ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կրկին անդրադարձել է Ադրբեջանում ապօրնաբար պահվող հայ գերիների խնդրին:
«Ադրբեջանական վերջին հարձակումներից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է գերեվարված ՀՀ զինծառայողների վերաբերյալ տեսանյութերի ուսումնասիրություն, ադրբեջաներենից թարգմանություն ու նույնականացում։ Այս պահին խոսքը 21 տեսանյութի և 6 լուսանկարի մասին է: Մենք կապի մեջ ենք գերության մեջ գտնվող ՀՀ զինծառայողների ընտանիքների հետ։
Այս աշխատանքներից հետո նշված նյութերը՝ որպես հավաստի ապացույցներ, պատշաճ կհետազոտվեն և կփոխանցվեն ինչպես միջազգային, այնպես էլ հայաստանյան կառույցներին՝ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձին հարցում օգտագործելու համար: Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ զինծառայողի կամ քաղաքացիական անձի գերության մեջ լինելու փաստը պետք է արձանագրել այն պահից, երբ, օրինակ, տեսանյութով պարզվում է, որ նա ադրբեջանական զինված ուժերի կամ իշխանությունների վերահսկողության ներքո է: Այս դեպքում չհաստատելը նրանց չի ազատում պատասխանատվությունից:
Նախկինում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ տեսանյութերով հաստատվել է գերության փաստը, բայց ադրբեջանական իշխանությունները դա չեն հաստատել»,- գրել է Թաթոյանը: