Լուսանկարն արվել է Արագածոտնի մարզում
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Գեղազնիկ Հ.-ն իր վարած Honda Elysion մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում դեպի Երեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ծառին եւ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ովքե՞ր ունեն նախկին ԽUՀՄ Խնայբանկի ՀԽUՀ hանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք:
Հրաչուհի Կիրակոսյան (46 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախկին ԽUՀՄ Խնայբանկի ՀԽUՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք ունեն մինչեւ 1936 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված, ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող, ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաեւ այդ համայնքներից զորակոչված, 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձինք հաշվառման նպատակով պետք է դիմեն իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե ինչ փաստաթղթեր են ներկայացվում ծննդյան պետական գրանցման համար:
Գայանե Միրզոյան ( 39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ծննդյան գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել՝
1) ծննդյան մասին բժշկական փաստաթղթի քաղվածքը,
2) եթե երեխայի ծնողները ամուսնության մեջ են, ապա ծնողների ամուսնության պետական գրանցումը հավաստող փաստաթուղթը կամ ամուսնության ակտային գրանցման տվյալները,
3) երեխայի ծնողի մահվան դեպքում՝ մահվան պետական գրանցումը հավաստող փաստաթուղթը կամ մահվան ակտային գրանցման տվյալները,
4) երեխայի ծնողների ամուսնալուծության դեպքում՝ ամուսնալուծությունը հավաստող փաստաթուղթը կամ ամուսնալուծության ակտային գրանցման տվյալները,
5) երեխայի ծնողների անձը հաստատող փաստաթղթերը:
Բժշկական հաստատությունից դուրս եւ առանց բժշկական օգնության տեղի ունեցած ծննդի դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված փաստաթղթի, դիմողը ներկայացնում է նաեւ՝
1) երեխայի մոր անձը հաստատող փաստաթուղթը,
2) երեխայի կենսաբանական մայր հանդիսանալու ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշումը,
3) երեխայի տարիքն ու սեռը հաստատող փաստաթուղթը՝ տրված բժշկական կազմակերպության կողմից կամ երեխայի գտնվելու (բնակվելու) վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կողմից:
- Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների միջոցով տեղի ունեցած ծննդի դեպքում ներկայացվում են նաեւ փոխնակ մոր հետ կնքված պայմանագիրը եւ ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշումը:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծննդի պետական գրանցմամբ երեխային տրվում է նրա առաջին փաստաթուղթը, որի միջոցով երեխան օգտվում է իր իրավունքներից՝ բժշկական ծառայություններից, միանվագ նպաստից, սոցիալական տարբեր ծրագրերից եւ այլն: