«ՆՐԱՆՔ ԳԻՏԵԻՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԱՔՍԱԿԵՏԵՐ Է ԴՆԵԼՈՒ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այո, ճանապարհը գիշերը փակվել է, որ նոր մաքսակետեր տեղադրվեն։ Կար մեկ մաքսակետ։ Երկու ամիս շարունակ ԱԺ ամբիոնից ասում էի, որ շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում, անվտանգության խնդիր կա՞։ Եվ միայն երեկ ԱԽՔ-ն ժամեր առաջ ասում է, թե մաքսակետ են դնելու։ Ո՞ւմ համար։ Մտածե՞լ են, թե այդ ճանապարհով անցնող մարդիկ ինչ անվտանգություն են ունենալու։ ԱԽՔ-ը կարո՞ղ է բացատրել»,-կառավարության դիմաց  Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական մաքսային անցակետերի ապօրինի տեղադրման դեմ բողոքի ցույցի ժամանակ հարցադրումներ է արել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։

 

Նա նշել է. «Այդ ի՞նչ պայմանավորվածությունների արդյունք է։ ԱԱԾ-ն ինձ պատասխանել էր, որ հայկական եւ ռուսական սահմանապահ զորքերի միջեւ տեղի է ունեցել բանավոր համաձայնություն՝ ճանապարհի անխափան երթեւեկությունն ապահովելու համար, բայց այսօր այդ ճանապարհին անվտանգ չեն երթեւեկում։ Կապան-Ճակատեն ճանապարհը, որտեղ ադրբեջանցիներն են, անվտանգ չէ։ Գիշերն անհանգիստ է եղել, հավելյալ տեղեկություններ չեմ կարող այս պահին ասել։ Հանձնեցին մեր սեփական միջպետական ճանապարհը եւ հպարտանում են, որ այլընտրանքային ճանապարհ կա։ Բարձրավանը, Որոտանը եւ Շուռնուխը հայտնվեցին շրջափակման մեջ։ Այդ ճանապարհների այլընտրանքը կառուցված չէ։ Մի տարի առաջ ճանապարհը հանձնեցին եւ մի տարի չէին մտածում, թե ինչ են անելու։ Մի տարի առաջ Սուրեն Պապիկյանին ասացի, պատասխանեց, որ կկառուցեն։ Մի տարի չկառուցեցին»։ Աննա Գրիգորյանի բնորոշմամբ՝ առհասարակ հնարավոր չի լինելու ադրբեջանական մաքսակետերով անցնել. «Այսօր կգնամ այդ ճանապարհով, որպեսզի հասկանամ իրավիճակը։ ՔՊ-ն այսօր Կապանում հավաք է անելու։ Իրենց կառաջարկեի փորձել։ Թող Սուրեն Պապիկյանի՝ Տաթեւով ճանապարհը փակեն, որ պատկերացնի՝ քաղաքացու ճանապարhն ինչպես է անցնելու։ Առանց որեւէ իրավական հիմքի, ադրբեջանցիները մեր տարածքում են, մաքսակետեր են տեղադրում»։

Աննա Գրիգորյանը պնդել է, որ ադրբեջանական մաքսակետերի տեղադրումն անսպասելի որոշում չի եղել. «Արմեն Գրիգորյանն իր խոսքում ասաց, որ մենք էլ ենք աշխատում այդ ուղղությամբ։ Վերջերս էլ՝ ԱԺ-ում փակ նիստի ժամանակ, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարն ինձ ասաց՝ ունեմ կարծիք, բայց չեմ կարող հիմա ասել։ Այսինքն՝ նրանք գիտեին, որ ադրբեջանցիները դնելու են մաքսակետեր։ Երբ որպես պատասխան քայլ հայկական մաքսակետեր ենք դնում, ստացվում է, որ ընդունում ենք, որ այդտեղ է մեր սահմանը։ Դա անթույլատրելի է»։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ի վաղ առավոտյան՝ ժամը 5.30-ին, Կարեն Գրիգորյանին գիշերային հերթափոխից հետո ռազմական ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել տեղաշարժվել դեպի Ճակատեն։ Առավոտյան նա տուն՝ Ճակատեն բնակավայր էր գնում, սակայն ռազմական ոստիկանության աշխատակիցները արգելել են նրա տեղաշարժը՝ նշելով, որ ճանապարհը փակ է։

«Աշխատանքից վերադառնում էի տուն, Կապան-Ճակատեն ճանապարհին ռազմական ոստիկանները կանգնեցրին ավտոմեքենան՝ ասելով, որ հետ գնամ։ Ասացին՝ ճանապարհը ադրբեջանցիները փակել են։ Հարցրեցի պատճառը, ասացին՝ շինարարական աշխատանքներ են կատարում։ Պարզ չէ՝ երբ բաց կլինի», – ասել է Կարեն Գրիգորյանը։ Նշենք, որ, բացի Ճակատենից, այդ ուղղությամբ եւս 4 գյուղ կա՝ Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ։ Ըստ Կ. Գրիգորյանի՝ այլընտրանքային ճանապարհի կառուցումը կիսատ է մնացել, իսկ եթե ճանապարհը չբացվի, ապա ստիպված են Մեղրիով հասնել Ճակատեն։ «Մեղրիով պիտի հասնես Ծավ ու հետո իջնես այդ գյուղերը։ Փաստորեն, մոտ 90-100 կմ ճանապարհ պիտի անցնեմ՝ 10 կմ-ի փոխարեն»,-նշել է Կարենը։

Հիշեցնենք, որ գիշերվանից ադրբեջանցիները մաքսակետեր են տեղադրել Գորիս-Որոտան ավտոճանապարհին։

Ն. Պ.

 

ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՆ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավոր, 2021թ. հոկտեմբերի 20-ին այդ պաշտոնում նշանակված Գեւորգ Պողոսյանի նախագահությամբ դատարանը  նոյեմբերի 10-ին  Բերդ  խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին  մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Հ. Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ մասին 1-ին (պաշտոնեական կեղծիքը) մասերի հատկանիշներով։ Հ. Մանուչարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա  շահերը պաշտպանում է փաստաբան Արման Թամրազյանը։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝  Հ. Մանուչարյանի որդին՝ Անուշավան Մանուչարյանը, շինարարություն է իրականացրել, եւ 5500 մետր սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի հենապատ կառուցելու ընթացքում հենապատը մի քանի մետր համայնքային հողում է հայտնվել։ Հարություն Մանուչարյանը ի պաշտոնե այդ մասին տեղեկացել է 2020 օգոստոսի 27-ին, երբ հողօգտագործման բաժնի պետը, նրա որդու  դիմումի համաձայն, գնացել ու տեղում արձանագրել է, որ հենապատի  մի մասը հայտնվել է համայնքի հողում։ Վարչական վարույթ են հարուցել,  Արցախում պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին, վարչական վարույթը կասեցվել է, այդ ընթացքում վարչական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է։ Ինքնակամ կառույցի մի մասն է համայնքային հողում եղել, այդ  հիմքով ամբողջ կառույցը համայնքը դարձրել է իր սեփականությունը եւ վաճառել կառուցապատողին՝ Անուշավան Մանուչարյանին։ Բացի այն, որ համայնքի բյուջեն գումար է մուտքագրվել, այլեւ այդ հողամասը համայնքից դուրս, ճանապարհին գտնվող, քարքարոտ եւ անպիտան  տարածք է։ Հ. Մանուչարյանի մեղսագրված հոդվածների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրացած են, սակայն դատավոր Գ. Պողոսյանը դա  անտեսել է։ Ինչո՞ւ կալանավորվեց Հ. Մանուչարյանը։ Տավուշի մարզի 4 տարածաշրջաններից 3-ը՝ Իջեւանը, Դիլիջանը եւ Նոյեմբերյանը, ներկայումս  ղեկավարում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  անդամ հանդիսացող, խոշոր համայնքների ղեկավարները, Նիկոլ Փաշինյանը  մտադիր է Բերդ  համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով՝ 2022թ.-ին  Բերդ համայնքի  ավագանու համամասնական  ընտրություններում ապահովել ՔՊ-ի հաղթանակը։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս կողմ է արտահատվել Ադրբեջանի հետ սահմանազատմանը եւ սահմանագծմանը, որոնց հետեւանքով նախկինում ադրբեջանաբնակ անկլավները, այդ թվում՝ Իջեւան-Բերդ ավտոճանապարհին գտնվող անկլավներ Բարխուդարլուն եւ Սոֆուլուն, հանձնվելու են Ադրբեջանին, Իջեւան-Բերդ ավտոճանապարհը հայտնվելու է ադրբեջանական զինուժի անմիջական թիրախում։ Այդ հանձնմանը,  ըստ ամենայնի, փորձելու էր  խոչընդոտել  Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, որի պատճառով էլ կալանավորվեց։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ԹԵՍՏԵՐԻ ԲԱՐՁՐ ԳՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Հայաստանում վաղուց հայկական արտադրության ՊՇՌ թեստեր չկան. մեր հանրապետությունում այժմ կիրառվում են ռուսական, չինական, լեհական, գերմանական արտադրության ՊՇՌ թեստերը, որոնց մի մասը կա՛մ գնվել է, կա՛մ էլ նվիրել են։

