«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանն այն համոզմանն է, որ Հայաստանի կառավարման սկզբունքն այսօր առեւտուրն է: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանը տնտեսական գոտու, առեւտրի տարածքի են վերածում, որտեղ «գռզոներ-մռզոները» կապրեն իրենց ուզածով:
-Նախորդ տարվա նոյեմբերի 10-ից հետո ընդդիմութունը անընդհատ հայտարարում է, որ Սյունիքը վտանգի տակ է, Հայաստանի պետականությունը վտանգված է, իսկ նախօրեին էլ պարզ դարձավ, որ ադրբեջանցիները պատրաստվում են մաքսային անցակետ տեղադրել: Ձեզ համար անակնկա՞լ էր: Սպասո՞ւմ էինք նման ընթացքի:
-Իհարկե, անսպասելի չէր, բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ մաս-մաս մենք տալիս ենք: Մենք համակերպվեցինք մեր զավակների բզկտման հետ, մենք համակերպվեցինք Արցախի բզկտման հետ, համակերպվեցինք Հայաստանի սահմանների բզկտման հետ: Այդ մարդիկ տեսան, որ մենք խոսում, խոսում ու համակերպվում են, իրենք էլ ինչ ուզում, անում են: Փաստացի այսօր Հայաստանի իշխանությունը հակահայկական քաղաքականություն է վարում եւ անում, ինչ ուզում է: Մարդիկ քիչ են դուրս գալիս, իրենք էլ ասում են՝ էս մի քանի հոգին եք, իսկ ժողովուրդը մեզ մանդատ է տվել: Այսօր քաղաքականությունն ուժ չունի, այսօր պետք է լինի քաղաքացիական ընդվզում, ամեն մեկը պետք է մտածի, որ ինքը ազգի մաս է, ոչ թե այս կամ այն կուսակցության անդամ: Մենք տեսնում ենք, որ սա քաղաքականություն չէ, այլ հայրենիքի հանձնում է: Պետք է լինի ազգային ազատագրական շարժում, ինչպես 100 տարի առաջ ֆիդայինները պայքարում էին Հայաստանը թուրքերից ազատելու համար, հիմա էլ պետք է պայքարենք սեփական իշխանությունների դեմ, ուղղակի հայրենիքը դրանցից ազատելու դեմ: Հակառակ դեպքում տալու են ամեն ինչ, ինչ ուզեն, անելու են: Ի՞նչ երկրում եք ուզում՝ ձեր որդիներն ապրեն: Այսպիսի՞ երկրում ապրեն, որ ամեն վայրկյան թուրքն ու ադրբեջանցին ինչ ուզեն, անեն: Հայաստանում ամեն ինչ սպասելի է, եւ վտանգված է մեր զավակների ապագան: Ամեն մի իրեն հայ համարող մարդ չի կարող նստել տանն ու նայել, թե ինչ է կատարվում երկրում:
-Ինչպե՞ս ստացվեց, որ այսպիսին դարձանք: Այդ ազգային, հայրենասիրական, պետականամետ մղումները մարա՞ծ են մեր մեջ:
-30 տարի բազմաթիվ ՀԿ-ներով, աղանդավորական շարժումներով աշխատեցին, եւ սա արդյունք է 30 տարվա «տքնաջան աշխատանքի»: Մենք մեր հաղթանակով քնեցինք, իրենք իրենց պարտությամբ արթնացան, եւ չխայեցին ֆինանսներ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը, բոլորը նրանց օգնեցին, որ ներսից քայքայեն Հայաստանը, որովհետեւ ամբողջ պատմության ընթացքում մեր հարեւանները գիտեին եւ հայտարարել են, որ հային հնարավոր չէ հաղթել, երբ նա միասնական է: Հային միայն մեկ տարբերակ կա հաղթելու՝ պառակտելը: Եվ 30 տարի իրենք լուռ պատրաստվեցին այս պառակտման համար: Սա պատահականություն չէ, օրինաչափ աշխատանքի հետեւանք է:
-Որպես մայր, քաղաքացի, մտավորական՝ ինչպե՞ս եք տեսնում լուծումը: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում ազգային ազատագրական պայքարը:
-Պարտրաստ եմ ամեն ինչի, միայն թե ունենայի դրա պատասխանը: Անկեղծ կասեմ՝ այս պահին ես չեմ կարողանում հասկանալ իմ ժողովրդին: Կարծում եմ, որ մի չափից դուրս ցավոտ բան պետք է լինի, որ ժողովուրդը ոտքի կանգնի: Իրենք շատ լավ են ուսումնասիրել մեր ժողովրդին, դրա համար իրենք ոտ-ոտ են առաջ գալիս: Իրենց միանգամից ոչինչ չեն անում, այլ քայլ-քայլ են անում: Մենք փոքրիկ ընդվզում ու հանգստանում ենք, ու այդպես շարունակ: Եվ արդյունքում, երբ հետ ենք նայում, տեսնում ենք, որ ահռելի կորուստներ ունենք եւ շարունակում ենք ունենալ:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
Ի՞ՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ՓԱՐԻԶՈՒՄ
Ֆրանսիայում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն: Հայաստանի արտգործնախարարը Փարիզ է մեկնել «Յունեսկո»-ի համաժողովի առիթով: Նույն առիթով էլ Ֆրանսիայում է Ադրբեջանի արտգործնախարարը: Նրանց հետ առանձին հանդիպումներ է ունեցել նաեւ Ֆրանսիայի արտգործնախարար Լը Դրիանը: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների մասնակցությամբ: Մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ Կասպշիկը:
Տեղի ունեցածը Միրզոյան-Բայրամով ձեւաչափով երկրորդ հանդիպումն է: Առաջինը, ինչպես հայտնի է, տեղի էր ունեցել Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ շրջանակում: Դրանից հետո ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց, որ համաձայնեցվել է ռեգիոն համանախագահ եռյակի այցը, սակայն մեկուկես ամիս անց տեղի է ունենում «ռեգիոնից դուրս» նոր հանդիպում համանախագահների եւ արտգործնախարարների մասնակցությամբ, ինչը հուշում է, որ համանախագահների այցի համար ամեն ինչ չէ, որ համաձայնեցված էր, կամ առաջացել են նոր հարցեր եւ հետեւաբար նոր անհամաձայնություններ: Այդ առումով ինչ բովանդակություն ու ընթացք է ունեցել Փարիզի հանդիպումը, դեռ անորոշ է, մանրամասներ չկան: Միեւնույն ժամանակ ուշադրության է արժանի այն, որ Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ առանձին հանդիպումներից հետո Ֆրանսիայի արտգործնախարարը հանդիպում է ունենալու ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովի եւ պաշտպանության նախարար Շոյգուի հետ:
Լիբիայի հարցերով խորհրդաժողովի շրջանակում լինելու է Ֆրանսիայի եւ ՌԴ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների ընդհանուր ձեւաչափի հանդիպում, որի ընթացքում քննարկվելու է նաեւ արցախյան հարցը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում երկու երկրների աշխատանքը: Հատկանշական է այն, որ փարիզյան հանդիպումները տեղի են ունենում Մոսկվայի նախաձեռնությամբ՝ Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպման կամ տեսակոնֆերանսի վերաբերյալ տեղեկատվական ակտիվ շրջանառության ֆոնին: Սա թույլ է տալիս դիտարկել հավանականություն, որ այդուհանդերձ այդ եռակողմ հանդիպումը իրականացվում է նաեւ Ֆրանսիայի ներգրավվածությամբ, ինչի վկայությունն է այն, որ այս օրերին Հայաստանի ու Բաքվի արտգործնախարարների հետ հեռախոսազրուցներ ունեցավ նաեւ ՌԴ արտգործնախարարը, իսկ մինչ անորոշ ժամկետում կլինի Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպում, Փարիզում համանախագահների ներկայությամբ եղավ հանդիպում արտգործնախարարների միջեւ:
Ն. Պ.
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ԱՐՔԱՅԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՊՈՒՐԱԿԸ՝ ԽՈՐՈՎԱԾԱՆՈՑ
44-օրյա պատերազմից հետո Արցախի Տիգրանակերտը եւս անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ, ահա, ադրբեջանցի հեռուստալրագրող Սեդեթ Մեմմեդովայի յութուբյան ալիքում 2021 թվականի հոկտեմբերի 31-ին տեղադրված տեսաձայնագրություննում առանձնակի հպարտությամբ ներկայացվում է, որ Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը վերածվել է խորովածանոցի: Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի կողմից պեղված ջրավազանի կողքին ադրբեջանցիները բետոնապատ հարթակ են կառուցել եւ խորոված անելու մանղալներ տեղադրել, որոնցից մեկը հենց պեղված ջրավազանի եզրին են դրել։ Խորհրդային տարիներին ադրբեջանցիները ռեստորանի էին վերածել 18-րդ դարի կեսերին աղբյուրների հարեւանությամբ կառուցված ամրոցը: Այնպես որ պատմամշակութային միջավայրը «քյաբաբնոց» դարձնելու պրակտիկան հին ավանդույթ է: Նկատենք, որ 2010 թվականից ի վեր՝ մինչեւ 44-օրյա պատերազմը, ամրոցում տեղադրված էր Տիգրանակերտի հնագիտական թանգարանը, իսկ արքայական աղբյուրների պուրակի տարածքը բարեկարգվել եւ ծառայում էր որպես մշակութային միջացառումների հարթակ:
Տիգրանակերտի արքայական պուրակը խորովածանոցի վերածելով՝ Ադրբեջանը խախտում է մշակութային ժառանգության պատմականությունը, ամբողջականությունը, զրկում ժառանգությանն իր իսկությանը համարժեք գործառույթով սերունդներին անխաթար փոխանցվելու հնարավորությունից, որը դեմ է ժառանգության պահպանության միջազգայնորեն ընդունված մի շարք սկզբունքներին, որոնք բխում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգության» կոնվենցիայից, 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից, ինչպես նաեւ ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթից եւ այլ միջազգային կառույցների փաստաթղթերից:
Մշակութային ժառանգության գործառույթի փոփոխման գործողությունը խախտում է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիա»-ի դրույթները, որի 11-րդ հոդվածով պետությունները պարտավոր են հարգել ժառանգության ոչ նյութական արժեքները անկախ դրանց ծագումից ու գործառույթից: