Ադրբեջանական կողմը տեղեկացրել է, որ նոյեմբերի 11-ի լույս գիշերվանից Գորիս-Կապան ճանապարհի Էյվազլիի հատվածում մաքսային, անձնագրային հսկողություն կիրականացնի նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ բեռների նկատմամբ։ Ադրբեջանը օգոստոսից ճանապարհի այդ հատվածում մաքսային տուրքեր է գանձում իրանցի վարորդներից։
«Հայաստանի քաղաքացիների եւ բեռների նկատմամբ Գորիս-Կապան ճանապարհի Էյվազլիի հատվածում Ադրբեջանի կողմից որեւէ սահմանային հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը»,- կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն աշխատանքային արտահերթ նիստ էր հրավիրել՝ կապված Անվտանգության խորհրդի քարտուղարի եւ ՀՀ վարչապետի հայտարարությունների հետ առ այն, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրվել են մաքսային անցակետեր, ինչը նշանակում է, ըստ Թովմասյանի, որ ՀՀ սուվերեն տարածքի մասին պիտի խոսենք անցյալով եւ չկարողանանք տնօրինել այն: Թովմասյանը նշեց, որ աշխատանքային հրատապ նիստին հրավեր է ուղարկվել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ խմբակցությանը, ինչը, սակայն, մնացել է անպատասխան: Այնուհետեւ հանձնաժողովի նախագահը ներկայացրեց այն 5 հարցադրումները, որոնց հրատապությունն էլ առիթ է դարձել արտահերթ աշխատանքային նիստ հրավիրելու: Հարցադրումներն են.
- Ինչի՞ հիման վրա եք հայտարարել, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում, արդյոք արդեն իրականացվե՞լ է դեմարկացիա եւ դելիմիտացիա, եւ դրա հիման վրա միայն դուք կարող եք նման հայտարարաությամբ հանդես գալ:
- Ի՞նչ իրավական հիմքով է հայտարարվում, որ անցակետը ՀՀ տարածքից դուրս է. ո՞ր քարտեզի հիման վրա:
- Պետական սահմանի փոփոխությունը երբ իրականացվում է, այն իրականացվում է «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ. մենք օրենքով որեւէ փոփոխություն չենք իրականացրել, հետեւաբար սա իրավական տեսանկյունից խնդրահարույց իրավիճակ է:
- Ինչպե՞ս է իրականացվելու ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողության պայմաններում մարդկանց ու ապրանքների ազատ եւ անվտանգ տեղաշարժը:
- Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ Գորիս-Կապան ավտոճանապարհով երթեւեկող քաղաքացիների համար, եւ ինչպե՞ս ենք պաշտպանելու մեր քաղաքացիների կյանքի, ազատ տեղաշարժի եւ հիմնարար այլ իրավունքներ:
Այնուհետեւ ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ՝ մասնավորապես նշելով. «Դատապարտող հայտարարությամբ եմ ուզում հանդես գալ խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված բռնաճնշումների վերաբերյալ, որովհետեւ մարդկանց բերման ենթարկեցին՝ միանգամայն անհավասար ուժ կիրառելով եւ նաեւ անհավասար վերաբերմունք դրսեւորելով խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչը եւս մեկ անգամ արձանագրում է ժողովրդավարությունից մեկ քայլ նահանջը»:
Նշենք, որ նիստին մասնակցում էին «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ոչ ոք ներկա չէր, թեեւ նույնկերպ հրավեր էր ուղարկվել նաեւ նրանց:
Այնուհետեւ նիստին ներկաները իրենց մեկնաբանությունը հնչեցրին առաջադրված հարցադրումների եւ կառավարության հայտարարությունների վերաբերյալ:
«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը նշեց, որ թեեւ իշխանությունը դեռ նոր բան չի ստորագրում, բայց «ժողովրդի ու ԱԺ-ի թիկունքում բանավոր գործարքների է գնում թշնամի երկրի հետ»:
Նույն խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մտահոգություն հայտնեց, որ այս ամենը ինչը համաձայնեցված է եղել ադրբեջանական իշխանությունների հետ. «Պատահական չէ, որ այս հայտարարության հետ միասին եղավ նաեւ հայտարարություն առ այն, որ Տաթեւ-Աղվանի ճանապարհը ասֆալտապատված ..Դա էստրեմալ ճանապարհ է, եւ ես, օրինակ, այնտեղ գնում էի ջիպինգի..»:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ահազանգեց. «Վարչապետի հաստիքին նստածի նախադասությունները ուղղակի պետական դավաճանության մասին խոստովանական ցուցմունք էին»:
Ուշագրավ նկատառում արեց «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանը՝ նշելով. «Եթե «Գուգլ»-ին խնդրեք, որ ձեզ հուշի, թե ինչպես պիտի հասնեք Ճակատեն, ցույց է տալիս, որ դուք պետք է հասնեք 8 ժամ 42 րոպեում՝ կտրելով 451 կիլոմտեր ճանապարհ… Մեր մոտ ինչ-որ մեկը «Գուգլ»-ի ղեկավարության հետ այս հարցը լուծելո՞ւ է… Այս վարչախումբը հետապնդում է մի նպատակ՝ սպասարկել ադրբեջանական շահերը»:
Դաշնակցական Լիլիթ Գալստյանը նշեց, որ «չակերտավոր իշխանությունը խաղաղության կեղծ դիսկուրսով ամենօրյա կործանման է տանում Հայաստանի գոյությունը»:
Նիստն ամփոփեց ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ հայտարարելով. «Ըստ էության, պետք է արձանագրենք, որ փաստացի Հայաստանի սահմանները փոփոխվել են, եւ այս բոլոր գործընթացների համար մենք չունենք որեւէ իրավական հիմնավորվածություն: Եթե Հայաստանում կան ուժային կառույցներ, եթե Հայաստանում կա Գլխավոր դատախազություն, որ սպասարկում է պետական շահը, ապա վայրկյան առաջ պետք է քրեաիրավական բնույթի գնահատական տա այս գործողություններին, որովհետեւ սրանք պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ակնհայտ ոտնձգություններ են»: Թովմասյանը զավեշտալի որակեց Անվտանգության խորհրդի քարտուղարի այն ուղղորդումը, որ քաղաքացիները պիտի վճարեն մաքսակետերում եւ անցնեն՝ նշելով. «Գուցե պարզաբանե՞ն՝ ինչ արտարժույթով, որտեղ ենք վճարելու, Ադրբեջանի օրենսդրությունը մեկնաբանեն, որ ՀՀ քաղաքացիները հասկանան՝ ում ինչքան պիտի վճարեն իրենց տարածքով անցնելու համար..»: Ապա Թովմասյանը մտահոգություն հայտնեց, որ իրավական կազուս գուցե առաջանա նման իրավիճակում. «Իսկ ի՞նչ է լինելու խախտման դեպքում, ինչպե՞ս է ՀՀ քաղաքացին պաշտպանելու իր իրավունքները, ո՞ւմ է դիմելու իր իրավունքների ոտնահարման դեպքերով»: Ամփոփելով նիստը՝ ԱԺ ՄԻՊ նախագահը նշեց. «Խաղաղության օրակարգը չի ձեւավորվում պատերազմի սպառնալիքի տակ, ստիպված: Խաղաղության օրակարգը եթե դուք ունեիք, ուրեմն պետք էր 2018-ին հայտարարել՝ մենք եկել ենք իշխանության խաղաղության օրակարգով, եւ խաղաղության գինը այս է, եւ ասեիք՝ որն է այդ գինը..»:
ՊԵՏՔ Է ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԿՈՇՏԱՑՆԻ
Ադրբեջանում պահվող գրեթե բոլոր հայ գերիները գերեվարվել են պատերազմից հետո, երբ խաղաղապահներն արդեն տեղակայվել էին: Պաշտոնական Երեւանն առայժմ չի ներկայացնում գերիների իր պաշտոնական ցանկը, ինչը չի անում նաեւ Ադրբեջանը։ Միայն հայտնի է, որ 2020 թվականի դեկտեմբերին Արցախի ՊԲ-ն հայտարարություն տարածեց 73 զինծառայողների անհետ կորելու մասին, իսկ հետագայում, ինչպես պարզվեց, նրանք գերեվարվել էին։ Նրանցից միայն մի մասն է վերադարձել Հայաստան, մյուս մասը դեռ Ադրբեջանում է։ Այս համատեքստում ուշագրավ է ՌԴ դիրքորոշումը։ Խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորամիավորումները նախ չպետք է թույլ տային հայ զինծառայողների գերեվարումը, իսկ գերեվարումից հետո գոնե պետք է ձեռնամուխ լինեին նրանց արագ վերադարձին, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համատեղ հայտարարության տակ ստորագրել է նաեւ Ռուսաստանը, սակայն արդեն մեկ տարուց ավելի է անցել, իսկ մենք դեռ գերիներ ունենք։
Անկախ նրանից, թե արդյոք Հայաստանի իշխանություններն անում են հնարավորինը գերիների վերադարձի համար, թե ոչ, ակնհայտ է, որ ռուսական կողմը պետք է իր դիրքորոշումներն ու գործողություններն այս հարցում ավելի կոշտացնի:
ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Սեւակ Համբարձումյանի, բեկանել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին գրավով ազատ արձակելու որոշումը եւ կալանավորման որոշում է կայացրել։ Այս մասին հայտնել է Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։ «Դատարանի ամենախայտառակ որոշումն է։ Ինչպե՞ս կարելի է կալանավորել հինգ անչափահաս երեխա ունեցող, երկրորդ կարգի հաշմանդամ մարդուն, որն ընդամենը դատարան մտնելուց առաջ փորձում էր կարգավորել Գորիս-Կապան ճանապարհի հարակից գյուղերի բնակիչների հարցերը։ Այսպիսի պարագայում առհասարակ պետք է փակել գրավի ինստիտուտը Հայաստանում, կամ էլ գրավը կիրառվում է միայն հանցագործ, քրեաօլիգարխիկ խավերի նկատմամբ»,- նշել է նա։ Պաշտպանի խոսքով՝ Հովսեփյանի կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի։ «Հնարավոր է՝ մաքսակետերի տեղակայման համար են կալանավորել կամ փորձում են կապանցիներին վախեցնել քաղաքապետի ընտրություններին ընդառաջ»,- ընդգծեց Արմեն Մելքոնյանը։ Արմեն Մելքոնյանը հայտնել է, որ որոշումը վիճարկելու են Վճռաբեկ դատարանում. «Իհարկե, հույսը չնչին է, բայց մինչեւ վերջ պայքարելու ենք»։ Հիշեցնենք, որ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1 կետով: Այդ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն եւս 3 անձ, նրանց թվում է նաեւ Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։
ԱՌՈՒՇԱՆՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է
Գորիսում կայացել է նորընտիր ավագանու առաջին նիստը: «Առուշ Առուշանյան» դաշինքը ներկայացել է 13, ՔՊ-ն՝ 7, ՀԱԿ-ը՝ 1 ներկայացուցչով: Նիստը վարել է ավագանու ամենատարեց անդամ Արմենուհի Սոնյանը։ Առուշ Առուշանյանը իրավունքի ուժով ընտրվել է Գորիս խոշորացված համայնքի ղեկավար:
ՄԵՂՐԻԻ ՂԵԿԱՎԱՐ
«Հանրապետություն» կուսակցությունից Մեղրիի համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրված Բագրատ Զաքարյանն ավագանու նիստում 15-ից 8 կողմ ձայնով ընտրվել է Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար: Հիշեցնենք, որ Մեղրի համայնքի կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթել էր «Հանրապետություն» կուսակցությունը՝ ստանալով ձայների 42,8 տոկոսը: Զաքարյանը կուսակցության՝ համայնքի ղեկավարի թեկնածուն էր:
ԵՐԵՎԱՆ-ԿԱՊԱՆ-ԵՐԵՎԱՆ ՉՎԵՐԹՆԵՐ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից հայտ է ստացել՝ Երեւան-Կապան-Երեւան կանոնավոր չվերթներ իրականացնելու մասին։ Չվերթների մեկնարկը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 20-ից շաբաթական երկու անգամ։ Նշենք, որ Կառավարության նոյեմբերի 11-ի նիստում չզեկուցվող հարցերի թվում ներառված էր նաեւ Կապանի ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ի կրած վնասների մարման նպատակով ընկերությանը հատկացնել 49,5 մլն դրամ։ Գործադիրի հիմնավորմամբ՝ ներկա պահին ժամանակավորապես դադարեցված է Կապանի «Սյունիք» օդանավակայանի ֆինանսավորումը, որի հետեւանքով կարող է վտանգվել օդանավակայանի հետագա շահագործումը։ Ընկերության ընդհանուր պարտավորությունների գումարը 2021 թվականի համար կազմում է 49 մլն 508 հազար դրամ, որի մեջ ներառված են ընդհանուր շահագործման ծախսերը, հարկերը, աշխատավարձերը։