը, որը չի հաջողվելու»,- հայտարարել է Մամիջանյանը: Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ այս պահին քննարկվում է քննիչ հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու հնարավորությունը, սակայն նաեւ հավելեց, որ այդ հանձնաժողովի ձեռքի տակով անցնելու են տեղեկություններ, որոնք շատ արժեքավոր են լինելու:
1675 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1675 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 324039 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2202322, վերջին մեկ օրում` 10052 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 29521 պացիենտ. մեկ օրում ավելացել է 318-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 286334 անձ, վերջին մեկ օրում՝ 1277 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 69 քաղաքացի, մահացածների թիվը 6831 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: