ՍՊԱՆՎԵԼ ԵՆ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ՈՒ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի լույս 11-ի գիշերը՝ ժամը 2.45-ից սկսած, մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգեր են ստացվել, որ հրազենային տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է 6 անձ։ Նրանցից 61-ամյա Արտուշ Սիմոնյանն ու 38-ամյա Արթուր Բորյանը, գիտակցության չգալով, մահացել են։ Հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են սպանվածներից Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ 16 տանը։

 

Դեպքի վայր մեկնած ոստիկանության, Քննչական կոմիտեի եւ դատախազության ծառայողները հիշյալ տանը հայտնաբերեցին տարբեր տեսակի հրազեններ՝ 4 ատրճանակ, երկու ինքնաձիգ, 4 տասնյակից ավելի պարկուճ, արնանման հետքեր եւ այլն։ Տան բակում տղամարդկանց դիեր կային։ ArmLur.am-ը մանրամասներ էր հայտնի դարձել, թե ով է կասկածվում Քանաքեռցի Տույի սպանության մեջ: Մեզ հասած լուրերի համաձայն՝ սպանության մեջ կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի որդին, որը բոլորին հայտնի է Տյուշ անունով: Ի դեպ, կրակոցները հնչել են հենց նախկին պատգամավորի տանը: Մեր տեղեկություններով՝ սպանվել է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանը՝ Քանաքեռցի Արտյուշը։ Հիվանդանոց են տեղափոխվել երեք անձ, որոնց մեջ է սպանված ԱԺ նախկին պատգամավորի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը: Հավելենք, որ այս պահին սպանության որեւէ վարկած չի քննվում, քանի որ դեպքի մասնակիցներից 4-ը սպանվել են, իսկ երեքը ծանր վիրավորումներով հիվանդանոցում են: Նշենք, որ Արտուշ Սիմոնյանը 2003թ-ին մեծամասնականով Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանից ընտրվել է ԱԺ պատգամավոր: Անկուսակցական է: 1998-2001թ-ը Հայկական ավիաուղիների կոմերցիոն տնօրենն է եղել: Նշենք, որ Քրեական դատավարության 31-րդ հոդվածը սահմանում է գործի կասեցման հիմքերը, եւ դրա հիշյալ կետի համաձայն՝ գործը կարող է կասեցվել, եթե հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ։

Իսկ ի՞նչ էր եղել: 2018 թվականի հուլիսի 13-ին քաղաքացի Արման Հակոբյանը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում էր տվել, որ 2013թ. Տույ մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը Յուրի Երեմյանի եւ 7-8 տղամարդկանց հետ միասին քրեական հեղինակություն Սարատովի Արտյոմ անունով հայտնի Արտյոմի օգնությամբ իրեն առեւանգել են, 7-8 ժամ պահել անազատության մեջ, ծեծի ենթարկել եւ սպանության սպառնալիքներ տալու միջոցով պահանջել հրաժարվել իրեն պատկանող հացի արտադրամասի իր մասնաբաժնից, որի դիմաց խոստացել են վճարել 150.000 ԱՄՆ դոլար: Ա. Հակոբյանը ստիպված համաձայնել է կատարել վերջիններիս պահանջը, սակայն նրան վճարել են ընդհամենը 10.000 ԱՄՆ դոլար: Արման Հակոբյանի խոսքով՝ 2012թ. դեկտեմբերի վերջ Յու. Երեմյանը իրեն հայտնել է, որ իր կնոջ եղբայր Գեւորգ Անդրեասյանը իրենից պարտքով վերցրել է 60.000 ԱՄՆ դոլար եւ դա վերադարձնելու շուրջ պարզաբանումներ կատարելու համար իրենից պահանջել է հաջորդ օրը գնալ Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի վրա գտնվող «Նաթիոնալ» հյուրանոց: Ինքը հրաժարվել է գնալ՝ պարզաբանելով, որ պատասխանատվություն չի կրում Գեւորգի վերցրած գումարի համար, սակայն Յու. Երեմյանը ասել է, որ իրեն կանչում է քրեական հեղինակություն Արտյոմը, որը հանցավոր աշխարհում հայտնի է Սարատովի Արտյոմ անվամբ:

Հաջորդ օրը Ա. Հակոբյանը պայմանավորված ժամին գնացել է հիշյալ հյուրանոց, որի նախասրահում իրեն դիմավորել են քրեական հեղինակություններ Արտյոմը, որը հանցավոր աշխարհում հայտնի է Սարատովի Արտյոմ անունով, Արթուր Ղազարյանը, ով հանցավոր աշխարհում հայտնի է Տույ մականվամբ, իր գործընկեր Յու. Երեմյանը եւ իր կնոջ եղբայր Գեւորգ Անդրեասյանը: Հյուրանոցում Արտյոմը իրեն ասել է, որ Յու. Երեմյանը այլեւս չի ցանկանում աշխատել իր հետ եւ իրենից պահանջել վերջնահաշվարկ անել ու վճարել Յու. Երեմյանի հասանելիք բաժնեմասի գումարը: Դրանից հետո ինքը Յու. Երեմյանի հետ կատարել է վերջնահաշվարկ, եկել համաձայնության, որ նրա բաժինը կազմում է 120.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, որը ինքը պարտավորվել է վճարել Յու. Երեմյանին: Սակայն Յու. Երեմյանը մտափոխվել է եւ շարունակել են համատեղ աշխատել մինչեւ 2013թ. մարտ ամիսը:

2013թ. մարտի սկզբին Յու. Երեմյանը զանգահարել է իրեն, հրավիրել հացի արտադրամաս՝ իր արտադրամասից դուրս գալու հարցը վերջնական քննարկելու պատրվակով: Երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում ինքը գնացել է հացի արտադրամաս, որտեղ մի քանի րոպե Յու. Երեմյանի հետ խոսելուց հետո ներխուժել են Տույը եւ եւս 7-8 տղամարդիկ: Տույը հայհոյելով հարձակվել է իր վրա, ծեծի ենթարկել եւ պահանջել գնալ իրենց հետ: Ա. Հակոբյանը հրաժարվել է նրանց հետ գնալ, ինչից հետո Տույը այդ տղամարդկանց հետ միասին բռնել են նրա ձեռքերը եւ քաշքշելով ստիպողաբար նստեցրել ավտոմեքենա եւ տեղափոխել Երեւան քաղաքի Թբիլիսյան խճուղիում գտնվող «Լիլիթ» կամ «Լիլիա» անվանումով ինչ-որ հյուրանոց:

Հյուրանոցում Տույը շարունակել է իրեն ծեծի ենթարկել, ասել, որ Յու. Երեմյանը մտափոխվել է, չի ցանկանում դուրս գալ համատեղ գործից, եւ պահանջել իրենից, որպեսզի ինքը դուրս գա համատեղ գործից: Ա. Հակոբյանը հրաժարվել է, ինչից հետո Տույը դանակը դրել է իր պարանոցին, սպառնացել պահանջը չկատարելու դեպքում սպանել: Դրանից հետո Ա. Հակոբյանը ստիպված համաձայնել է, սակայն Տույը իրեն ստիպողաբար շարունակել է պահել եւ ծեծի ենթարկել մինչեւ լուսաբաց: Հաջորդ օրը Ա. Հակոբյանը կնոջ եւ Յու. Երեմյանի հետ միասին նոտարական գրասենյակում արտադրամասը իր ամբողջ գույքով փոխանցել են Յու. Երեմյանի սեփականությանը:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, հեղափոխությունից հետո Տույը պատասխանատվության չենթարկվեց: Ի դեպ, 2021 թվականին մամուլը գրեց, որ պատերազմի ավարտից հետո մի շարք անձինք Արցախի նախագահի հրամանագրով պարգեւատրվել են մարտական զենքով։ ArmLur.am-ին ասացին՝ ցուցումը եղել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ստացվում է՝ իշխանությունները ունեն իրենց ընտրովի քրեական հեղինակությունները, որոնց ազատության մեջ են թողում, պատասխանատվության չեն կանչում, պարգեւատրում են, եւ արդյունքում ունենք այն, ինչ ունենք:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՄԻՊ-Ը՝ ՄԱՔՍԱԿԵՏ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գեւորգյանի արած հայտարարությանը, ըստ որի՝ նախորդ գիշերվանից արդեն ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետ է տեղադրել. «Հրապարակային անակնկալով հանդես եկած պաշտոնատար անձը, որպես ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար, պարտավոր է պարզաբանել, թե [առնվազն]՝

