«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն անցկացվելու է նոր ձևաչափով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի (ՀՀՀ) Ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի անցկացվելու է նոր ձևաչափով: Հայաստանում այն կհեռարձակվի նոյեմբերի 25-ին, տեղական ժամանակով 18:00-ին Հանրային հեռուստատեսության եթերով և կտևի շուրջ 3 ժամ, որի ընթացքում հենց Հիմնադրամի թիմը կներկայացնի 2020-21 թվականներին իրականացված լայնածավալ ծրագրերը Հայաստանում և Արցախում: Այս մասին հայտարարությամբ տեղեկացրել է ՀՀՀ գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

«Հեռուստամարաթոնն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի նաև Հանրային հեռուստաընկերության կայքէջում: Ավելի ուշ այն նույնպես կհեռարձակվի արբանյակային կապով, իսկ նոյեմբերի 25-ից հետո հասանելի կլինի նաև Հիմնադրամի կայքէջում:

Հավատարիմ մնալով ավանդույթներին՝ 24-րդ Հեռուստամարաթոնը կանցկացվի նաև Լոս Անջելեսում, տեղական ժամանակով 16:00-ին:

Լիահույս ենք, որ կկարողանաք միանալ մեզ և տեսնել, թե ինչպես են Հիմնադրամի շնորհիվ բարելավվել մեր հազարավոր հայրենակիցների կյանքերը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայկակ Արշամյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունից նաև շնորհակալություն է հայտնել յուրաքանչյուրին ներդրած ջանքերի և հայրենիքին ցուցաբերած շարունակական աջակցության համար: «Արցախում և Հայաստանում իրականացվել են ռազմավարական նշանակություն ունեցող մեծածավալ ծրագրեր, ինչը հնարավոր է դարձել միայն ձեր՝ մեր աշխարհասփյուռ աջակիցների ջանքերի և հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրումի շնորհիվ»,- ընդգծել է նա:




Լրահոս