 

Կհիշեք՝ 2020 թվականի ապրիլին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերներից մեկով շտապեց տեղեկացնել, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համար 550 հազար դոլարի չափով հատկացում է կատարվել, որպեսզի թեստերի արտադրություն իրականացվի: «Մենք խնդիր ենք դրել, որպեսզի օրական թեստերի քանակը դարձնենք 1000, այսօր օրական թեստերը տատանվում են 200-400, բայց մենք խնդիր ենք դրել այս շաբաթվանից օրը 1000 թեստ անել: Գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում ենք տեղական թեստերի ստեղծելու հարցը»,- հայտարարել է վարչապետը: Քննարկվեց հարցը, ստեղծվեցին հայկական արտադրության ՊՇՌ թեստերը, բայց ամիսներ անց Հայաստանը դարձավ ոչ թե թեստ արտադրող, այլ ներմուծող երկիր:

ArmLur.am-ը այս թեմայի շուրջ զրուցեց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ: «Մենք իրականացնում էինք ոչ թե առեւտրային արտադրություն, այլ ծրագիր: Անցյալ տարի այս ժամանակները շատ ծանր իրավիճակում՝ ե՛ւ թեստերի քանակի, ե՛ւ հասանելիության պարագայում ապահովել Հայաստանին անխափան թեստավորման հնարավորությունը: Մենք իրականացրեցինք այդ ծրագիրը, մատակարարեցինք խոստացած 100 հազար թեստը, որը օգտագործվեց, եւ դրանք ավարտվեցին 2020 թվականի դեկտեմբերին»,- ներկայացրեց Առաքելյանը:

Տեղեկացնենք, որ այսօր տեղական բուժկենտրոնները թեստերը ձեռք են բերում բավականին մատչելի գնով. խոսքը 850- 3000 դրամի մասին է, բայց այն իրացվում 8 000-15000 դրամով։

Բայց մասնագետն ասում է, որ թեստերի ինքնարժեքը շուկայական թեստավորման արժեքի հետ կապելու իմաստ չկա:

«Պետք է հասկանալ՝ ինչու է շուկայում նման գինը, բայց գները թելադրում են մասնավոր թեստավորող լաբորատորիաները»,- նկատեց մասնագետը:

Այնուամենայնիվ, ArmLur.am-ը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանից հետաքրքրվեց, թե ինչն է ծրագրի դադարեցման պատճառը:

Արսեն Առաքելյանը խորհուրդ տվեց հետաքրքրվել կառավարությունից՝ նշելով. «Բայց ես կարող եմ ասել՝ մեր կողմից նպատակ չի դրվել ունենալ արտադրություն, որովհետեւ մենք մեր բնույթով գիտահետազոտական կենտրոն ենք, ոչ թե արտադրող հիմնարկ: Մենք արտադրամաս չենք, ֆարմա կամ կենսատեխնոլոգիական ընկերություն: Ես գտնում եմ, որ նմանատիպ թեստերի, դեղամիջոցի արտադրություն պետք է իրականացվի համապատասխան ոլորտի բիզնես ընկերությունների կողմից: Մեր ցանկությունն էր ի սկզբանե դրա տեխնոլոգիան մշակել եւ տրամադրել ինչ-որ մի ընկերության, որը դրանով կզբաղվի: Այն, որ հիմա ոչ մի հայկական ընկերություն չի արտադրում ՊՇՌ թեստեր, դա կարող է խոսել այն մասին, որ այսօր կենսատեխնոլոգիական տնտեսական ոլորտը թերզարգացած է»:

Բայց, մյուս կողմից, կառավարությունն իր հերթին հաշվարկներ է կատարել եւ պարզել, որ ավելի ձեռնտու է թեստ ներմուծել, քան արտադրել, քանի որ այն թանկ է արժենում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 




Լրահոս