 

  1. ինչպե՞ս է պատկերացնում Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողության պայմաններում մարդկանց եւ ապրանքների ազատ ու անվտանգ տեղաշարժը,
  2. արդյոք գիտակցո՞ւմ է, որ այս գործառույթները ենթադրում են ՀՀ բնակիչների իրավունքների սահմանափակումներ ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից. մարդկանց ենթարկել տուգանքների, հարուցել քրեական գործեր, բերման ենթարկել ու ձերբակալել, ենթարկել խուզարկությունների եւ այլն.
  3. ինչպե՞ս են Գորիս-Կապան ճանապարհով երթեւեկող ՀՀ [հարակից գյուղերի] բնակիչները կամ օտարերկացիները պաշտպանելու իրենց իրավունքները (օրինակ՝ ու՞մ եւ ի՞նչ ընթացակարգերով են դիմելու), եւ ինչպե՞ս է պատկերացնում ադրբեջանական օրենսդրության կիրառումը նրանց նկատմամբ,
  4. ինչպե՞ս է ապահովվելու իրավունքների խախտումներ թույլ տվող ադրբեջանական սահմանային ու մաքսային մարմինների պատասխանատվությունն ու պատիժը:

Հ.Գ. Իրականում, ադրբեջանական զինված ծառայողների, իրավապահ մարմինների ներկայութունն ու առավել եւս նրանց արարքները ՀՀ ճանապարհներին անօրինական են (զուրկ են իրավական հիմքերից) ի սկզբանե: Պետք է ոչ թե հայտարարություններով լեգիտիմացնել նրանց ներկայությունն ու արարքները, այլ աշխատանքներ տանել նրանց հեռացնելու ուղղությամբ»:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մերձավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: 2021թ. հուլիսի 18-ին քաղաքացուց դիմում է ստացվել այն մասին, որ Մերձավան համայնքի ղեկավարը համայնքի բնակիչներ չհանդիսացող մի խումբ անձանց, այդ թվում՝ անչափահասների, տրամադրել է Մերձավանի տարածքում անհատույց հողամասեր ստանալու վերաբերյալ կեղծ քաղվածքներ:  Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք եւ առիթ՝ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին եւ 325-րդ հոդվածի 1-ին մասերով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին եւ ընդունվել վարույթ: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողություններով պարզվել է, որ Մերձավան համայնքի ղեկավարը, 1996 թվականից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, 2007-2008թթ. ընթացքում կեղծ քաղվածքներ է տրամադրել այն մասին, որ Էջմիածնի շրջանային սովետի գործկոմի 29.09.1990թ. որոշմամբ՝ համայնքի բնակիչներ չհանդիսացող անձինք ստացել են տարբեր չափերի տնամերձ հողամասեր, որոնց հիման վրա վերջիններս ՀՀ կադաստրի կոմիտեում հիշատակված հողամասերի նկատմամբ գրանցել են իրենց իրավունքներն ու ստացել համապատասխան սեփականության վկայականներ՝ այդկերպ համայնքին պատճառելով, նախնական տվյալներով, 8.613.000 ՀՀ դրամ գումարի վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ իրականում Էջմիածնի շրջանային սովետի գործկոմի նման որոշում գոյություն չունի, ըստ համայնքի սեփականությունից օգտված անձանց վերաբերյալ գոյություն ունեցող արձանագրության՝ վերոհիշյալ քաղաքացիների անվամբ հողհատկացումներ չեն իրականացվել, իսկ 2006-2010թթ. համայնքային գրքերի զննությամբ հաստատվել է, որ հիշյալ քաղաքացիները նույն համայնքում որպես առանձին ծուխ երբեւէ հաշվառված չեն եղել, եւ նրանց անուններով տվյալ մատյաններում որեւէ տեղեկատվություն առկա չէ: Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու, վերոհիշյալ քրեական գործին միացնելու եւ համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ: Մերձավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

 

 




Լրահոս