«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը որոշել է այսօր մամուլի ասուլիս տալ: Սակայն ոչ թե լրատվամիջոցների հետ դեմ առ դեմ հանդիպման ու «կենդանի» շփման միջոցով, այլ իր սիրելի Ֆեյսբուքով: Այդ մասին երեկ գրել է Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ ֆեյսբուքյան իր էջի եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին: Սոցցանցերում շատերն էին արձանագրում, որ Փաշինյանը փաստացի գնում է ընտրված, իրեն հաճելի հարցերով «ասուլիս» կազմակերպելու ճանապարհով:
Բանն այն է, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, հարցուպատասխանի տևողությունը կլինի 1,5-ից 2 ժամ: Եթե հաշվի առնենք, որ Փաշինյանը յուրաքանչյուր հարցի պատասխանում է «ծամծմված», երկարաշունչ, թեմայից թեմա նետվելով, ինչպես ասում են, вокруг да около, պետք է ենթադրել, որ նա հազիվ կարողանա պատասխանել 10-15 հարցի: Այնինչ, երեկ մինչ երեկո նրա գրառման տակ 1000-ից ավելի արձագանք կար: Ու թեպետ հստակ նշված էր, որ պատասխանելու է լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին, արձագանքների մեծ մասը քաղաքացիների կողմից էր: Ընդ որում, դրանք դժվար է նույնիսկ հարց անվանել:
Նախ՝ ակնհայտ էր ուղղորդված, կազմակերպված արձագանքների բավականին մեծ քանակը՝ «մեր փրկիչ», «մեր սիրելի վարչապետ» ստանդարտ ոճի մեջ: Իսկ ընդհանուր առմամբ, գերակշռում էր «ե՞րբ եք հեռանալու» հարցը՝ ամենատարբեր ձևակերպումներով: Ի դեպ, մենք ունենք տեղեկություններ, որ շուտով կարող է հրապարակվել «100 փաստ», բայց այս անգամ ոչ թե Նիկոլ Փաշինյանի հեղինակությամբ, այլ ընդդիմադիր շրջանակների: Խոսքը Փաշինյանի ու իր կառավարության ձախողած «100 փաստի» մասին է: Մեր աղբյուրները փոխանցում են, որ դրա հրապարակումը ձգձգվում է այն պատճառով, որ դեռ չեն կարողանում բոլոր ոլորտներում ձախողումների հազարավոր փաստերից ընտրել ամենաակնառու 100-ը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում